ՆԱՐԵԿ ՍՈՒՐԵՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ծնվել է 2002թ․-ի մայիսի 20-ին։ Սովորել է Ա․ Հովհաննիսյանին անվան թիվ 194 հիմնական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Վարդաշենի ուսումնարանի վարսավիրական բաժնում։

2020թ․-ի հուլիսի 30-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութի զորամասում։ Ակտիվ մասնակցել է Արցախյան 44 օրյա պատերազմի մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 5-9-ն ընկած հատվածում ամբողջ ուժով մարտի են բռնվել հակառակորդի դեմ։ Հոկտեմբերի 10-ին Հադրութի «Խուրհատ սար» տեղանքում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման ժամանակ մարտի են բռնվել հակառակորդի հետ, որտեղ էլ զոհվել է։

Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆԻ ԱՐՇԱԿՅԱՆ

Ծնվել է 1991թ-ի հուլիսի 15-ին։ Սովորել է Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղում՝ ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում բաժնում։ Ավարտելուց հետո սովորել է որպես խոհարար։ Աշխատել է «KFC»-ում որպես խոհարար։ Զբաղվել է ֆուրշետների ձևավորմամբ։

2009թ-ին ծառայել է Շամշադինի Բերդ քաղաքում։ Պատվով ավարտել է ծառայությունը, վերադարձել տուն և անցել իր մասնագիտությամբ աշխատանքի։ Շատ է սիրել իր մասնագիտությունն ու աշխատանքը։

Լսելով պատերազմի լուրը, առանց մեկ վայրկյան հապաղելու՝ սեպտեմբերի 29-ին նստել է դեպի Ջրական գնացող ավտոբուսն ու հասել առաջնագիծ՝ ընկերներին ու հայրենիքին օգնության։ Արմենի հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 30-ին, որից հետո ընտանիքն այլևս լուր չի ունեցել։
Միայն հոկտեմբերի 7-ին են ստացել Արմենի մահվան լուրը․․․

Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

ԳԵՎՈՐԳ ՌՈԻՍՏԱՄԻ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 2001թ-ի սեպտեմբերի 14-ին։ Սովորել է թիվ 119 հիմնական դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց։

Գևորգը թոփ մոդել Երևան տիտղոսի մրցանակակիր էր։ Կրթությունը շարունակել է Երևանի ինֆորմատիկայի քոլեջում՝ ծրագրավորման ֆակուլտետ։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էր Մոսկվայի Կ․ Ի․ Սկրյաբինի անվան պետական ակադեմիան։  Ծնողները տեղափոխվել էին Մոսկվա բնակության, սակայն Գևորգը նախընտրեց վերադառնալ Հայաստան։

2020 թվականի հուլիսի 28-ին ընտանիքին հրաժեշտ տվեց և շատ ուրախ և պատրաստակամ մեկնեց ծառայության։ Ընտանիքը վերջին անգամ Գևորգին տեսավ սեպտեմբերի 13-ին՝ իր ծննդյան նախորդ օրը։ Պատերազմի ընթացքում եղել է մարտական տարբեր հատվածներում։ Լինելով 2 ամսվա ծառայող՝ լավ տիրապետում էր 2Տ1-ին, եղել է տանկիստ և ֆագոտի ավագ օպերատոր։

Հոկտեմբերի 9-ին առավոտյան վերջին անգամ զանգահարել էր ընկերոջն ու ասել. «Մամային ծաղիկներ կտանես։ Պապային էլ ուշադիր կլինես»։

Զոհվել է Ջրականում տանկային գործողությունների ժամանակ՝ հոկտեմբերի 10-ին, “9-րդ կիլոմետր” կոչվող հատվածում, որն արդեն իսկ թշնամու կողմից գրավված տարածք էր հանդիսանում։

Գևորգը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 2001թ-ի փետրվարի 14-ին։ Սովորել է Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում։ Ավարտել է Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցը։

2019թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Հադրութում։ Ծառայության է անցել Նուբարաշենի հատուկ ջոկատայինների զորամասում, որտեղ անցել է դիպուկահարների պատրաստման մարտական ծրագիրը և, որպես դիպուկահար, շարունակել է ծառայությունը Արցախի Հադրութ քաղաքում։
Սեպտեմբերի 27-ից եղել է առաջնագծում, պաշտպանել է Վարանդայի “Դժոխքի դարպասներ” անվանումով դիրքերը։ 35 նօր մասնակցել է ամենաթեեժ մարտերին։ Պատերազմի ժամանակ նրանց միացած «Սիսական» ջոկատի կամավորները Դավիթին «Չղջիկ» ջոկատի հրամանատար էին կոչում․ որովհետև վախ չուներ և գիշերները միայնակ գնում էր, զորախմբի համար սնունդ ու հագուստ հայթայթելու։ Ասում էր՝ “На смертъ գնալու ենք”։

Հոկտեմբերի 28-ին ջոկատով առանց կորուստի դուրս են եկել Հադրութում թուրքական հատուկ ջոկատայինների շրջափակումից, ինչը թշնամին չի մարսել և ԱԹՍ-ով հարձակում է գործել։ Դավիթը վերջին մարտը մղել է “Մարտունի 2”-ում հոկտեմբերի 31-ին․ նա օգնում է ընկերոջը, իսկ իր ոտքերը մնում են փլատակի տակ։ Նա հորդորում է, որ շտապօգնությունը նախ մյուսներին տանի՝ ասելով․ «Զենքը դրեք վրաս, գնացեք»։ Երբ երկրորդ շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են Ստեփանակերտ, ճանապարհին նա մահանում է ներքին արյունահոսությունից՝ հասցնելով միայն ասել՝ կներես, մա՛մ․․․
Դավիթը հետմահու պարգևատրվել է  “Մարտական արիություն” մեդալով, պարգևատրվել և ստացել է “Առյուծ ֆիդայի” կոչումը։ Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

ՍՈՒՐԵՆ ՎՐՈՒՅՐԻ ԽԵՉՈՒՄՅԱՆ

Ծնվել է 2002թ․-ի մարտի 19-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 2008-2017թթ․ սովորել և ավարտել է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցը։ Դպրոցում սովորելու տարիներին՝ 05․02․2013 – 08․08․2017թթ․, հաճախել է ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբ և ավարտել սերժանտի կոչմամբ։ Ազնիվ, բարի, հոգատար, ընկերասեր, խիզախ ու քաջ պատանի էր։

2017թ-ին ընդունվել է Երևանի Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջ՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ։

2020թ․-ին գերազանցությամբ ավարտելով քոլեջը՝ 12․07․2020թ․-ին զորակոչվել է ՀՀ ՊԲ։ Իր ընտանիքի և հայրենիքի անվտանգության համար իր զինակից ընկերների հետ համառ պայքար է մղել ինչպես Արցախյան 44 օրյա պատերազմում․ 5 եղբայրներով՝ ՍՈՒՐԵՆ, ՀԱՐՈՒԹ, ԱՐՏԱՇԵՍ, ԷՐԻԿ, ԱՐՏՅՈՄ, ոչնչացրել են թշնամու 200 և ավելի մարդուժ։ Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 6-ը պաշտպանության են անցել “Չռիկներ”, “Թոզարանի խաչմերուկ” տեղամասերում, գտնվել են շրջափակման մեջ և մարտի են բռնկվել թշնամու հետ։ Հադրութի “Խորհատ սար” տեղանքում 21 զինծառայողների հետ մարտի են բռնվել և ընկել են շրջափակման մեջ։ “Թաղուտ” գյուղի հատվածում 8 հոգով փորձել են դուրս գալ շրջափակումից, մարտի են բռնկվել հակառակորդի հետ և հինգ հոգով զոհվել են քաջի մահով։

Հուղարկավորվել է 2020թ-ի նոյեմբերի 26-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։

ՏԻԳՐԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծնվել է 2001 թ-ի սեպտեմբերի 20-ին Երևանում: Սովորել է Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում։ 2017թ-ին ավարտել է դպրոցը և ընդունվել ավագ դպրոց։

2020թ-ին՝ ծառայության մեկնելուց մի քանի օր առաջ հանձնում է միասնական քնություն և ընդունվում է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարան։ Ապագա հաշվապահ էր։

2020թ-ի հուլիսի 21-ին Տիգրանը զորակոչվում է բանակ և ծառայության է անցնում Ջաբրաիլում (Ջրականում)։

Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, սակայն ծնողներին հանգստացնելով՝ ասել է, որ ապահով վայրում է։ Տիգրանը աչքի էր ընկնում իր խիզախությամբ և համառությամբ։ Ջրականից կռվելով և պայքարելով հասել են մինչև Հադրութ: 4 ընկերներով առանց հրամանատարի պայքարել են 80 հոգանոց թուրքական զորքի դեմ: Պատերազմի ժամանակ Տիգրանը, անտեսելով թշնամու կրակոցները ՝ ռազմի ամենաթեժ կետից հանում է իր վիրավոր ընկերոջը, օգնություն է ցույց տալիս, սակայն, ցավոք, նա նույնպես անմահանում է՝ պաշտպանելով նահանջող ընկերների թիկունքը:

Հոկտեմբերի 10-ին վեջին անգամ խոսել է հոր հետ՝ ասելով, որ ամեն ինչ լավ է։
Ընտանիքն ամենուրեք փնտրել է որդուն։ 72 օր հետո գտել են Տիգրանի դին․․․

Տիգրանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով, «Զարավար Անդրանիկ» մեդալով, «Տիգրան Մեծ» մեդալով, «Գթության Մայր ՄՄ․ ՀԿ» մեդալով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

Ծնվել է 09․02․2001թ-ին Երևանում: Սովորել է Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում, մասնագիտությամբ` խոհարար:
2020թ. հուլիսի 8-ին զորակոչվել էր բանակ, ծառայության էր անցել Մարտունի-2 զորամասում, որպես հրետանավոր: Մոտ 2 ամսվա ծառայող էր երբ պատերազմը սկսվեց:
Շատ ուրախ, ընկերասեր ու համարձակ էր, հեշտությամբ կատարում էր իր առջև դրված առաջադրանքները:
Հովհաննեսը քաջաբար զոհվել է Արցախյան 44 օրյա թեժ մարտերի ժամանակ` 2020թ. հոկտեմբերի 28-ին:
2020 թվականի նոյեմբերի 28-ին զինվորական կարգով տեղի է ունեցել Հովհաննես Հովհաննեսյանի հուղարկավորությունը: Հերոսին հողին են հանձնել Եռաբլուր զինվորական պանթեոնում:
27․09․2020թ․-ի հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի №36534 զորամասի զինծառայող, շարքային Հովհաննես Հովհաննեսյանը հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

ԷՐԻԿ ԱՐՄԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել  է Երևանում 13.12.1999 թ.-ին: Սովորել է Ա. Հովհաննիսյանի անվան հ.194 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց  հետո  սովորել և աշխատել է  որպես  արծաթագործ։

27.12.2018թ․-ին զորակոչվել է հայոց բանակ  «Ես եմ» ծրագրով: Ծառայել է 3 տարի տարի Ասկերանի զորամասում։ Մասնակցել է 2020թ․-ի Արցախյան  44 օրյա  պատերազմին՝ որպես դիպուկահար: Պաշտպանել է Աղդամի դիրքերը, Լիսագոր, Բերդաձոր բնակավայրերը:

Պատերազմից հետո դեկտեմբերին տեղափոխվել է Հոկտեմբերյանի զորամաս և այնտեղից էլ զորացրվել է 27.01.2021թ․ -ին:

Մահացել  է 15.07.2021թ –ին, հուղարկավորված է Եռաբլուրում:

ԱՐԱՅԻԿ ՍԱՄՎԵԼԻ ՕՐԴՈՒԲԵԿՅԱՆ

Ծնվել է 1997թ․-ի փետրվարի 27-ին Երևանում։ 2012թ․-ին ավարտել է Ա․ Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցը։ Նույն տարում զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում՝ որպես հետախույզ-գնդացրորդ։

Ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել, որ իրենց որդին ընտրել է ծառայել հետախուզական վաշտում։ Բանակ մեկնելիս՝ ասել էր․ «Մարտական եմ տրամադրված։ Պարտքս հայրենիքիս հանդեպ կկատարեմ իսկական զինվորի պես»։  Ծառայությունը կատարելիս կարգապահ էր, կատարում էր հրամանները, գաղափարապես կայուն էր, քաղաքականապես՝ կայուն, ֆիզիկապես՝ զարգացած։

2016թ․-ին Արայիկը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ Սակայն 2016թ․-ի սեպտեմբերի 2-ի գիշերը ժամը 23։30-ի սահմանում թիվ 146 մարտական դիրքում մարտական ծառայությունն իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից է զոհվել Արայիկը։ Սեպտեմբերի 6-ին հուղարկավորվել է Եռաբլուրում։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։