Loading...
Մեր դպրոցը2020-08-03T15:04:16+00:00

ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1959թ.-ին։ Գտնվում է Էրեբունի վարչական շրջանում։ Նախկինում այն եղել է Սիմակ Սահակյանի անվան հ․ 73 միջնակարգ դպրոց։ Այն եղել է 10 ամյա ուսուցմամբ։ Դպրոցն ունեցել է եռահարկ մեկ մասնաշենք՝ 250 աշակերտական տեղով։

1969թ-ին ընդլայնվել է դպրոցի տարածքը և կառուցվել են 2-րդ և 3-րդ մասնաշենքերը։ 2-րդ ուսումնական մասնաշենքը եղել է եռահարկ, իսկ 3-րդը՝ միահարկ, որը կապող օղակ էր 1-ին և 2-րդ մասնաշենքերի և միաժամանակ իր մեջ ներառում էր հանդիսությունների դահլիճը, բուֆետը և մարզադահլիճը։

1973-ին դպրոցը դարձել է տիպային և կոչվել է Երևանի հ․1-ին երկարօրյա։ Այն գործել է մինչև 1983 թ․-ը։

1983թ․-ին երկարօրյա դպրոցի տիպային ձևը դարձել է հանրակրթական և վերանվանվել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոց՝ 900 աշակերտական տեղով։

1999թ.-ին դպրոցն անվանակոչվել է հերոս-ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի անունով:

Դպրոցի առաջին մասնաշենքն արդեն իրեն ամբողջապես սպառել էր և վթարային էր։
Համառ ջանքերի շնորհիվ՝ 2006թ.-
ին դպրոցն ընդգրկվեց Լինսի հիմնադրամի դպրոցաշինության ծրագրում: 2007թ.-ին համակողմանի ուսումնասիրություններից հետո սկսվեցին վերանորոգման աշխատանքները: Դպրոցը ժամանակավորապես իր գործունեությունը շարունակեց Էրեբունի համայնքի հ․ 68 դպրոցում։

ՄԵՐ ԴՊՐՈՑՆ ԱՅՍՕՐ

2008թ.-ի սեպտեմբերին դպրոցը պաշտոնապես վերաբացվեց՝ ամբողջությամբ վերանորոգված և նոր գույքով։ 3-րդ մասնաշենքի վրա ավելացավ ևս մեկ հարկ, որը ներառում է վարչական մասը։ Այդպիսով հնարավորություն ստեղծվեց՝ առավել շատ քանակի դասասենյակներ և աշակերտներ ընդգրկելու։ Այժմ դպրոցում սովորում է շուրջ 1600 աշակերտ՝ համաձայն դպրոցին տրված հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիայի։

Վերանորոգումից ի վեր դպրոցում խնամքով պահպանվում է ոչ միայն վերանորոգումից հետո նորացված գույքը, այլև յուրաքանչյուր տարի դպրոցի դրամական տնտեսումներն ուղղվում են նոր գույք և անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա ձեռք բերելուն, ինչպես նաև՝ դպրոցում ընթացիկ վերանորոգումներ իրականացնելուն։

Դպրոցն ունի շուրջ 100 ուսուցչից բաղկացած կուռ կոլեկտիվ, ովքեր նվիրումով են կատարում իրենց աշխատանքը և կրթում այնպիսի աշակերտների, որոնք դառնում են հասարակությանը պիտանի անհատներ։ Իսկ դպրոցի շրջանավարտներից ոմանք էլ դարձել են նույն դպրոցի ուսուցիչներ՝ շարունակելով իրենց վստահված նվիրական գործը։

ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Դպրոցը հիմնական է՝ 1-9-րդ դասարանների համար։ Հնգօրյա է, երկհերթ:
Ուսուցանվում է 3 օտար լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու՝ խորացված:

Դպրոցն ունի տարիքային առանձնահատկություններին համապատասխան դպրոցական գույքով կահավորված դասարաններ և մեթոդական դասասենյակ, որտեղ անցկացվում են մանկավարժական ընթերցումներ, սեմինարներ, քննարկումներ և այլն։

Ունի երկարօրյա խմբեր՝ 1-2 և 3-4 դասարանների այն աշակերտների համար, որոնց ծնողներն աշխատանքի են լինում, իսկ աշակերտներն այդ ընթացքում երկարօրյա խմբերում դասապատրաստում են անում և խաղում են միմյանց հետ։

Դպրոցն ունի արտադասարանական խմբակներ՝ պարի, երգչախմբի և նետաձգության, որոնք մրցունակ են արհեստավարժ խմբերի հետ և փայլուն արդյունքներ և հաղթանակներ են գրանցում բոլոր մրցույթներում։

Դպրոցում գործում է համակարգչային դասարան, որը համալրված է նոր 30 համակարգիչներով: Իսկ թվով 7 դասասենյակներում կան պրոյեկտորներ և Smart գրատախտակներ, ինչն առավել ինտերակտիվ և ընդգրկուն է դարձնում ուսուցումը։

Դպրոցի ողջ տարածքում 2019թ․-ին տեղադրվել է ինտերնետային ցանց, ինչն առավել հեշտ է դարձնում ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներով ուսուցումը։

Դպրոցն ունի ակտիվ գործող՝ թարմեցված գրքային ֆոնդով գրադարան՝ շուրջ 8500 անուն գեղարվեստական գիրք, որոնց թիվը տարեցտարի ավելանում է դպրոցում գեղեցիկ ավանդույթ դարձած Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շնորհիվ։

Հիմնավերանորոգված են 2 մարզադահլիճները, որոնց գույքը պարբերաբար թարմեցվում է անհրաժեշտ սպորտային պարագաներով։ Իսկ դահլիճներում սիրով հյուրընկալվում են համայնքային գրեթե բոլոր սպորտային հանդիպումներն ու միջոցառումները։

Դպրոցի հանդիսությունների սրահն ունի 300 նստատեղ, 2019թ․-ին համալրվել է նոր բարձրակարգ պրոյեկտորով, լուսային սարքավորումներով և ունի անհրաժեշտ ձայնային տեխնիկա բոլոր միջոցառումները բարձր մակարդակում անցկացնելու համար։

Դպրոցն ունի թանգարան, որի մի մասում՝ հիշատակի և փառքի սրահում, ներկայացվում են դպրոցի շրջանավարտ հերոս-ազատամարտիկները, իսկ մյուս բաժնում՝ հին ու նոր Երևանը: Թանգարանը տարեցտարի համալրվում է դպրոցի հիշողության մաս կազմող նոր նմուշներով։

Դպրոցի մուտքի աջ անկյունում տեղադրված է հերոս-ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին, իսկ նրա կողքին է խոյանում Հայաստանի ու Արցախի սահմանների համար զոհված դպրոցի շրջանավարտների անունները կրող հուշաքարը։

 

 

Դպրոցի խաղահրապարակը 2018թ․-ին նույնպես թարմեցվել է և համալրվել նոր մարզական գույքով, որտեղ արևոտ օրերին մարզվում են ոչ միայն մեր աշակերտները, այլ նաև հարող համայնքի բնակիչները։

Իսկ դպրոցի բակն այս տարիների ընթացքում կանաչապատվել է և վերածվել ծաղիկներով ու մրգատու ծառերով գեղեցիկ պարտեզի, որը խնամքով պահվում է և աչք է շոյում՝ իր տարածքում համախմբելով ոչ միայն աշակերտներին և ծնողներին, այլև՝ համայնքի բնակիչներին՝ զբոսնելու կամ նստարաններին նստոտած զրուցելու։

Նորություններ

Ծանոթացեք դպրոցի անցուդարձին

Նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները

Նոր չափորոշիչներով հրատարակված նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակից օգտվելն առավել դյուրին դարձնելու նպատակով ստորև տեղադրել ենք մեր դպրոցի կողմից ընտրված նոր հրատարակության դասագրքերի էլեկտրոնային տարբերակները։ Սեղմեք համապատասխան դասարանի [Կարդալ ավելին․․․]

Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում – Լավագույն զեկույց

Սիրելի դպրոցական համայնք, Ուրախ ենք՝ ձեզ հետ կիսվելու մեր դպրոցի գրանցած ևս մեկ հաղթանակով։ Մարտ ամսից մինչ այսօր յուրաքանչյուր շաբաթ մեր դպրոցի աշակերտների խումբը, ղեկավարությամբ կենսաբանության ուսուցչուհի [Կարդալ ավելին․․․]

Ինչ է «Աշխարհացույցը»

Պատմության ուսուցչուհի Նելլի Ղանդիլյանը կիսվում է դասի ընթացքում «Աշխարհացույց» կրթական հարթակի օգտագործման իր փորձառությամբ։ Սիրելի ուսուցիչներ և աշակերտներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի փոքրիկ տեղեկատվական նյութով։ [Կարդալ ավելին․․․]