Ամանորի հրաշքը պետք է հասնի բոլո~ր-բոլո~ր մանուկներին` անգամ սահմանապահ գյուղերի երեխաներին, որոնց դժվարահասու է տոնական մայրաքաղաքը։
Ուստի 2022-2023 թվականի Ամանորին ևս մենք դպրոցական համայնքով դարձանք Ձմեռ Պապ, այս անգամ` Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի գյուղի դպրոցի համար
Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց -ի աշակերտները բարեգործական կազմակերպության աջակցությամբ 2-օրյա այցելությամբ Երևան էին այցելելու, իսկ գյուղի միակ դպրոցում աշխատող և տարբեր տեղերից եկող ուսուցիչների երեխաները մնալու էին գյուղում։ Ուստի` այդ դպրոցի ուսուցչուհի Հերմինե Դիլանչյանի հետ որոշեցինք նվերներ պատրաստել հենց այդ երեխաների համար, որոնք չէին կարողանալու այցելել Երևան և Ամանորին ընդառաջ նվերներ չէին ստանալու։
Այսպիսով` մենք անվանական նվերների տուփեր պատրաստեցինք ուսուցիչների 23 երեխայի համար։
Ամանորին ընդառաջ Ներքին Խնձորեսկի դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին կարճ այցով հյուրընկալեցինք մեր դպրոցում, փոքրիկ շրջայց անցկացրեցինք իրենց ծանոթ «Ոսկի դպրոցում» և նրանց փոխանցեցինք նվերները` մեր անունից մյուս երեխաներին հասցնելու համար, ինչի համար անչափ շնորհակալ ենք
Շնորհակալ ենք նաև, որ դժվարությունների գնով ամեն օր պահում և ապրեցնում եք սահմանային գյուղերը
Շատ-շատ հուսով ենք, որ մեր կողմից այս փոքրագույն ուշադրությունը կտաքացնի մայրաքաղաքի լույսերից ու ճոխությունից հեռու` սահմանին ապրող փոքրիկների սրտերը և նրանց համար փոքրիկ ամանորյա հրաշք ստեղծելու միջոց կդառնա։ Որովհետև հավատացած ենք, որ Ամանորի խորհուրդը հենց սա է` միմյանց սեր, բարություն և ուշադրություն պարգևելը
Անչափ-անչափ շնորհակալ ենք մեր մեծ, միասնական և միմյանց օգնելու պատրաստակամ դպրոցական համայնքին` մեր ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին, որոնք անմիջապես արձագանքեցին նախաձեռնությանը և շատ արագ պատրաստեցին նվերները
Ձեր մեծահոգությունն ու նվիրատվությունն այնքան շատ էր, որ մենք կարողացանք փոքրիկ ամանորյա հուշ-նվերներ փոխանցել նաև դպրոցի բոլոր ուսուցիչներին և աշակերտներին։
Մեր ամանորյա նվերները հասան իրենց հասցեատերերին` սահմանապահ Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի ուսուցիչների երեխաներին Նրանք մեզ գրում են, զանգում են և մեզ հետ կիսվում են իրենց ուրախ պահերով, ինչի համար անչափ շոյված ենք և շնորհակալ ենք
Հենց այս գրառումով էլ ցանկանում ենք ամփոփել տարին` հուսալով, որ այս նախաձեռնությամբ կարողացանք դպրոցի ամենամեծ դասը սովորեցնել մեր աշակերտներին` մերձավորի հանդեպ լինել հոգատար ու կարեկից, կարողանալ ընկերություն անել և նվիրաբերել
Թո~ղ մեր և աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկրում, թո’ղ բաց լինեն կյանքի բոլոր ճանապարհները, թո’ղ երջանկությունը լինի բոլոր ընտանիքներում, թող մարդիկ կարողանան լիաթող ծիծաղել և ուրախանալ
Թո~ղ շնորհավոր լինի բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը