Yerkir.am լրատվականի անդրադարձը / Աղբյուրը
Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում փետրվարի 1-ը հիշարժան ու նշանակալից օր էր։ Դպրոցն առանձին անկյուն ունեցավ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած շրջանավարտների հիշատակին։ Հերոսի անունը կրող ուսումնական հաստատությունը վերջին պատերազմին տվեց 8 զոհ, մեկ սան էլ զոհվել էր Ապրիլյան քառօրյա պատերազմում։ Հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հերոսները «ամփոփվել են» մեկ վայրում՝ «փառքի դասասենյակում»։
Դասասենյակի բացմանն անմիջապես հաջորդեց «Կյանք արժեցող խաղաղություն» խորագրով միջոցառումը, որին ներկա էին զոհված տղաների ծնողները, դասընկերները, ազատամարտիկներ, դպրոցի՝ պատերազմին մասնակցած շրջանավարտներ։
Այս դպրոցում սաների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնող միջոցառումներ հաճախ են կազմակերպվում, սա միակը չէր։ Դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը շեշտեց՝ այս միջոցառումն ապագայի ուղերձ է, որտեղ լաց չկա, այնտեղ հավատ է: «Մեր մայրերին ուզում ենք ասել՝ իրենց կողքին ենք եւ հավատում ենք հայրենիքի ապագային: Այս դպրոցի աշակերտները մեծացել են հայրենասիրական ոգով: Այն հպարտությունը, որ իրենց ավարտական վկայականներում գրվում է Արմեն Հովհաննիսյանի անունը, նրա հերոսացման ուղին նրանց հայրենասիրական դաստիարակության վրա թողնում են իրենց հետքը»,- ասաց նա:
Որպես իր խոսքի վկայություն՝ Նունե Մանուկյանը վկայակոչեց դպրոցի բակում տեղակայված հուշաքարերը, որոնք հուշում են՝ ոչ մի ժամանակաշրջան չի անտեսվել: «Դպրոցի բակում կանգնած առաջին հուշաքարը նվիրված է 1991-1994 թթ․ զոհված սաների հիշատակին, հաջորդը նվիրված է 44-օրյա եւ Ապրիլյան պատերազմների ժամանակ զոհված տղաների հիշատակին»,-նշեց նա:
Դպրոցի բեմը վերածվել էր իսկական «մարտադաշտի»։ Բանակային կյանքից մի կտոր բեմականացվեց՝ պատմական դրվագը պատերազմից առաջ էր՝ խրամատում, հնչում էին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի խոսքերը: Ներկաները ցավով հիշում էին հայ քաջորդիներին, որոնք զոհվեցին հանուն մի բուռ դարձած հայրենիքի։ Միջոցառման ժամանակ զոհված հերոսների ծնողները պարգեւատրումների արժանացան՝ հայրենիքին նվիրյալ զավակներ տալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան