Նյութի աղբյուրը՝ Parliament.am

Հունիսի 3-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքներին օթյակից հետեւելուց հետո նրանց հետ հանդիպեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը եւ Հակոբ Ասլանյանը:

Հյուրերին հետաքրքրում էին երկրում տիրող ներքաղաքական լարվածությանը եւ դրա լուծման տարբերակներին վերաբերող հարցերը: Նրանք մտահոգված էին նաեւ գնաճով:

Պատգամավոր Հայկ Կոնջորյանը, պատասխանելով երկրի ներքաղաքական լարվածությունը թուլացնելու վերաբերյալ հարցին, նշեց, որ դա կարող է լինել արտահերթ խորհրդարանական  ընտրությունների միջոցով՝ ընդգծելով, որ իրենց խմբակցությունը ժողովրդավարության կողմնակիցն է:

Հակոբ Ասլանյանը հորդորեց լավ սովորել, քանզի հենց նրանք են մեր երկրի ապագան կերտողները:

ԱԺ նիստերի դահլիճում նկարվելուց հետո աշակերտները շարունակեցին զրուցել պատգամավորների հետ:

Հիշարժան օրվա այցն ավարտվեց խորհրդարանի գրադարանում: