Հարգելի դպրոցական համայնք, այս՝ 2025-2026թթ․ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Եթե ունեք 1-ին դասարան ընդունվող երեխա, ապա եղեք ուշադիր և ըստ ժամանակացույցի կատարեք ստորև ներկայացված քայլերը․
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման բուն գործընթացը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։
Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 5-ից սկսած՝ կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։
Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։
Առաջին փուլ
Հունիսի 9-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։



Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը: Նշված խմբի երեխաների հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:
Երկրորդ փուլ
Հունիսի 24–ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի), երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են երեխային հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարանում)։
Երրորդ փուլով
Հուլիսի 1-ից հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար. այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է:
Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Նյութի աղբյուրը՝ ԿԳՄՍ նախարարություն
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՀԱՅՏԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Եթե ձեր երեխային էլեկտրոնային համակարգի միջոցով արդեն հայտագրել եք մեր դպրոցում 1-ին դասարանում և հայտագրման ավարտին տեսել եք «Ձեր երեխան հայտագրված է» ծանուցագիրը, ուրեմն անհանգստանալու առիթ չկա․ ձեր երեխան հայտագրված է:
Սակայն անհրաժեշտ է 1-ին դասարան հայտագրված երեխայի գործերը դպրոցին փոխանցել հունիսի 26-ից սկսած մինչև օգոստոսի 31-ը, ժ․ 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում։
Ծանուցում՝
Յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ երեխային հաստատություն ընդունելու մասին գրավոր դիմումը ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից հաստատություն չներկայացվելու դեպքում երեխայի հաստատություն ընդունվելու հայտը չեղարկվում է։
Գործերը հանձնելիս անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը.
1. Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճեն (սոցքարտի համար);
2․ 3 x 4 չափի 2 լուսանկար;
3. Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակ և պատճեն;
4. Ծնողներից մեկի անձնագրի պատճեն։
Բարի գալուստ Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց 🙂