Տարրական դասարանների դասվար Հասմիկ Պողոսյանը ներկայացնում է նախագծային ուսուցման մեթոդը և նկարագրում է իր աշակերտների հետ դրա կիրառման փորձառությունը
Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր ինձ և ես կհիշեմ, ներգրավիր ինձ և ես կսովորեմ:
Չինական առած
Նախագծային ուսուցումը դասավանդողի և սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը: Մայրենի և Ես և շրջակա աշխարհը առարկաներից ուսումնառելով “Հայրենիք” թեման՝ 3-րդ դասարանի աշակերտների հետ նախագծեցինք “Իմ հայրենիքը” գործնական աշխատանքը: Աշակերտները բաժանվեցին խմբերի, ընտրեցին խմբի ավագ, որոշեցին յուրաքանչյուր խմբի աշխատանքի թեման և անցան գործի: Աշխատանքը տևեց գրեթե երեք շաբաթ՝ նյութերը հավաքեցին, վերլուծեցին, համադրեցին, դարձրեցին մեկ ամբողջություն և ներկայացրեցին:
Նախագծային ուսուցման հիմնական նպատակներն են`
- Նպաստել յուրաքանչյուր մասնակցի ինքնագնահատականի բարձրացմանը`
- հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուրն իրեն տեսնի որպես ընդունակ և իրազեկ անհատականություն;
- մասնակցի մոտ զարգացնել իր և մյուսների դրական կերպարը;
- սովորողի մոտ ձևավորել իրեն և մյուսներին ստույգորեն գնահատելու հմտություն:
- Ոգեշնչել սովորողներին զարգացնելու կարողությունները
- Ապահովել սովորողի քննադատական մտածողության զարգացման մեխանիզմը, դրված խնդիրը լուծելու ուղիների որոնման հմտության ձևավորումը;
- Զարգացնել սովորողների հետազոտական կարողությունները (բացահայտել հիմնախնդիրը, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, դիտարկել գործընթացները, ձևակերպել վարկածներ, ընդհանրացնել և այլն) և վերլուծական մտածողությունը:
Իրականացվող նախագծերն ունեն հետևյալ տիպաբանական հատկանիշները` ըստ սովորողների գերակշռող գործունեության (առարկայորեն կողմնորոշված, հետազոտական, ստեղծագործական, տեղեկատվական, դերային), ըստ բովանդակության (միջառարկայական և մոնոնախագծեր), ըստ հարաբերությունների բնույթի (ներդասարանային, միջդասարանային, տարածաշրջանային, համապետական, միջազգային), ըստ տևողության (մինինախագծեր` մինչև մեկ շաբաթ, կարճաժամկետ` մինչև մեկ ամիս, միջնաժամկետ` մինչև վեց ամիս, երկարաժամկետ` կես տարուց ավելի), ըստ մասնակիցների թվի (անհատական, խմբային, միջխմբային):
Մեր նախագիծը տեղեկատվական էր, միջառարկայական, ներդասարանային, կարճաժամկետ, միջխմբային:
Նախագծային ուսուցում կազմակերպելիս հարկ է ապահովել նախագծի իրականացման փուլերի ճիշտ հերթագայությունը և նրանց հատկացվելիք ժամանակի իրատեսական համամասնությունը: Նախագծային աշխատանքի փուլերն են`
- Նպատակադրում – երբ որոշեցինք նախագծել “Իմ հայրենիք” թեման;
- Գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն – երբ քննարկեցինք, թե ինչ ենք ուզում ստանալ;
- Պարտականությունների բաշխում – երբ յուրաքանչյուրն ունեցավ իր անելիքը;
- Ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում;
- Հետազոտական գործունեություն, երբ յուրաքանչյուրն սկսեց աշխատել իր նյութի շուրջ;
- Արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ – երբ իրենց աշխատանքների արդյունքը ներկայացնում էին խմբերում և միասին քննարկում;
- Արդյունքների հանրայնացում;
- Հաջողությունների և սխալների վերլուծություն;
- Շտկողական գործունեություն;
- Նախագծի հրապարակային պաշտպանություն:
Դա կատարվեց այսպես՝
Աշակերտները ուսուցչի հարցերի միջոցով ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, որի ընթացքը ցուցադրվեց նաև տեսանյութով:
Նախագիծը բաղկացած էր 4 փուլից։ Նախ՝ ընտրեցին ընդհանուր թեման՝ «Իմ հայրենիք, բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրեց իր թեման՝ 1.Հայաստանի խորհրդանիշներ, 2.Հայաստանի մարզեր, 3.Հայաստանի տեսարժան վայրեր, 4.Երգեր և բանաստեղծություններ Հայաստանի մասին, 5. Հայ անվանի մարդիկ։ Թիմերը սկսեցին ուսումնասիրություններ անել և պատրաստել դիդակտիկ նյութեր։ 4-րդ փուլի ընթացքում երեխաների պատրաստած նյութերը հավաքվեցին մեկ պաստառի վրա։ 3 շաբաթ տևողությամբ նախագծի ավարտին՝ 5-րդ փուլում աշակերտներն ինքնուրույն ներկայացրեցին իրենց աշխատանքը ուսուցիչներին։
Առաջին խումբը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները. աշակերտները պատմեցին ՀՀ խորհրդանիշների ծագման, նշանակության մասին և երգեցին ՀՀ պետական օրհներգը:
Երկրորդ խմբի աշակերտները ներկայացրեցին ՀՀ մարզերը իրենց մարզկենտրոններով, ներկայացրեցին յուրաքանչյուր մարզի աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները: Սմարթ գրատախտակի վրա բացեցին յուրաքանչյուր «թաքնված» մարզը:
Երրորդ խմբի աշակերտները ներկայացրեցին ՀՀ տեսարժան վայրերը: Ավելի պատկերավոր հիշելու համար որոշվել էր, որ յուրաքանչյուր մարզում պետք է ներկայացվի մեկ տեսարժան վայր: Դարձյալ սմարթ գրատախտակի վրա յուրաքանչյուր աշակերտ իր ներկայացրած տեսարժան վայրը տեղադրեց իր մարզի վրա: Պատմեցին յուրաքանչյուր վայրի ծագման , դարերի ընթացքում իրենց ավերման պատճառների, վերականգնման և մշակութային առանձնահատկությունների մասին:
Չորրորդ խումբը տարբեր հեղինակների կողմից գրված բանաստեղծություններ և երգեր ձոնեց Հայաստանին:
Հինգերորդ խումբը ներկայացրեց հայ անվանի մարդկանցից մի քանիսի (գրող , նկարիչ, ակադեմիկոս, երգահան, դերասան, շախմատիստ, ֆուտբոլիստ) կենսագրությունը, գործունեությունը , կոչումները և այլն:
Դասն ամփոփվեց Հայատանի մասին ասույթներով , և յուրաքանչյուր աշակերտ նշեց՝ ինչ է հայրենիքն իր համար:
Նախագծային ուսուցումն ավելի արդյունավետ է «Սովորողի կարողությունների զարգացում և հմտությունների ձևավորում» հիմնախնդրի լուծման գերակայության դեպքում․
- Սովորողների մեծ մասը հակված է իրականացնել միջնաժամկետ նախագծեր;
- Նախագծային ուսուցումն արագացնում է օտար լեզուների յուրացումը;
- Նախագծային ուսուցումը ներդաշնակեցնում է անհատի զարգացման մրցակցային և համագործակցային հարացույցները;
- Երկարաժամկետ նախագծի իրականացումը գիտական մտածողության ձևավորման անկյունաքարն է;
- Նախագծային գործունեության ընթացքում սովորողի գնահատումը գերադասելի է երկբալանոց` կարող է շարունակել մասնակցությունը նախագծին կամ չի կարող, իսկ նախագծի ամփոփման ժամանակ սովորողի ձեռք բերած արդյունքների գնահատումը հարկ է, որ հենվի ինքնագնահատականի և խմբի մյուս անդամների գնահատականի, ինչպես նաև հրապարակային պաշտպանության արձագանքների վրա;
- Նախագծային ուսուցման մեթոդի բացարձականացումը վտանգում է սովորողի անհատականության զարգացման համակողմանիությունը և աղքատացնում է մանկավարժական գործիքների արհեստանոցը;
- Անհրաժեշտ է միշտ ուշադրության կենտրոնում պահել նախագծային ուսուցման միջառարկայական բնույթը;
- Իրականացված նախագծի արդյունքների հրապարակային պաշտպանությունը բարձրացնում է սովորողի ինքնագնահատականը և նպաստում նրա սոցիալականացմանը:
Ինչպես ասել է Անանուն Իմաստունը. “Ապագադ լոկ մտապատրանք է, եթե արահետդ վարձակալել ես”:
Նախագիծն ամփոփող դասը փաստեց, որ թիմերը հրաշալի համագործակցել էին, կարողացել էին հասնել դրված նպատակին, ինքնուրույն հետազոտական աշխատանք էին կատարել, իսկ նախագծային ուսուցման մեթոդով՝ աշակերտի ներգրավմամբ ձեռք բերված գիտելիքներն առավել մնայուն և երկարատև են լինում։
Նախագծի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև՝