Մեր դպրոցում իրենց նախաձեռնությամբ հետաքրքիր կրթական ծրագիր իրականացրեցին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ / Faculty of Art Education ASPU -ի «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները «Արվեստի փիար մենեջմենթ» առարկայի և ՀՊՄՀ-ի 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ նվիրված «Էրեբունի-Երևան 2022»-ին։
Կրթական ծրագիրը կոչվում էր «Էրեբունուց Երևան» և բաղկացած էր 4 փուլից, որն իրականացվեց 1 ամսվա ընթացքում։ Մեր դպրոցում արդեն պրակտիկա անցնող Կերպարվեստի բաժնի ուսանողների կողմից ծրագրին մասնակցելու համար նախապես ընտրվել էին 4բ և 4դ դասարանները, դասղեկներ` Գ. Գասպարյան և Լ. Աղեկյան։
Ուսանողներ Լիլյա Գրիգորյանը, Իզաբելա Զաքարյանը, էմիլիա Դադյանը և Գայանե Հակոբյանը նախ դասարանների հետ իրականացրեցին ինտերակտիվ դասախոսություններ «Երևանի պատմության էջերով» և «Երևանի հուշարձանները» թեմաներով, որտեղ ներկայացրին Երևանի անցյալը և մերօրյա փոփոխությունները։
Այնուհետև լսածն ու սովորածն աշակերտներն ամրապնդեցին` այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ քվեստի միջոցով գտան թաքնված գանձն ու ստացան իրենց հարցերի պատասխանները։
Ծրագրի 3-րդ մասում աշակերտներին հանձնարարվեց նկարել նկարներ «Երևանիս ապագան» թեմայով, որի ընթացքը վերահսկեց կերպարվեստի ուսուցչուհի Մ. Հայրապետյանը։
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ աշխատեցին և նրանց` թվով 50-ից ավել նկարները ներկայացվեցին մեր դպրոցում կազմակերպված «Ապագա Երևան» խորագիրը կրող ցուցահանդեսին, որով էլ ամփոփվեց ծրագիրը։
Շնորհակալություն ենք հայտնում ծրագիրը հեղինակած ուսանողներին, որոնք մեծ սիրով և պատրաստակամությամբ իրականացրեցին այս ծրագիրը մեր դպրոցի աշակերտների հետ, հաջողություն ենք մաղթում նրանց իրենց ապագա կրթական և մասնագիտական ոլորտում` հույս հայտնելով, որ մեզ հետ իրականացրած այս նախագիծը նրանց համար արդյունավետ փորձառություն կլինի ապագայում նորանոր հաջողված ծրագրեր իրականացնելու համար
Վստահ ենք, որ այս ծրագրից հետո մեր աշակերտները էլ ավելի շատ սիրեցին մեր մայրաքաղաք Երևանը