Մեր դպրոցն այս տարի կրկին հյուրընկալվեց «Վարդանանք» կրթահամալիր-ում, որի ջանքերով արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» աշակերտական աշխատաժողովը, որին մասնակցում են Երևանի պետական և ոչ պետական դպրոցներ իրենց հետազոտական աշխատանքներով, և որն ամեն անգամ կրթական տոնի է վերածվում
Մեր դպրոցի կողմից աշխատաժողովին մասնակցեցին ֆիզիկայի ուսուցչուհի Լիանա Մաթևոսյանը և իր 4 աշակերտները` Սառա Տիրացվյան /9ա/, Սոֆի Մխիթարյան /8գ/, Նարե Իսպիրյան /8բ/, Գևորգ Գևորգյան /7դ/:
Մեր թիմը երկու ամիս պատրաստվել էր այս աշխատաժողովին, որին պետք է ներկայացնեին բույսերի մասին զեկույցներ։ Նրանք ընտրել էին «Միկրոկանաչիներ» թեման, որը գյուղատնտեսության մեջ նոր զարգացող ճյուղ է։ Նրանք սեփական ձեռքերով աճեցրել էին տարբեր միկրոկանաչիներ, պատրաստել էին միկրոկանաչիների նմուշներով և սերմերով հերբարիում, միկրոկանաչիներով բրուսկետաներ և դրանց բաղադրատոմսերով բուկլետներ, որոնք իրենց փայլուն ելույթից հետո նվիրեցին ժյուրիի անդամներին
Իսկ հաջորդ փուլի համար, որին պետք է ներկայացվեր չորացված բույսերով հագուստ կամ այլ պարագաներ, ընկեր Մաթևոսյանը պարզապես ապշեցուցիչ աշխատանք էր կատարել, որն անտարբեր չթողեց ոչ մեկին Նրանք կրկին իրենց ձեռքով չորացրել էին տարբեր ծաղիկներ, յուրացրել էին էպոքսիդային խեժով զարդեր ստանալու տեխնիկան և ապշեցուցիչ գեղեցկության և որակի զարդեր, գրիչներ, սանրեր, անգամ ժամացույց, լամպ և պայուսակ էին ստացել, իսկ գաղափարն այն էր, որ մեզ հարազատ մարդու կողմից նվիրած ծաղիկները կարելի է այսպիսի հուշի վերածել և միշտ պահպանել։ Ժյուրիի առաջարկով տեղում ցուցահանդես-վաճառք կազմակերպվեց և անգամ ընդունեցին նոր պատվերներ
Եվ ուրախ ենք հայտնել, որ այս տարի ևս մեր թիմն արժանացավ «Լավագույն զեկույց» անվանակարգին` շնորհիվ իրենց ճիշտ մշակված, սահուն խոսքով և փայլուն ներկայացված ելույթի
Ինչպես նաև արժանացան «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կողմից «Համակրանք» մրցանակին գործադիր փոխտնօրեն Շամամ Գևորգյանի կողմից` «ինքնատիպ և յուրօրինակ ներկայանալու համար»
Եվս մեկ անգամ շնորհակալ ենք «Վարդանանք» կրթահամալիրին այս նախաձեռնության համար, որը նպաստում է աշակերտների և դպրոցների համագործակցային և հետազոտական հմտությունների ձևավորմանը` ուշադրության կենտրոնում պահելով շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրը և էկոլոգիական կրթությունը։
Եվ շնորհավորում ենք մեր դպրոցի հաղթական թիմին` մասնակից աշակերտներին, ընկեր Մաթևոսյանին և տնօրեն տիկին Մանուկյանին` ևս մեկ անգամ փայլուն մասնակցության և բարձր նշաձող սահմանելու համար։
Թերթեք ֆոտոպատմությունը և գնահատեք նրանց աշխատանքը