Սիրելի դպրոցական համայնք,

Ինչպես գիտեք՝ մեր երկրում տիրող արտակարգ իրավիճակից ելնելով՝ դասերի վերսկսումը երկարաձգվել է: Սակայն մենք չենք հուսալքվում, չենք նահանջում, չենք հանձնվում դժվարությունների առջև: Առողջապահության ոլորտում նվիրյալ բժիշկներն են պայքարում մարդկանց կյանքերի համար, իսկ կրթության ոլորտում գիտելիքի լույսով հույսի ճանապարհ բացելու գործն իրենց վրա են վերցրել նվիրյալ ուսուցիչները, որոնք դպրոցները փակվելու հենց առաջին օրերից ինքնակազմակերպվեցին և չնայած արագ փոփոխվող աշխարհի տեխնիկական պահանջներին դժվարությամբ հարմարվելուն՝ սկսեցին ելքեր փնտրել ստեղծված իրավիճակը մեղմելու համար:

Արդյունքում՝ ողջ նախորդ շաբաթվա ընթացքում ուսումնասիրեցին, սովորեցին և իրենց աշակերտների հետ փորձարկեցին հեռավար ուսուցման մի շարք մեթոդներ և կարողացան դրանք արդյունավետ կերպով գործածել: Սա անելը միանշանակ բարդ է հատկապես մեր կրթական ոլորտում և հասարակությունում, որտեղ հեռավար ուսուցումն ու դրա մեթոդները մեծ կիրառելիություն չունեն:

Այսպիսով՝ մեր դպրոցը նույնպես միացել է հեռավար ուսուցման և տնային պայմաններում դասերը կշարունակվեն ըստ դասի պլանների և դասացուցակների մինչև դպրոցների վերաբացումը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր դպրոցի և Հայաստանի բոլոր այն ուսուցիչներին, ովքեր իրենց հանգստի, քնի և իրենց ընտանիքի հետ անցկացվելիք ժամերը նվիրում են իրենց աշակերտների հետ հեռավար ուսուցում անցկացնելուն՝ խումբ-խումբ տեսազանգերով և տարբեր ուսումնական հարթակներում վարժանքներ կատարելով, իրենց կողմից ստեղծելով տեսադասեր, սահիկաշարեր և հարցաշարեր, ինչն իրականում առավել շատ աշխատանք, ջանք և էներգիա է պահանջում:

Ուստի՝ խնդրում ենք նաև մեր ծնողներին, որպեսզի նույնպես ինքնակազմակերպվեն, սատարեն ուսուցիչներին իրենց նախաձեռնություններում, պարտաճանաչ կերպով և պատասխանատվությամբ կատարեն վերջիններիս առաջադրանքները և գրանցվեն հեռավար ուսուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ հարթակներում, քանզի այս ամենն արվում է միայն մեր երեխաների և նրանց լուսավոր ապագայի համար:

Եվ վստահ եղեք, որ մենք ամեն դժվարություն կարող ենք հաղթահարել, եթե համախմբված ենք:

Բոլորիդ մաղթում ենք հաջող ընթացք!!!
Լավ մնացեք և չհիվանդանաք!!!

Հարգանքով՝
Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց