Պատմության ուսուցչուհի Վերոնիկա Բադալյան
Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունը
(Էսսե)
Երևի ժամանակի հրամայականն էր, որ այսօր պիտի խոսեմ Նժդեհի՝ Գարեգին Տեր Հարությունյանի գաղափարների, հոգևոր և մշակութային արժեքների մասին։
Տարօրինակ զգացողություններ եմ ապրում, ուզում եմ հասկանալ՝ այս մարդն իր փիլիսոփայությամբ այսօ՞ր է ապրում, թե՞ այս օրը ապրել է իր ժամանակներում, և երևի թե հենց սրանում է նրա մեծությունը, որ միտքը ժամանակ ու տարածություն չունի։
Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միավորվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը, ու երևի թե այս երկուսը նպաստեցին, որ Նժդեհը ճիշտ խոսի իրականության մասին, այլապես նրա ամենատարածված փիլիսոփայական մտքերից մեկն այդքան մոտ չէր լինի իրականությանը։ <<Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել>>․․․
Նժդեհը լավ գիտեր հայոց պատմությունը և սա պատճառ էր, որ նոր գաղափարական ելքեր գտներ, արտացոլեր մեր սխալները, մատնանշեր իրատեսական ուղղություններ։ Նա կարևորում էր ազգը, փորձում այն դարձնել կամ հասցնել կատարելության։ Այս առիթով կուզեի մեջբերել գերմանացի մտածող Նիցշեի միտքը․ <<Մարդը հոգեպես աճում է դեպի վերն ու հազվագյուտն իր հիացումի շնորհիվ միայն>>։ Եվ այսպես վեհանալով իր հայ տեսակով, իր ցեղի պատկանելությամբ՝ Նժդեհն իր փիլիսփայության մեջ ընդգծում է մեր թերությունը․ այն է՝ հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում՝ այն, որ իր պատմությունից բնավ չի սովորում>>։
Խորհրդային իշխանության տարիներին Նժդեհը բացարձակ չհասկացված, չընդունված կերպար էր։ Թե ինչու էր որպես զինվորական մերժվում, հասկանալի էր, բայց ինչու էր մերժված որպես փիլիսոփա, պատասխանը մեկն է՝ գերազանց գաղափարներ կային, որոնք <<լուռ>> ազգին հիշեցնում էին իր ցեղի մասին։ Եվ պատահական չէ, որ Նժդեհի հետաքրքրությանը ներկայացվող աշխատություններից շատերը տպագրվում են արտերկրում, անգամ չկան վերլուծականներ։ Սա, իհարկե, նրա հակամարքսիստական, հակաբոլշևկյան ուղղվածության պատճառով էր, որը վերջինիս դարձրել էր արգելված հեղինակ։
Նժդեհի հիմնական փլիսոփայական մտքերում մարդն էր՝ իր տկարություններով և արժանիքներով, իր <<ոչինչ չասող>> վարքով, հայրենասիրությամբ ու ազգադավ կեցվածքով, գաղափարախոսությամբ ու նյութապաշտությամբ։ Պատահական չեն նրա բարոյափիլիսոփայական հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունները, և նա ձգտում էր իր փիլիսոփայությամբ հասնել սեփական դիմագծի և գոյության պահպանմանը, մարդկությունը սեփական ստեղծագործական արարումների նվիրաբերմանը։
Հաճախ Նժդեհի փիլիսոփայությունը ներկայացվել է որպես մարդակենտրոն, որտեղից բխում է ցեղի գաղափարը և հայրենասիրությունը։ Սա բնութագրվում է որպես մի համակարգ, որը մեկ բառով Նժդեհը կոչում է Ցեղակրոն – ցեղակրոնություն իր լեզվաշխարհով, առաջնորդի կերպարով կամ ավելի ճիշտ առաջնորդի Նժդեհյան ըմբռմամբ, ցեղակրոնության և քրիստոնեության առնչություններով, որոնք, ձուլվելով, դառնում են գիտության կամ յուրահատուկ հայկական ուսմունք, սրա միջոցով էլ Նժդեհը փորձում է արդիականացնել ազգային գաղափարախոսությունը։ Նժդեհի փիլիսոփայութունը թույլ է տալիս լինել ազատ, շնչել մաքուր օդ՝ իր համար չափանիշ դարձնելով օտար փիլիսոփաների գաղափարները, օրինակ՝ ամենաազատ մարդը նա է, ով կարողանում է ազատ լինել ստրկության մեջ։ Նժդեհը տալիս է իրեն հատուկ մեկնաբանություն․ << Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ և սիրեցի մարդը։ Ես տեսա ստրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց>>։ Նրա փիլիսոփայությունը ոգու, հոգու, գաղափարի ազատության մասին է, քանզի կարող ես ազատության մեջ էլ ստրուկ լինել, եթե միտքդ բանտված է․․․․
Նժդեհն իր փիլիսոփայությամբ փորձում է պատասխանել <<ի՞նչ արեց, ինչու՞ արեց, և ինչպե՞ս>> հարցերին, որը, կարծես, միտքը դարձնում է նպատակ ու գործ։ Ճիշտ է, Նժդեհը պաշտպանում է <<անհատը միջոց է, իսկ ազգը՝ նպատակ>> դրույթը, բայց բնավ չի փորձում ասել անհատի ոչնչության մասին, պարզապես փորձ է անում հասանելի դարձնել << մենք >>-ի գաղափարը։ Նժդեհի փիլիսոփայությունը կարելի է անվերջ վերլուծել՝ ինչպես ասում է 19-20րդ դարերի ֆրանսիացի մտածող Ս․ Մորուան՝ << Կյանքի նպատակը ոչ թե անմահ փառք ձեռք բերելու, այլ դրա յուրաքանչյուր օրը հավերժության վերածելու մեջ է>>։ Այս խոսքերը կարող են ամբողջական պատկերացում տալ Նժդեհ անհատի անցած ճանապարհի մասին, որտեղ նա ապրեց և գործեց որպես <<հավերժության մարտիկ>>, իսկ փառքը ոչ թե Նժդեհի գործունեության տեսադաշտում էր, այլ այդ գործերի ստվերը, որն անբաժան ուղեկցի պես հետևեց նրան։