Մեր դպրոցի տարրական դասարանների դասվար Մարիամ Թարվերդյանը նաև բանաստեղծ է և ունի հեղինակած գրքեր։
Մեր բլոգում ընկեր Թարվերդյանը կիսվում է իր գրած պատմվածքով, որը պարզ մարդկային հարաբերություների և ճակատագրերի, կյանքի ու դրա դժվարությունների մասին պատմող մտերմիկ գրված պատմություն է։
Մաղթում ենք ձեզ հաճելի ընթերցանություն։

Մաս առաջին
Գյուղը, որտեղ ապրում էր Մխիթար ամին, չորս կողմից շրջապատված էր սարերով:Գյուղի կողքից անցնում էր ջրառատ մի գետակ,որի ջուրը գյուղացիներն օգտագործում էին իրենց անասուններին, այգիներն ու բանջարանոցները ջրելու համար:Գյուղը կտրված էր միջքաղաքային մայրուղուց, սակայն փողոցներն ասֆալտապատ էին, իսկ գյուղամիջից դուրս եկող ճանապարհը ձգվում, միանում էր մայրուղուն:Գյուղը հարուստ չէր, բայց գրեթե բոլոր ընտանիքներն ունեին իրենց անասունները, սեփականաշնորհված հողակտորները, որոնք մշակում, վարում, ցանում էին և, քանի որ բերրի հողեր էին,լավ բերք էին ստանում: Շատերն էլ ցորեն էին ցանում և ապահովում տանը մշտական հացի առկայությունը: Գյուղում ամեն օր թոնրում թխվող լավաշի ու գաթայի բույրն անպակաս էր: Գարունը նոր էր բացվել: Գյուղի մոտակա սարերին դեռ տեղ-տեղ ձյուն կար: Արևի շողերը մեկ-մեկ դուրս էին գալիս գորշ ամպերի արանքից, փորձում էին շողալ ու տաքացնել, սակայն սարերից եկող սառը օդը թույլ չէր տալիս, որ փողոցից մի քիչ ներս ընկած դարպասի կողքին,պատի տակ աթոռին նստած Մխիթար ամին զգար արևի շողերի ջերմությունը: Նա արդեն վաթսունն անց էր, ցավող ոսկորներին կիզիչ արև էր պետք, որ երակների մեջ արյունը եռար ու տաքացներ նրա միայնությունից սառած մարմինը:
Կինը՝ Շարմաղը, հինգ տարի առաջ էր մահացել՝ նրան թողնելով մենակ, ինքն իր հույսին:Շարմաղը երեք երեխա էր պարգևել Մխիթարին՝ երկու աղջիկ ու մեկ տղա: Երեքն էլ դպրոցն ավարտելուց հետո գնացել էին Երևանում ուսում ստանալու և այլևս գյուղ չէին վերադարձել: Աղջիկներն ամուսնանալուց հետո գնացել էին Հայաստանից: Նրանք մեկ-մեկ հիշում էին իրենց հորը, որոշ գումար էին ուղարկում, որ հայրը հացի խնդիր չունենա, իսկ ստացած թոշակով հազիվ գազի ու սպառված էլեկտրաէներգիայի համար էր վճարում: Նա ամեն անգամ նստած հիշում էր իր անցած կյանքը, սիրտը լցվում էր ամպերի նման ու մեկ-մեկ նեղված թաքուն լաց էր լինում, բայց երբեք ոչ մեկից ու ոչնչից չէր բողոքում: Տղան՝ Լևոնն ամուսնացել էր ունևոր ընտանիքի աղջկա հետ, որն այդ հեռավոր գյուղում երբեք չէր եղել ու անունն անգամ լսել չէր ուզում: Լևոնը քաղաքում լավ աշխատանք ուներ, լավ էր վաստակում, սակայն մոր մահից հետո ոչ մի անգամ չէր եկել հորը տեսնելու:
Մի անգամ հարևան Համոյի տղան՝ Արսենը նրան տեսավ քաղաքի շուկաներից մեկում: Բավական ճոխ առևտուր արած Լևոնը կնոջ հետ անցավ Արսենի կողքից: Ճանաչեց, փորձեց արագ հեռանալ, սակայն Արսենը մոտեցավ նրան և առանց բարևելու ասաց. -Լևո՛ն, ի՞նչ տղա ես դու: Արդեն հինգ տարի է՝ հորդ աչքը քո ճամփին է, մի՞թե մի անգամ չես կարող գալ նրան տեսնելու: Ինձ տեսար ու չուզեցիր էլ գոնե հարցնես, թե ինչպես է հայրդ: – Վա՜յ, Արսեն ջան, մտքերի մեջ էի, քեզ չնկատեցի: Ինչպե՞ս է հայրս, քույրերիցս լուր կա՞:
– Ուրեմն դու քույրերիցդ էլ տեղյակ չե՞ս: – Աշխատանքով ծանրաբեռնված եմ, Արսե՛ն ջան, երեք մանր երեխա ունեմ, ժամանակս չի բավարարում, որ գյուղ գամ: Դու հորս կբարևես, կասես, որ մի օր կգամ,երբ ժամանակ գտնեմ:
-Ոչի՛նչ, դու էլ զավակներ ունես, ինչ ցանես, այն էլ կհնձես,- ասաց Արսենն ու շրջվեց,որ հեռանա: Այդ պահին լսեց Լևոնի կնոջ ձայնը, որն իր ձեռքի մրգերը տեղավորել էր իրենց թանկարժեք ավտոմեքենայի մեջ: Նա արագ-արագ մոտեցավ Լևոնին ու ասաց.
– Մենք ուշանում ենք, իսկ դու խոսում ես ամեն պատահածի հետ:Արագացրու՛, արի՛, շուտ արա՛:
– Գնա՛, Լևոն, գնա՛, թե չէ հացդ ցամաք կուտես,- հեռացող Լևոնի հետևից գոռաց Արսենը: Արսենը երկա՜ր նայեց հեռացող զույգի հետևից ու մտածեց. -Ո՞ւմ է պետք էսպիսի զավակը: Քաղաքում իր գործերն ավարտելուց հետո, Արսենը մտավ խանութ, տան համար գնեց ինչ պետք էր, տարավ դրեց ավտոմեքենայի մեջ, հետ եկավ միս, երշիկ ու մի ահագին տեսակ-տեսակ կոնֆետներ գնեց Մխիթարի համար: Գյուղ հասնելուն պես մտավ Մխիթարի տունը, պատմեց,որ տեսել է Լևոնին, տվեց ձեռքի մթերքը,որ ինքն էր գնել և ասաց.
– Մխիթա՛ր ամի, էս էլ Լևոնն է ուղարկել և ասել է,որ անպայման գալու է քեզ տեսնի:
-Արսե՛ն ջան, մոտ արի աչքերդ համբուրեմ, որ տեսել ես Լևոնիս: Երանի՜ մի անգամ տեսնեի, ախր շա՜տ եմ կարոտել: Մի քիչ պատմի՛ր, Արսե՛ն ջան: – Մխիթա՛ր ամի, դեռ տուն չեմ մտել: Գնամ, մերոնց իմաց տամ,որ եկել եմ, հետո կգամ ու կպատմեմ: Արսենը տան համար գնած մթերքը տարավ տուն, լվացվեց, մոր եփած ճաշից լցրեց իր ու Մխիթարի համար, մի շիշ տնական օղի վերցրեց ու գնաց Մխիթարի տուն: Մի ամբողջ երեկո Արսենն ու Մխիթարը միասին կերան, խմեցին, զրուցեցին, հիշեցին լավ ու վատ օրերը: Մխիթար ամին թախտին թիկնած քնել էր արդեն: Արսենը մի վերմակ բերեց, ծածկեց քնած Մխիթարին, դուռը փակեց, հացի մնացորդները տվեց տունը հսկող Բողարին, դարպասն ամուր փակեց ու գնաց տուն: Վաղ առավոտյան Մխիթարն արթնացել ու նախաճաշելէր: Պատշգամբից վերցրել էր իրենից անբաժան աթոռն ու նստել դարպասի կողքին:Չնայած Արսենը երեկ շա՜տ լավ բաներ էր պատմել Լևոնի մասին, բայց ծանր մտքերը նրան հանգիստ չէին տալիս:
– Տղաս երեք երեխա ունի, սակայն ես նրանց դեռ չեմ տեսել,- մտածում էր Մխիթարն ու սիրտը կծկվում էր ցավից: Նա մի քիչ ա՜խ ու վա՜խ արեց ու ընկավ հիշողությունների գիրկը:
Մաս երկրորդ
Դեռ տասներորդ դասարանում էր սովորում Մխիթարը, երբ սիրահարվեց իրենց դասարանցի Փառանձեմին, սակայն ո՛չ Փառանձեմը և ո՛չ էլ որևէ մեկն այդ մասին չգիտեին: Միայն Շարմաղն էր գլխի ընկել, որ Մխիթարն անտարբեր չէ Փառանձեմի նկատմամբ ու քանի որ ինքն էլ Մխիթարին էր սիրահարվել, դարձել էր Փառանձեմի ստվերը և անընդհատ հետևում ու վիրավորում էր նրան: Ավարտական քննություններից մեկի ժամանակ Մխիթարն օգնեց Փառանձեմին առաջադրանքը կատարել, որն էլ չվրիպեց Շարմաղի աչքից: Նա դպրոցի միջանցքում քաշեց Փառանձեմի թևից և ասաց.
-Եթե քեզ որևէ անգամ տեսնեմ Մխիթարի կողքին, տնօրենին կասեմ, որ Մխիթարն է օգնել քեզ քննության ժամանակ, իսկ եղբորդ ու ծնողներիդ կասեմ, որ դու Մխիթարին սիրում ես ու դպրոցում անընդհատ նրան ես հետևում:
– Շարմա՛ղ, դու ինձնից ի՞նչ ես ուզում:
– Ես քեզնից ուզում եմ, որ Մխիթարից հեռու մնաս, – ասաց Շարմաղն ու հեռացավ՝ աչքերը ոլորելով Փառանձեմի վրա:
Արդեն ավարտել էին դպրոցը: Մխիթարը ծանուցագիր էր ստացել և պիտի մեկներ բանակում ծառայելու: Նա որոշեց վերջապես իր սերը հայտնել Փառանձեմին և աղբյուրի մոտ հանդիպեց նրան: -Փառանձե՛մ, խնդրում եմ, սպասի՛ր ինձ, մինչև բանակից վերադառնամ, ու մենք կամուսնանանք: Փառանձեմը մինչև ականջները շիկնեց, լսածին չէր հավատում, միայն գլուխն էր կախել ու մտքով սավառնում էր երկնքում: Մխիթարը գնացել էր, դույլն էլ լցվել, ու ջուրն անտեղի հոսում էր, իսկ Փառանձեմը ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում:
-Չե՞ս տեսնում, որ դույլդ լցվել է, ի՞նչ ես անշարժացել, -լսվեց Շարմաղի ձայնը: Փառանձեմը սթափվեց: Նա արագ վերցրեց դույլն ու անխոս հեռացավ:
– Տեսնես ի՞նչ էր եղել, կարո՞ղ է Մխիթարին էր հանդիպել. – մտածեց Շարմաղն ու արագ-արագ գնաց ճշտելու: Փառանձեմն արդեն բակ էր մտել, իսկ հայրն ու մայրը ծառի տակ նստած զրուցում էին: Շարմաղը ներս եկավ, սովորության համաձայն քաշեց Փառանձեմի թևից ու նայելով նրա աչքերին հարցրեց. – Ճի՛շտն ասա, աղբյուրի մոտ Մխիթարին էի՞ր տեսել: Փառանձեմը լուռ էր:
-Կգնամ Մխիթարից կիմանամ, այդ ժամանակ վա՜յ քեզ,- նետեց Շարմաղն ու հեռացավ: Մխիթարը բակում օջախի համար փայտ էր կոտրում: Քրոջը ձայնեց, որ մի բաժակ ջուր բերի: Շարմաղը, որն արդեն Մխիթարենց բակ էր մտել, լսեց, որ Մխիթարը ջուր է ուզում, գնաց խոհանոց, Մխիթարի քրոջ ձեռքից վերցրեց ջրով լի բաժակը և բերեց Մխիթարին:
-Խնդրե՛մ, Մխիթա՛ր, անուշ արա,- ասաց ու բաժակը մեկնեց նրան: Մխիթարը բարձրացրեց գլուխը և Շարմաղին տեսնելով՝ զարմացավ:
– Դու՞: Այստեղ ի՞նչ ես անում: – Նախ ջուրդ խմի՛ր,- ասաց Շարմաղը: Մխիթարը ջուրը խմեց ու ինքն էլ բաժակը տարավ խոհանոց՝ Շարմաղին մենակ թողնելով բակում կանգնած: Շարմաղն ավելի գեղեցիկ էր քան Փառանձեմը, բայց Փառանձեմն ավելի խոհեմ ու համեստ էր, նրան բոլորը սիրում էին, իսկ Շարմաղը կոպիտ բնավորություն ուներ, ինչ մտածում ասում էր ու վիրավորում բոլորին: Այդ պատճառով նրան շատերը չէին սիրում: Մի քանի օր հետո հավաքվել էին Մխիթարի հարազատները, որպեսզի բարի ճանապարհ մաղթեն նրան՝ բանակ գնալուց առաջ: Հորեղբայրն արդեն միացրել էր ավտոմեքենայի շարժիչը, որ գնան զինվորական հավաքակայան, բայց Մխիթարը չէր երևում: Նա գնացել էր Փառանձեմին հրաժեշտ տալու: Նրանց բակում հանդիպեց Փառանձեմի եղբորը և խնդրեց, որ կանչի Փառանձեմին: Ուզում էր տեսնել բանակ գնալուց առաջ: Եղբայրը ստեց՝ ասելով, որ նա տանը չէ:
-Արշա՛կ ջան, Փառանձեմին լավ կնայես, մինչև բանակից գամ, – խնդրեց Մխիթարը Փառանձեմի եղբորը:
-Կփորձեմ, -ասաց Արշակը և բարի ճանապարհ մաղթեց Մխիթարին: Այդ պահին Փառանձեմը նայում էր պատուհանից ու տաք արցունքները հոսում էին վարդագույն այտերի վրայով:
– Կարո՞ղ է մի բան կա, ինչու՞ Արշակն այդպես ասաց,- ամբողջ ճանապարհին մտածում էր Մխիթարը և կասկածն ընկավ սիրտը: Այդպես էլ, կասկածը սրտում, Մխիթարը գնաց Ռուսաստանի Չիտա քաղաքում ծառայելու (այն ժամանակ Հայաստանը Սովետական Միության կազմում էր, և մեր տղաները Ռուսաստանում էլ էին ծառայում):
Մի ամիս հետո Մխիթարը նամակ գրեց Արշակին, որ գյուղից ու Փառանձեմից մի բան իմանա: Օրեր անց ստացավ Արշակի պատասխանը: Նա գրել էր, որ գյուղում ամեն բան նույնն է, իսկ Փառանձեմին ամուսնացրել են հարևան գյուղից մի շա՜տ ունևոր տղայի հետ: Լուրը շատ ծանր ազդեցություն ունեցավ Մխիթարի վրա: Նա օրերով հաց չէր ուտում և հիվանդացավ: Մի քանի օր նա Չիտայի զինվորական հոսպիտալում բուժվեց, որից հետո նրան թույլ տվեցին մեկ շաբաթով տուն գալ: Մխիթարն այդ օրերի ընթացքում տնից դուրս չէր գալիս և չէր ուզում որևէ մեկին հանդիպել: Միայն Շարմաղը մի օր եկավ նրան տեսնելու: Շարմաղի գալը Մխիթարին հաճելի չէր, իսկ նրա տված հարցերին կցկտուր պատասխաններ էր տալիս: Հետո Շարմաղը ոգևորված պատմում էր Փառանձեմի շքեղ հարսանիքի մասին: Նա չէր էլ նկատում Մխիթարի հոգու խռովքը և այդ խռովքի արտահայտությունը նրա դեմքին: Այդ վիճակում Մխիթարը մի բան էր մտածում՝ միայն թե Փառանձեմը երջանիկ լինի: Հեռավոր Չիտա քաղաքում Մխիթարը ծանոթացավ Վալյա անունով մի ռուս գեղեցկուհու հետ: Վալյայի հրավերով Մխիթարը հաճախ էր գնում նրանց տուն: Միասին թեյ էին խմում, զրուցում էին: Վալյայի խնդրանքով Մխիթարը շատ էր պատմում Հայաստանի, իրենց գյուղի և իր ծնողների մասին: Վալյայի հայրը լավ շախմատ էր խաղում և նրանք միասին երկա՜ր խաղում ու զրուցում էին: Նրանց տանը Մխիթարն իրեն լավ էր զգում: Բոլորը սիրում էին նրան, իսկ Վալյան բոլորից աննկատ սիրահարվել էր Մխիթարին: Նա Վալյային չէր սիրում, բայց հավանում էր, որովհետև Վալյան գեղեցիկ, կիրթ ու համեստ աղջիկ էր, իսկ ինքը ծառայության ընթացքում ավելի հասուն, առնական ու սիրուն տղա էր դարձել: Վալյան խնդրում էր, որ Մխիթարն իր հետ իրեն Հայաստան տանի: Մխիթարն այդ հարցի շուրջ երկար մտածեց… Ծառայությունն ավարտվելուն պես, նրանք եկան Հայաստան:
Մաս երրորդ
Մխիթարն իր ծնողների միակ տղան էր: Քույրն արդեն ամուսնացել էր: Մխիթարի վերադարձը ռուս աղջկա հետ փոթորկել էր ծնողների հոգին:Նրանք չէին պատկերացնում, թե ո՞նց են ապրելու, ռուս հարսի լեզուն ո՞նց են հասկանալու և վախենում էին, որ հարսն էլ իրենց նիստուկացին չի հարմարվի ու կհեռանա: Նրանք մի երկու օր Մխիթարից թաքուն վաշ-վի՜շ արեցին և որոշեցին հարգել իրենց տղայի որոշումը՝ նրա սիրտը չկոտրելու համար: Մխիթարը հարսանիք չուզեց: Ծնողները որոշեցին ,որ իրենց մոտ հարազատներով հավաքվեն, հա՛մ կուրախանան,հա՛մ էլ կշնորհավորեն ու կօրհնեն զույգին: Կարճ ժամանակում Վալյան գրավեց սկեսուրի և սկեսրայրի սիրտը: Նա առավոտյան վաղ արթնանում էր, տունն ու բակը մաքրում, օգնում էր սկեսրոջը, նախաճաշ պատրաստում և մատուցում: Օգնում էր նաև այգու և բանջարանոցի բոլոր աշխատանքներում, մեկ-մեկ էլ խանութ էր գնում և այդ ամենն անում էր հաճույքով: Մխիթարի ծնողները Վալյային էին սիրում, իսկ Վալյան էլ՝ նրանց: Մեկ-մեկ ռուսերենի պատճառով իրար չէին հասկանում,բայց այդ հարցում նրանց օգնում էր Մխիթարն ու քթի տակ ժպտում: Գյուղում արդեն բոլորը գիտեին, որ Մխիթարը բանակից հետը ռուս աղջիկ է բերել ու ամուսնացել: Ոմանք տեսնելիս շնորհավորում ու երջանկություն էին մաղթում, ոմանք էլ իրար հետ խոսելիս հարցնում էին.
– Էդ ինչու՞ է ռուս բերել, մեր գյուղում աղջիկ չկա՞ր, ինչ է: Գյուղում ամենաշատը զարմացել ու զայրացել էր Շարմաղը:
– Էդ ինձ թողած դու ռուսին առար հա՞, Մխիթար տղա: Համբերի՛ր, տե՛ս թե ինչ եմ անելու,- ինքն իրեն խոսում էր Շարմաղն ու պլանավորում, թե ինչ պիտի անի: Տան բրինձը վերջացել էր, և սկեսուրը խնդրեց հարսին, որ գնա խանութից բրինձ առնի: Վալյան մազերից հանեց մազակալը, շեկ, խիտ ու երկար մազերը փռեց ուսերին, մի թեթև ներկեց շրթունքներն ու գնաց խանութ: Խանութի մոտ նրան տեսավ Շարմաղը:
– Ի՜նչ էլ սիրուն է էս մեռածը,- մտածեց Շարմաղն ու սպասեց մինչև Վալյան դուրս եկավ խանութից: Քաշեց Վալյայի թևից ու կիսատ-պռատ ռուսերենով սկսեց վիրավորել Վալյային: Ասաց նաև, որ չի թողնելու Վալյան վայելի այն, ինչ իրենը պիտի լիներ:Չմոռացավ ավելացնել, որ Մխիթարն իրեն է սիրում և Վալյան պիտի հեռանա գյուղից: Վալյան խանութից վերադարձավ շա՜տ տխուր: Այտերը կարմրած էին, աչքերը՝ թաց:
-Ի՞նչ է պատահել, աղջի՛կս,- հարցրեց սկեսուրը:
– Ոչինչ չի եղել, երևի արևից է, գնամ մի քիչ պառկեմ,- ասաց Վալյան, մտավ իր սենյակը ու ընկավ խառը մտքերի մեջ: Այդպես էլ Վալյան ոչ ոքի չասաց, որ Շարմաղն ամեն օր իրեն վիրավորում է և ստիպում գյուղից հեռանալ: Օրերն անցնում էին, իսկ Վալյայի աչքի արցունքը չէր չորանում: Նա չէր ուզում, որ տնեցիք տհաճ խոսակցությունների մեջ ընկնեն և իմանան, թե ինչ է կատարվում, երբ ամեն անգամ խանութի ճանապարհին ինքն հանդիպում է Շարմաղին: Վերջին անգամ Շարմաղը քաշել էր Վալյայի մազերն ու Վալյային գցել գետնին: Այդ օրը նա եկավ տուն,մտավ իր սենյակն ու այլևս դուրս չեկավ սենյակից: Այդ օրը նա քնած մնաց բազմոցին: Ամբողջ օրը Մխիթարը ցորեն էր ցանել ու հոգնած եկավ տուն: Վալյային չտեսնելով նա գնաց սենյակ, բայց նրան քնած տեսավ: Մի պահ զարմացավ, սակայն չուզեց արթնացնել: Մխիթարն ընթրեց, սենյակում մի քիչ գիրք կարդաց ու քնեց: Առավոտյան Մխիթարն արթնացավ, լվացվեց, ամեն օրվա նման նստեց բակում դրված սեղանի մոտ ու սպասեց մինչև Վալյան սուրճը բերի, որ միասին սրճեն: Ահագին սպասեց, բայց Վալյան չկար: Հարցրեց ծնողներին, բայց նրանք էլ Վալյային չէին տեսել:Մխիթարը շատ անհանգստացավ: Վերջին օրերին զգում էր, որ Վալյան տխուր է, չի ժպտում առաջվա պես: Մտածել էր՝ երևի ծնողներին է կարոտել և խոստացել էր մի շաբաթով ուղարկել ծնողների մոտ, իսկ ինքը մնա, որովհետև գյուղում աշխատանքների եռուն շրջան է, իսկ ծնողները մենակ չեն հասցնի: Հանկարծակի ուղեղում ծագած հարցից Մխիթարն ավելի խառնվեց.
-Կարող է՞… Մխիթարը տնից դուրս եկավ, արագ վազելով հասավ գյուղամեջ, որտեղից ավտոբուսներով ուղևորները գնում են Երևան: Գյուղամիջում հանդիպեց Շարմաղին: Նա ասաց, թե տեսել է Վալյային.նա նստել է ավտոբուս ու գնացել է Երևան: Ասաց նաև, որ Վալյան ասել է, թե գնում է ծնողների մոտ ու մի քանի օրից կվերադառնա: Այսքանն իմանալուց հետո բարկացած Մխիթարը վերադարձավ տուն: Երկու օր հետո Մխիթարը հեռագիր ստացավ Վալյայից,որտեղ գրված էր. «Ես ծնողներիս մոտ եմ: Իմ հետևից չգա՛ս: Երջանիկ եղիր»: Լուրը կայծակի արագությամբ տարածվեց գյուղում: Մարդիկ եղան, որոնք չարախոսեցին. «Բա ռուսից ի՞նչ էիք սպասում»: Մի քանի օր հետո Շարմաղը նորից եկավ Մխիթարենց տուն՝ իբր տեսնելու, թե Մխիթարն ինչպես է: Այդպես էլ ամեն օր նա գալիս էր ու երկա՜ր մնում նրանց տանը: Այնքա՜ն եկավ- գնաց, որ մի օր էլ եկավ ու էլ չգնաց:
Մաս չորրորդ
Ամառվա տա՜ք օրերից մեկն էր: Երկնքի լազուրում շողում էր ոսկեդեղին արևը, որի շողերը ջերմացնում էին գյուղի արտերում ցորենի հունձ անողների հոգիները: Նրանց մեջ էր նաև Մխիթարը: Նրա ոսկեգույն արտն ամբողջովին արևի գրկում էր: Կեսօրից հետո շրջակա սարերից մերթընդմերթ եկող զեփյուռն օրորում էր բեռնավորված հասկերին: Մխիթարը նայում էր ու դեմքի լայն ժպիտով արտահայտում գոհացումը բերքի առատությունից: Մխիթարը հնձեց ու կալսեց ցորենը, մտքով հաշվարկեց ու համոզվեց, որ տանը ամբողջ տարին հացը լիուլի կլինի, դեռ մի բան էլ կավելանա: Հետո գնաց գյուղի ալրաղաց, հերթագրվեց՝ ցորենն ալրաղաց տանելու և աղալու համար: Պարզվեց, որ երեք օրից իրենց դասարանցի Վահանի և իր հերթն է ալրաղացում: Վահանն իր ալյուրի վերջին պարկը տեղադրեց ավտոմեքենայի թափքում, շուռ եկավ ու նկատեց Մխիթարին, որն իր ցորենի պարկերն էր իջեցնում: Սպասեց մինչև Մխիթարն իր պարկերն իջեցրեց, շարեց ալրաղացի պատի տակ: Ձայն տվեց Մխիթարին, որն էլ արագ մոտեցավ Վահանին.
-Մխիթա՛ր, ես մինչև հիմա չեմ հասկանում, թե դու ինչպե՞ս ամուսնացար Շարմաղի՝ քո ընտանիքը քանդողի հետ: Չէ՞ որ նա է պատճառը, որ Վալյան հեռացավ քեզնից ու մեր գյուղից: Նա էր ամեն օր վիրավորում Վալյային ու ստիպում էր հեռանալ գյուղից: Դու ինչպե՞ս կարողացար այդ խառնակչին ընդունել: Եվ ինչպե՞ս է, որ գյուղում դա բոլորը գիտեն, իսկ դու հիմա զարմացած ինձ ես նայում: Վահանի խոսքերը դաշույնի պես խոցեցին Մխիթարի սիրտը: Նա ցորենը թողեց ալրաղացում, որ աղան, ինքը նստեց ավտոմեքենան ու սլացավ դեպի տուն: Շարմաղը լվացք էր փռում, ծնողներն էլ բակում զրուցում էին հարևան Համոյի հետ: Նա ուժգին քաշեց Շարմաղի թևից այնպես, որ Շարմաղն իրեն հազիվ պահեց, որպեսզի չընկնի գետնին:
– Ճի՞շտ է, որ քո պատճառով է Վալյան հեռացել, ասա՛, ճի՞շտ է,- գոռում էր Մխիթարը: Շարմաղին այդ հարցն այնքա՜ն էին ուղղել, որ հոգնել էր այդ հարցից:
– Այո՛, Մխիթա՛ր, ես եմ այդ ամենի մեղավորը: Ի՞նչ անեի, եթե խենթի պես սիրում էի քեզ դեռ դպրոցական տարիներից: Ես էլ իմ ճամփից հեռացրի բոլորին, որ ամուսնանամ քեզ հետ:
-Հա՞, դրա համա՞ր երեք տարում երեք երեխա ունեցար, որ ոտքիդ տակի հողն ամրացնե՞ս,- հարցրեց Մխիթարն, ու մի շառաչուն ապտակ իջավ Շարմաղի դեմքին: Մխիթարն, իր լսածից իրեն կորցրած, ակամա գոռում էր այնպես, որ ծնողներն ու Համոն էլ լսեցին: Մինչ այդ էլ Մխիթարը մի կերպ էր հանդուրժում Շարմաղի ներկայությունն իր կողքին, իսկ դրանից հետո նա օրերով Շարմաղի հետ չէր խոսում: Առավոտյան անձայն նախաճաշում էր ու գնում աշխատանքի, երեկոյան գալիս, մի կտոր հաց էր ուտում ու գնում էր գյուղամեջ: Այնտեղ հավաքված համագյուղացիների հետ զրուցում էր և տուն էր գալիս, երբ բոլորը քնած էին լինում:
Տարիներն անցնում էին: Մխիթարի ծնողներն արդեն չկային: Երեխաները դպրոցական էին և սովորում էին հաջորդական՝ վեցերորդ, յոթերորդ և ութերորդ դասարաններում: Մի օր Մխիթարի մեծ աղջիկը՝ Նարեն, դպրոցից տուն եկավ իր տարիքի մի սիրունիկ աղջկա հետ: Նրանք ինչ որ գրավոր գրեցին ու անծանոթ աղջիկը գնաց:
-Ո՞վ էր այդ աղջիկը, Նարե՛ ջան,- հարցրեց Մխիթարը:
– Այդ աղջկա անունն Աննա է: Նրան ու մորը լքել է Աննայի հայրը և նրանք արդեն մեկ ամիս է հարևան գյուղից եկել են մեր գյուղ, – պատասխանեց Նարեն:
– Ի՞նչ է Աննայի մոր անունը,-նորից հարցրեց Մխիթարը՝ ինչ որ բան կանխազգալով:
– Մոր անունը Փառանձեմ է,- պատասխանեց Նարեն և դուրս եկավ տնից: Մխիթարը ցնցվեց լսածից: Դժբախտ է նաև իր առաջին սերը՝ Փառանձեմը, որին այսքան երկար տարիներ չի մոռացել, և որն անխնա դեռ այրում է իր հոգին…
– Երկուսս էլ մնացինք անսեր, այն դեպքում, երբ երկուսիս սրտերը բերնեբերան լիքն էին սիրով: Ինչու՞ կյանքն այսպես դաժանորեն պատժեց մեզ,- մտածում էր Մխիթարը և չէր գտնում պատասխանը: Փառանձեմի ծնողներն ուզում էին, որ իրենց աղջիկն ապահով ու երջանիկ ապրի, սակայն երկու երանին մի տեղում ե՞րբ է լինում:
Իրականում Փառանձեմն ամեն ինչ ուներ, բացի սիրուց: Ամուսնական տարիների ընթացքում միայն սիրո կարիք ուներ: Անսեր կյանքն ապերջանիկ օրերի շարան է, որին ամեն մարդ չի կարողանում հարմարվել: Մխիթարը շա՜տ էր ուզում հեռվից գոնե մեկ անգամ տեսնել Փառանձեմին, բայց նա ոչ մի տեղ չէր երևում: Շարմաղն իմացավ, որ Փառանձեմը գյուղում է, որ ամուսինը լքել է նրան և աղջիկը սովորում է Նարեենց դասարանում: Նա որոշեց տեսնել Փառանձեմին և գնաց նրանց տուն: Փառանձեմը տարբեր կանաչիներ էր հավաքել, լվացել ու փռում էր, որ չորանան ձմռանն օգտագործելու համար: Շարմաղին տեսնելով՝ նա բոլորովին չզարմացավ: Գիտեր, որ երբ իմանա իր մասին, անպայման կգա իր չարությունը ցույց տալու: Շարմաղն էլ իր հերթին գիտեր, որ Փառանձեմի դժբախտության պատճառը նաև ինքն է: Նա մտավ բակ ու անհամարձակ մոտեցավ Փառանձեմին: Փառանձեմը մի արհամարհական հայացք գցեց նրա վրա ու հարցրեց.
– Հիմա ինչո՞ւ ես եկել, Շարմա՛ղ: Չէ՞ որ հասել ես քո ուզածին: Մի քանիսին դժբախտացնելով երջանկությունդ կառուցեցիր չէ՞, էլ ի՞նչ ես ուզում:
– Չէ՛, գրեթե գոռաց Շարմաղը,- չէ՛, Փառանձե՛մ, չէ՛ ու էլի հազա՛ր անգամ չէ՛: Ես բոլորիցդ ավելի՛ դժբախտ եմ: Ես չգիտեմ, թե ի՞նչ է երջանկությունը: Ես սիրված չեմ, ինձ չեն հարգում ո՛չ տանը, ո՛չ էլ դրսում: Դա՛ է ճշմարտությունը, հիմա գո՞հ ես:
-Չէ՛, գոհ չեմ, Շարմա՛ղ: Գոհ կլինեի, եթե բոլորս էլ երջանիկ լինեինք, բայց դու ամեն ինչ արեցիր, որ բոլորս դժբախտանանք, այդ թվում նաև Վալյան: Հիմա գնա՛ ու այլևս չերևա՛ս աչքիս: Շարմաղը կոտրված, գլխիկոր վերադարձավ տուն:
Երեխաներն արդեն դպրոցն ավարտել էին, սովորում էին Երևանում, երբ իմացան, որ բժիշկը Շարմաղի մոտ քաղցկեղ է ախտորոշել: Շարմաղը շատ էր ուզում, որ երեխաներն ամուսնանան, նրանց երջանիկ տեսնի, նոր մահանա: Այդպես էլ եղավ: Երեխաներին ամուսնացնելուց հետո, Շարմաղը մահացավ:
Մաս հինգերորդ
Մխիթարը դեռ երկա՜ր կմնար այդ ծանր մտքերի մեջ, եթե հարևան Համոյի տղա Արսենի ձայնը չսթափեցներ նրան:
-Էլի ե՞ս ընկել հիշողությունների գիրկը, Մխիթա՛ր ամի:
– Հա՛, Արսեն ջան, էդ անտեր մտքերն ինձ հանգիստ չեն տալիս: Մտածում էի՝ երանի՜ Լևոնս գար, երեխաներին բերեր, գոնե մի անգամ տեսնեի նրանց: Է՜ն քո բերած կոնֆետները դեռ պահել եմ, որ թոռներս գան, տամ իրենց:
– Մխիթա՛ր ամի, դրանք դո՛ւ կեր, վաղը քաղաք եմ գնալու էդ քո սիրած կոնֆետներից էլի կբերեմ, -անզգուշաբար բերանից թռցրեց Արսենն ու կարկամեց ասածից հետո:
– Արսե՛ն, ուրեմն դրանք դո՞ւ էիր առել ինձ համար, ուրեմն Լևո՞նը չէր ուղարկել, հա՞: Վա՜յ, անաստվա՛ծ Լևոն, իսկ ես նստել եմ՝ աչքս քո ճամփին պահած,- ասաց Մխիթարն ու գլուխն առավ երկու ձեռքերի մեջ:
– Ների՛ր ինձ, Մխիթա՛ր ամի, ես անզգուշաբար դառնացրի առանց այդ էլ դառնացած հոգիդ:
Մխիթարն Արսենին էլ չէ՛ր լսում: Նա կանգնեց, վերցրեց իր աթոռն ու ոտքերը մի կերպ քարշ տալով՝ գնաց ներս: Գիշերվա մութը դանդա՜ղ հավաքում էր փեշերը, և այգաբացի լուսավոր շողերը տարածվում էին գյուղի լեռնային զովության մեջ: Օդի մեջ սառնություն կար, բայց ճերմա՜կ ամպերի տակից ծիկրակող արևի շողերը տաք օր էին խոստանում: Դեռ անկողնու մեջ Մխիթարը մտածում էր, որ այգու խնձորները հասել են, դրանք հավաքել է պետք, բայց հետո ինքն իրեն բարձրաձայն ասաց.
-Հավաքեմ, ի՞նչ անեմ, ինչի՞ս է պետք, կամ ո՞վս է ուտելու:
Այդ պահին, լսեց, որ մեկն ուժգին թակում է դարպասը:
– Երևի փոստատարն է, հաստա՛տ աղջիկներիցս նամակ կամ փող է բերել,- մտածեց Մխիթարը, վեր կացավ անկողնուց, արագ հագնվեց և հողաթափերը բակում քստքստացնելով՝ հասավ դարպասին: Բացեց դարպասը: Արսենն էր, իսկ քիչ հեռու կանգնած էր մի տաքսի: Տաքսու վրայի նշաններից հասկացավ, որ տաքսին քաղաքից է հասել իրենց գյուղ:
-Մխիթա՛ր ամի, քեզ են հարցնում, բայց չճանաչեցի՝ ով է, նրան երբևէ չեմ տեսել: Մի շա՜տ սիրուն աղջիկ է, անունդ տվեց, ես էլ տունը ցույց տվեցի,- արագ-արագ ասաց Արսենը:
Մխիթարին տեսնելով՝ աղջիկն իջավ և մանրաքայլ գալիս էր դեպի Մխիթարը, իսկ Արսենն այդ ընթացքում ակնապիշ նայում էր մոտեցող գեղեցկուհուն: Մխիթարն ուշադիր զննում էր մոտեցող աղջկան, և Արսենը լսեց նրա մրմունջը.
– Տե՛ր Աստված, էս ի՜նչ հրաշք է… Նրան թվաց, թե Վալյային է տեսնում: Աղջիկը Վալյայի կրկնապատկերն էր: Մինչ Մխիթարը մտքով հետ էր գնացել, աղջիկը մոտեցավ, ուշադիր նայեց զարմանքից անշարժացած Մխիթարին և ռուսերենով բարևեց: Մխիթարի սրտի զարկերն արագացել էին, ձեռքերն ու ոտքերը՝ թուլացել, հուզմունքից դողում էր ծնոտը: Նա մի կերպ բարևեց աղջկան և հարցրեց.
– Ո՞վ ես, աղջիկս:
– Դու Մխիթա՞րն ես,- իր հերթին հարցրեց աղջիկը:
– Այո՛,- եղավ պատասխանը:
– Եթե դու Մխիթարն ես, ուրեմն ես էլ քո ու Վալյայի աղջիկն եմ: Նա ամեն օր ինձ պատմում էր քո ու քո ծնողների, այս գյուղի ու Հայաստանի մասին:
– Շնորհակա՜լ եմ, Աստվա՛ծ,- ձեռքերը վեր պարզած ասաց Մխիթարն ու ամու՜ր գրկեց աղջկան: Աղջիկը փարվել էր հորը, գլուխը դրել էր նրա ուսին ու երկուսով երջանկությունից արտասվում էին: Ահագին երկար տևեց այդ պահը, որը Մխիթարի կյանքում ամենաերջանիկ պահն էր: Նա իրեն երբեք այսքա՜ն երջանիկ չէր զգացել:
Արսենն արդեն տաքսու բեռնախցիկից իջեցրել էր աղջկա ճամպրուկները, տարել էր տուն ու գնացել: Նա քիչ հետո վերադարձավ՝ բերելով թոնրից հանած տա՜ք լավաշ, տնական պանիր և ձու: Արսենը կանգնած նայում էր, թե Մխիթարը ի՜նչ քնքշանքով էր համբուրում աղջկա ճակատն ու ձեռքերը: Հետո նա նորից գրկեց աղջկան և հարցրեց.
– Անունդ ի՞նչ է, աղջի՛կս:
– Հասմիկ, -ասաց աղջիկը:
Մխիթարի սիրտը թրթռաց:Տա՜ք արցունքները գլորվեցին աչքերից: Վալյան աղջկան Մխիթարի մոր անունով էր կոչել:
– Վե՛րջ դառնություններին, ես նորից ծնվեցի, -ասաց Մխիթարը և աղջկա ձեռքից բռնած՝ ուրախ ու թեթևաքայլ գնաց ներս:
Մաս վեցերորդ
Մխիթարից ու գյուղից հեռանալուց որոշ ժամանակ հետո Վալյան իրեն շատ վատ էր զգում: Թույլ էր, քիչ էր ուտում, անընդհատ ցանկություն էր ունենում քնելու: Մայրը համոզեց Վալյային, որ միասին գնան բժշկի: Բժիշկը ուշադիր զննեց, հասկացավ ամեն ինչ և ուղարկեց գինեկոլոգի մոտ: Այնտեղ բժիշկը լսեց Վալյայի գանգատները և զննությունից հետո ասաց նրան.
– Ես ձեզ շնորհավորում եմ, դուք բալիկ եք ունենալու:
Վալյան երջանկությունից լաց եղավ, իսկ մայրը կարծեց՝ աղջիկը չէր ուզում մայրանալ:
– Ես իմ սիրելի մարդուց մի մասնիկ եմ իմ մեջ կրում: Արդեն կիմանամ, թե ինչու եմ ապրում: Երանի՜ կարողանայի Մխիթարին հայտնել այդ մասին, սակայն նրա ընտանեկան անդորրը չեմ խանգարի երբեք.- մտածում էր Վալյան: Նա սրտի խորքում խղճում էր Մխիթարին, որը շա՜տ ազնիվ էր ու չէր հավատում, որ իր շուրջը կան նաև եսասեր ու անազնիվ մարդիկ (ի դեմս Շարմաղի): Մայրն անընդհատ համոզում էր Վալյային ազատվել երեխայից, սակայն Վալյան կտրականապես հրաժարվում էր և խնդրում մորը մոռանալ դրա մասին:
Ձմռան ցուրտ ու մութ գիշեր էր: Առատ ձյուն էր տեղացել: Չիտայի փողոցները դարձել էին անանցանելի: Շտապօգնության մեքենան մե՜ծ դժվարությամբ մոտեցավ Վալյայենց դռանը: Ծնողները բժշկի օգնությամբ Վալյային նստեցրին մեքենայի մեջ, և ավտոմեքենան դանդաղորեն շարժվեց դեպի ծննդատուն: Քաղաքի փողոցները դատարկ էին, ո՛չ մի ավտոմեքենա, ո՛չ մի կենդանի շունչ չէր երևում: Վալյան ականջը պահել էր իր նոր ծնված աղջկա ճիչին,սակայն երեխայի ճիչն ուշանում էր: Բժիշկը, որը ծննդատան բարձրակարգ բժիշկներից մեկն էր, բռնել էր փոքրիկի ոտքերից և գլուխը կախ վիճակում տրորում ու շփում էր աղջնակի մեջքն ու կրծքավանդակը, այնուհետև խփեց հետույքին, և լսվեց ճիչը, որի համար պայքարում էր բժիշկը, և որին սրտատրոփ սպասում էր Վալյան: Փոքրիկի կյանքի համար պայքարն ավարտված էր: Վալյան երջանիկ էր, իսկ փոքրիկը՝ ապահով ձեռքերում:
Մի քանի օր հետո ծնողները Վալյային ու փոքրիկին տուն բերեցին: Վալյան աղջկան Հասմիկ կոչեց՝ ի պատիվ Մխիթարի մոր, որից ոչ մի վատ վերաբերմուք չէր տեսել և շատ էր սիրում: Ամեն օր Վալյան իր փոքրիկին, որն արդեն քայլում ու խոսում էր, պատմում էր Հայաստանի, Մխիթարի, հայկական այդ լեռնային գողտրիկ գյուղի մասին և անընդհատ հիշեցնում էր.
– Քո հայրը հայ է, աղջի՛կս, և քո մեջ հայի արյուն է հոսում, չմոռանա՛ս:
Հասմիկն արդեն դպրոցն ավարտել էր: Սովորում էր Չիտայի մանկավարժական համալսարանում և շա՜տ էր ուզում ռուսաց լեզվի ուսուցչուհի դառնալ: Վալյայի հայրն ու մայրն արդեն մահացել էին: Վալյան իր աշխատանքով կարողանում էր հոգալ Հասմիկի և իր հոգսերը: Մայրն այնքա՜ն էր պատմել Մխիթարի մասին, որ համալսարանն ավարտելուց հետո, Հասմիկը ցանկություն հայտնեց գնալ Հայաստան և հանդիպել հորը: Նա շատ էր խղճում մորը, որն անափ կարոտով էր պատմում գյուղում անցկացրած իր երջանիկ օրերի մասին:
Մինչ Մխիթարն ու Հասմիկը զրուցում էին, Արսենը սեղանին դրեց լավաշները, խաշած ձվերը, պանիրը և բոստանից քաղած ու լվացած թարխունը: Երեքն էլ դեռ ոչինչ չէին կերել, և Արսենն առաջարկեց «կռվեցնել» ձվերը, հետո ուտել: Հասմիկն այդպիսի երջանիկ օր չէր ունեցել, նույն զգացողությունն էր Մխիթարի մոտ:
– Ափսո՜ս, մայրս այստեղ չէ, -ասաց Հասմիկն ու աչքի տակով նայեց Մխիթարի դեմքին: Մխիթարը դրականորեն շարժեց գլուխը և շա՜տ ցածր ձայնով ասաց.
-Երանի՜… Հասմիկ ջան, ես շա՜տ ուշ իմացա կատարվածը: Վալյան երբեք ինձ ոչինչ չէր պատմում ուրիշների ասածների ու արածների մասին: Մեղավոր եմ Վալյայի առաջ և չգիտեմ՝ մայրդ երբևէ ինձ կների՞:
– Մայրս գյուղից հեռանալուց հետո, հետագա բոլոր օրերը քո և գյուղի մասին հուշերով է ապրել , հայրի՛կ,- Մխիթարի խոսքերից ոգևորված՝ ու արագ-արագ ասաց Հասմիկը:
Մխիթարի երակներում եռաց վաղո՜ւց պաղած արյունը և նա մի պահ մտաբերեց, թե մինչև Վալյայի հեռանալը, ինչքա՜ն երջանիկ էր իրենց ընտանիքը, հայրն ու մայրն ինչքա՜ն շատ էին սիրում իրենց ժպտերես ու գործունյա հարսին:
– Հայրի՛կ, կուզեի՞ր, որ մայրս էլ գար, ու մենք երջանիկ ապրեինք,- հարցրեց Հասմիկը հորը:
– Արդյո՞ք ես արժանի եմ այդպիսի երջանկության,- դողացող ձայնով ասաց Մխիթարն ու արցունքի երկու կաթիլ կախվեց նրա թարթիչներից:
Սեպտեմբերին Հասմիկն ընդունվեց գյուղի միջնակարգ դպրոց՝ աշխատելու որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, որի կարիքը դպրոցը շա՜տ ուներ: Վալյան ու Մխիթարն ամբողջ օրն այգում ու բանջարանոցում ուրախ իրենց գործով էին զբաղված: Այգին բերքառատ էր, և Մխիթարն այլևս չէր մտածում, թե ինչ է անելու այդքա՜ն բերքը: Մխիթարն ու Վալյան վերանորոգել էին տունը, մաքրել բակը, բերքը հավաքել ու արկղերով դասավորել էին մառանում, որտեղ նաև ձմռան համար դրված թթուն էր, կարտոֆիլը, սոխն ու անհրաժեշտ ալյուրը: Մխիթարը մոռացել էր իր անցյալի դժվարությունները և այլևս դրանք չէր հիշում ու էլ չէր նստում դարպասի մոտ:
Օրերն արդեն ցրտել էին: Գյուղի բոլոր տների ծխնելույզներից ծուխ էր ելնում: Հիմնականում այդ ժամանակ Էին գյուղում լինում նշանդրեքներն ու հարսանիքները: Մխիթարն ու Վալյան սպասում էին հյուրերին, որոնք պայմանավորված ճիշտ ժամին թակեցին դուռը:
– Համեցե՛ք, -ասաց Վալյան՝ դուռը բացելով:
Քիչ անց Արսենը ծնողների համաձայնությամբ Հասմիկի մատին հագցրեց մատանին: Երջանկությունը պարուրել էր երկու կողմի ծնողներին և երիտասարդ զույգին:
– Վերջապես ես թոռնիկներ կունենամ և կգրկեմ նրանց,- մտածում էր Մխիթարը, որն այդպես էլ չտեսավ Լևոնի երեխաներին:
Վերջ