Նոյեմբերի 14-ը նշվում է որպես լոգոպեդների միջազգային օր։ ? Մեր դպրոցի լոգոպեդ Արմինե Քիրազյանը ներկայացնում է լոգոպեդի աշխատանքի կարևորությունը դպրոցում։

 

Լոգոպեդներն աշխատում են այն անձանց հետ, ովքեր ունենում են տարբեր խոսքային խնդիրներ։ Լոգոպեդիան մի գիտություն է, որը զբաղվում է խոսքային խանգարումով անձանց բացահայտմամբ՝ հետազոտմամբ, շտկմամբ և կանխարգելմամբ։

Ցավոք, տարեցտարի խոսքային խանգարումներով աշակերտների թիվն ավելանում է։ Լոգոպեդական աշխատանքի կարևորությունը կրտսեր դպրոցում շատ մեծ է։ Նպատակահարմար և արդյունավետ է, որ լոգոպեդական շտկողական աշխատանքն իրականանա անգամ նախադպրոցական տարիքից։

Կրտսեր դպրոցական տարիքում առավել շատ տարածված խոսքային խնդիրներից է հնչյունների աղավաղումը, շփոթումը, բացթողումը։ Վերջին տարիների ընթացքում (սոցիալական պայմաններով պայմանավորված) ավելացել է նաև կակազություն ունեցող աշակերտների թիվը։

Առաջին դասարան ընդունված աշակերտների զգալի մասն են կազմում նաև այն աշակերտները, որոնք թեպետ, որ հայալեզու ընտանիքներից են, սակայն չեն հասկանում, ընկալում իրենց ուղղված մայրենի լեզուն՝ հայերենը։

Այժմյան նորագույն տեխնոլոգիաներն իրենց հետքն են թողնում երեխաների վրա` արդեն իսկ նախադպրոցական տարիքից սկսած։ Այս երեխաներն ունենում եմ բիլինգվիզմ. չեն հասկանում իրենց ուղղված խոսքը և սկսում խառնել լեզուները։

«Կարևոր» է լոգոպեդական աշխատանքը կազմակերպել նախադպրոցական տարիքից, իսկ արդեն «պարտադիր է» այն իրականացնել կրտսեր դպրոցական տարիքում։ Տարբեր խոսքային խնդիրներ ունեցող աշակերտները դպրոցում բախվում են տարբեր խնդիրների առաջ։ Օրինակ` ճիշտ չարտաբերելով հնչյունները` բանավոր խոսքը աղավաղվում է, որից էլ հենց բխում է երկրորդային խնդիրը։ Երեխաներն ինչպես խոսում են, սկսում են այդպես գրել, այսինքն բանավոր խոսքի արտացոլանքն է լինում գրի գործընթացում։

Շատ հաճախ խոսքային խանգարումների ժամանակ ձևավորվում են տարբեր հոգեբանական խնդիրներ։ Լոգոպաթ աշակերտները սկսում են միջավայրից մեկուսանալ, առանձնանալ։ Կարող են լինել նաև շատ ագրեսիվ։ Այսպիսով՝ որքան շուտ է կազմակերպվում լոգոպեդական շտկողական աշխատանքը, այնքան ավելի շուտ է կանխարգելվում խնդիրը՝ հետագայում չառաջացնելով երկրորդային խնդիրներ։

Արժևորելով լոգոպեդի մասնագիտությունը՝ շնորհավորում ենք բոլոր լոգոպեդներին մասնագիտական տոնի կապակցությամբ։