Տարրական դասարանների դասվար Լուսինե Խաչատրյանը ներկայացնում է դիդակտիկ խաղերի դերն ու կարևորությունը աշակերտների մոտ կրթական որոշ դժվարությունների հաղթահարման համար
Դպրոցի նպատակներին և խնդիրների փոփոխմանը զուգընթաց, բնականաբար, փոխվում են նաև ուսուցման մեթոդներն ու միջոցները:
6- 6.5 տարեկան երեխաների մուտքը դպրոց ենթադրում է ուսուցման մեթոդների շարքում տեսնել բազմազան խաղեր, որոնք պետք է համապատասխանեն այդ տարիքի երեխաների հոգեբանական առանձնահատկություններին և բավարարեն նրանց ուսումնական պահանջները: Այդ նպատակով կիրառվող խաղերը լինում են շարժուն, դերային և դիդակտիկ:
- Շարժուն խաղերում անհրաժեշտ է նկատառել մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունը:
- Դիդակտիկ խաղերի համար առաջնային են մտավոր կարողությունները:
- Դերային խաղը օգտագործվում է այն ժամանակ, երբ առաջին դասարանում հանգստի ժամին ընթերցվում է ինչ-որ հեքիաթ։ Ուսուցչուհին ընթերցում է հեքիաթը` օգտագործելով իր դերասանական կարողությունները, երեխաներին հանձնարարվում են դերերը և կատարվում է դերային խաղը հեքիաթի միջոցով։
Խաղի ընթացքում մանկան երևակայությանը միանում են նաև գիտական մոտեցումները, և աշակերտներն իրենց դրսևորում են անկաշկանդ ու բաց՝ գիտելիքների առջև:
Խաղը կարելի է անվանել աշխարհի ութերորդ հրաշալիք, քանի որ այն օժտված է հսկայական դաստիարակչական, կրթական և զարգացնող հնարավորություններով: Խաղի ընթացքում մեզ շրջապատող աշխարհի, տարբեր առարկաների ու երևույթների մասին մասնակիցները ստանում են բազմաբնույթ տեղեկատվություն: Խաղը զարգացնում է երեխաների դատողունակությունը և առարկաների հատկությունները որոշելու հմտությունները: Նախ և առաջ պետք է հատուկ և միանշանակ ձևակերպվի խաղի նպատակը, սահմանվեն խաղի օբյեկտները և խաղատարածքը:
Այս ամենից բացի՝ գործնականում անհրաժեշտ է այս կամ այն կերպ սահմանափակել խաղի ժամանակը: Այլապես՝ լավագույն դեպքում խաղը կվերածվի ձանձրալի զբաղմունքի, վատագույն դեպքում կդառնա անիմաստ գործողությունների շարան։ Երեխաները, խաղով տարված, չեն նկատում, որ սովորում են նորը, կարողանում կողմնորոշվել անսովոր իրադրության մեջ, հարստացնում իրենց պատկերացումներն ու հասկացությունները։ Անգամ ամենապասիվ աշակերտները մտնում են խաղի մեջ մեծ ցանկությամբ՝ օգտագործելով բոլոր ուժերը, որպեսզի խաղի ժամանակ ընկերներից հետ չմնան։ Խաղն ուսուցչից պահանջում է մեծ վարպետություն:
Դասն արդյունավետ է, երբ ոչ թե դասարանն է յուրացրել նյութը, այլ յուրաքանչյուր աշակերտ:
Դիդակտիկ խաղերն ստեղծվել են մանկավարժության կողմից՝ երեխաներին ուսուցանելու և դաստիարակելու նպատակով: Դրանք նպատակաուղղված են կոնկրետ խնդիրների լուծմանը, և միևնույն ժամանակ դրանց մեջ առկա է դաստիարակչական և զարգացնող ներուժ:
Ուսուցման սկզբնական փուլում հիմնական դժվարությունը երեխայի անսովոր լինելն է դպրոցական գործունեությանը: Նա պետք է կարողանա ընդունել աշակերտի իր նոր դերը և հարաբերությունների մեջ մտնել ուսուցչի ու մյուս աշակերտների հետ: Դիդակտիկ խաղերը նպաստում են տվյալ դժվարությունների հաղթահարմանը: Դրանք պետք է կազմակերպել այնպես, որ ծառայեն ոչ միայն որպես առանձին գիտելիքների և ունակությունների ուսումնասիրման ձև, այլև նպաստեն երեխայի ընդհանուր զարգացմանը: Տարրական դասարաններում շշուկով, ցածրաձայն կամ մտքում կարդալը ծրագրային պահանջ չէ և բավականին բարդ է երեխայի համար. հնարավոր է, որ նա ուշադրությունը շեղի, չկարողանա կենտրոնանալ, վերահսկել ինքն իրեն: Իսկ դիդակտիկ խաղերի միջոցով երեխան կամա թե ակամա սովորում է շշուկով կարդալ, կենտրոնանալ, որովհետև տվյալ դեպքում կարդալը ոչ թե նպատակ է նրա համար, այլ միջոց ՝ հետաքրքրաշարժ բառախաղի պահանջը հասկանալու և միաժամանակ իր հետաքրքրությունը բավարարելու համար: Եթե ուրախ տրամադրությամբ է սովորում երեխան, առավել լավ է ստացվում արդյունքը:
Երեխաների խոսքի և ընթերցանության հմտության ձևավորման բացը լրացվում է խաղերի միջոցով:
<<Խաղը նրա՝ մանուկ մարդու բնական, օրգանական պահանջ է, նրա էությունն է։ Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, դա նրա ձևն է, դա նրա մեթոդն է։ Եվ ամեն բան, ինչ տրվում է խաղով, ուրախությունով, ընդունվում է, հեշտ էլ յուրացնում՝ առանց ձանձրանալու, առանց հոգնելու>>:
Հովհաննես Թումանյան