Պատերազմի հենց առաջին օրվանից մեր դպրոցը նույնպես համախմբվել էր՝ մեր հնարավորության սահմաններում սատարելու մեր երկրին ու մեր հայրենակիցներին: Այդ ողջ ընթացքում աշխատել ենք լուռ և անխոնջ։ Այժմ անհրաժեշտություն ենք տեսնում և պարտավորված ենք զգում՝ ներկայացնելու հաշվետվությունը՝ մեր դպրոցական համայնքի կողմից արագ կազմակերպված աջակցությունների վերաբերյալ․

✅Մեր դպրոցի տնօրեն Ն․ Մանուկյանի ղեկավարությամբ կազմվեց աշխատանքը համակարգող խումբ՝ պատմության ուսուցչուհի Վ․ Բադալյանի և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ․ Խորենյանի գլխավորությամբ։
✅Դպրոցում նշանակվեց 24 ժամյա հերթապահություն։
✅ Ցուցակագրվեցին Արցախից ժամանած ընտանիքները և գնահատվեցին նրանց անհատական կարիքները։
✅Դպրոցական համայնքի կողմից հավաքագրվեց հագուստ և սնունդ, որը սորտավորվեց և դասավորվեց դպրոցի ուսուցիչների, աշակերտների և անձնակազմի օգնությամբ։
✅Արդյունքում՝ միասնական ջանքերով և կապերով մեր դպրոցի համայնքի և ընկերների տներում, Երևանում և Երևանից դուրս հյուրատներում կարողացանք տեղավորել Արցախից եկած շուրջ 350 հոգու, իսկ 478 հոգու հասցեական ապահովեցինք անհրաժեշտ հագուստով, պարագաներով և սնունդով։
✅Կարողացանք լուծել քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների (դիաբետիկ, զոբ և այլ) դեղորայքի հարցը, մանկահասակ երեխաների կերի ու տակդիրների խնդիրը։
✅ Դպրոցի մոտակա տարածքներում տեղավորված ընտանիքների արցախցի շուրջ 50 աշակերտ ընդհատված ուսումնառությունն այժմ շարունակում է մեր դպրոցում։ Նրանց բոլորին ապահովել ենք գրքերով, պայուսակներով և գրենական պիտույքներով։ Երեխաներին ներգրավել ենք դասապրոցեսում, դպրոցական միջավայրում, նրանց համար կազմակերպել ենք հատուկ հանդիպումներ դպրոցի հոգեբանի հետ։
✅ Մասնակցեցինք նաև ընդհանուր կազմակերպվող համայնքային միջոցառումներին՝ զինվորի համար սահման ուղարկելով չոր սնունդ, ծխախոտ, ծածկոցներ և այլն։
✅ Հավաքագրեցինք մեծ քանակի սկավառակներ և թղթե թափոններ և փոխանցեցինք վերամշակող կազմակերպությանը, որը վերամշակման համար ստացվող գումարը նախատեսել էր փոխանցել Համահայկական հիմնադիրամին։
✅ Միանալով Հայաստան համահայկական հիմնադրամի “Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին՝ մեր դպրոցի անունից հիմնադրամին փոխանցեցինք 3,306,000 դրամ, որից 1,000,000-ը ուսուցչական համայնքի նվիրատվությունն էր, իսկ 2,306,000-ը՝ ծնողական համայնքի!
✊ Այս ողջ աշխատանքը գիշեր ու ցերեկ բոլորը կատարել են մեծագույն անձնվիրությամբ՝ որպես սեփական պարտականություն և նվիրում մեր հայրենիքին և հայրենակցին։ Սա ամենաքիչն էր, որ կարող էինք անել և որը յուրաքանչյուրիս պարտքն ենք համարում, քանի որ քաջ գիտակցում ենք, որ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է․ մենք ինքներս ենք մեր ուժն ու ապավենը! Ուստի՝ շնորհակալություն հայտնելու փոխարեն՝ բոլորիդ ցանկանում ենք մաղթել անկոտրում միասնական ոգի և հավատ։ Անկախ ամեն ինչից՝ մենք պարտավոր ենք շարունակել ամուր պահել թիկունքը։
?Աստված պահապան բոլորիս!