Հարգելի դպրոցական համայնք, այս՝ 2022-2023թթ․ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Եթե ունեք 1-ին դասարան ընդունվող երեխա, ապա եղեք ուշադիր և ըստ ժամանակացույցի կատարեք ստորև ներկայացված քայլերը․
Առաջին փուլ
Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։ Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում։
Երկրորդ փուլ
Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական պետական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար։
Երրորդ փուլ
Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ:
Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում
Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ:
Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում
Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական դպրոցում հիմք է նույն հաստատություն մյուս երեխաների ընդունելության համար՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։
Նախապես ստուգել երեխայի և ծնողի տվյալների ճշտությունը
Որպես հայտագրման նախապատրաստական կարևոր քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները պետք է մուտքագրել stugum.emis.am համակարգ և հավաստիանալ երեխայի անձնական տվյալների առկայության ու ճշգրտության հարցում։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացի ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Նյութի աղբյուրը՝ ԿԳՄՍ նախարարություն
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՀԱՅՏԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Եթե ձեր երեխային էլեկտրոնային համակարգի միջոցով արդեն հայտագրել եք մեր դպրոցում 1-ին դասարանում և տեսել եք “Ձեր երեխան հայտագրված է” ծանուցագիրը, ուրեմն անհանգստանալու առիթ չկա․ ձեր երեխան հայտագրված է:
Սակայն անհրաժեշտ է 1-ին դասարան հայտագրված երեխայի գործերը դպրոցին փոխանցել հունիսի 22-ից սկսած մինչև օգոստոսի 31-ը, ժ․ 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում։
Ցանկալի է, որ դպրոց գալուց առաջ hayt.emis.am կայքում վերևի աջ անկյունում մուտք անեք ձեզ կարճ հաղորդագրությամբ ուղարկված PIN կոդը և դպրոց ուղարկեք էլեկտրոնային դիմումը։
Գործերը հանձնելիս անհրաժեշտ է ունենալ հետևյալ պահանջվող փաստաթղթերը.
1. Տեղեկանք բնակչության պետռեգիստրում երեխայի հաշվառման մասին (անձնագրային բաժանմունքից);
2․ 3 x 4 չափի 2 լուսանկար;
3. Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և պատճեն;
4. Երեխայի սոցքարտի պատճեն;
5. Ծնողներից մեկի անձնագրի պատճեն։Հիշեցնենք, որ գործերը հանձնելու պահին բժշկական 26 ձևը ներկայացնելը պարտադիր չէ, սակայն այն արդեն անհրաժեշտ կլինի սեպտեմբերին։
Բարի գալուստ Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց 🙂