Մեր դպրոցի լոգոպեդ Արուսիկ Մարաբյանը կիսվում է իր խորհուրդներով, թե ինչպես պետք է երեխաներին նախապատրաստել դպրոցին։
Շուտով սեպտեմբերն է և ծնողների մեծ մասը մտածում են, ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին, որպեսզի ուսումնական գործընթացում դժվարություններ չունենան։
Փորձը ցույց է տալիս, որ կա ծնողների մի խումբ, որոնք մտածում են` երեխան դպրոցում ամեն ինչ կսովորի և չեն կարևորում նախնական պատրաստվածությունը։ Կան նաև այնպիսի ծնողներ էլ, որոնք մինչ դպրոց գնալը արդեն իսկ երեխային սովորեցնում են առաջին դասարանի գրեթե ամբողջ ծրագիրը։
Ո՞րն է ճիշտ, ինչպե՞ս գտնել ոսկե միջինը, որն իրոք կապահովի երեխայի տարիքին համապատասխան, ներդաշնակ զարգացում, առանց վնասելու երեխային, առանց գերծանրաբեռնելու նրան և միաժամանակ կզինի այնպիսի գիտելիքներով, հմտություններով և կարողություններով, որ երեխան պատրաստ և հմուտ լինի յուրացնելու և ընկալելու ուսուցանվող նյութն ու ուսումնական բարդ գործընթացը։
Այժմ նշեմ երեխայի դպրոցին պատրաստ լինելու անհրաժեշտ կետերը.
- Տարրական պատկերացում ունենա շրջակա միջավայրի մասին, կարողանա ճանաչել և խմբավորել առարկաները ըստ իրենց նշանակության (ընտանի֊վայրի կենդանիներ, միրգ֊բանջարեղեն, տարվա եղանակներ…), ունենա տարրական մաթեմատիկական պատկերացումներ։
- Մանր մոտորիկայի զարգացում, որն առաջին նախապայմանն է ձեռքը գրչին նախապատրաստելու և միաժամանակ զարգացնելու խոսքը, քանի որ գլխուղեղում այդ երկու կենտրոններն իրար մոտ են գտնվում և մեկի զարգացումը նպաստում է մյուսի զարգացմանը։ Մանր մոտորիկայի զարգացմանն ուղղված խաղեր և գործնական առաջադրանքներ նույնպես կներկայացնեմ, որով կարող եք զարգացնել երեխայի ձեռք ֊ աչք կոորդինացիան, տեսատարածական պատկերացումները, կողմնորոշումը վանդակավոր թղթի վրա և ձեռքը գրչին նախապատրաստելու հմտությունը ։
- Հոգեկան մի շարք ֆունկցիաների զարգացում
- Ուշադրություն
- Հիշողություն
- Մտածողություն
- Տեսատարածական պատկերացում
- Վերլուծություն ֊ համադրություն կատարելու կարողություն
- Տրամաբանություն
- Երևակայություն
Այս ֆունցիաները զարգացնելով` մենք ապահովում ենք երեխայի լիարժեք պատրաստվածությունը։ Այս ոլորտները զարգացնելով` երեխան առանց դժվարության կընկալի ամբողջ ուսումնական նյութն ու ծրագիրը, գրաճանաչության գործընթացը, ընթերցանությունը, մաթեմատիկական կարողությունները, և արդյունքում չենք կորցնի ամենակարևոր բանը` հետաքրքրությունը, որը միշտ պետք է լինի դոմինանտ, որպեսզի խթանի, մոտիվացնի երեխային և ուրախությամբ ու սիրով լցնի դեպի դպրոցն ու ուսումը։ Այս թեմայով գործնական խաղեր և առաջադրանքներ նույնպես կներկայացնեմ։
- Սոցիալական հմտությունների զարգացում, սոցիալիզացում, ինքնուրույն դրսևորվելու և որպես կոլեկտիվի մի մասնիկ հանդես գալու կարողություններ
- Ունենա պարզ և հստակ կապակցված խոսք` շարահյուսորեն և քերականորեն ճիշտ կառուցված։ Կարողանա բոլոր հնչյունները ճիշտ արտաբերել, քանի որ ինչպես սխալ ասում է հնչյունը, այդպես էլ կարող է գրել և ունենա գրավոր խոսքի դժվարություններ։ Ըստ նկարի կազմել նախադասություններ, պատմել, վերապատմել հեքիաթը, օրվա իրադարձությունները։
Այսպիսով, սիրելի՛ ծնողներ, եթե ձեր նպատակը իրապես երեխայի ներդաշնակ զարգացումն ապահովելն է, ապա բնավ էլ պարտադիր չէ նախապես գրել, կարդալ սովորեցնելը։ Դրա փոխարեն առավել կարևոր է մտածող և տրամաբանող երեխա դպրոց ուղարկելը։