Պատմության ուսուցչուհի Նելլի Ղանդիլյանը կիսվում է իր հետազոտական աշխատանքով, որը ներկայացրել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման դասընթացի ավարտին: Նա այս աշխատանքում մանրամասն անդրադարձ է կատարել Հայաստանի պետական գործիչ Արամ Մանուկյանին։ Հետազոտական աշխատանքն ամբողջույթամբ կարող եք կարդալ այս հղումով։ Իսկ բլոգում ներկայացնում ենք աշխատանքից հատվածներ։
Թեմայի նպատակն է մանրամասն ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունը, ինչպես նաև ներկայացնել նրա ստեղծման գործում կարևոր ավանդ ունեցող գործիչներից մեկի՝ Արամ Մանուկյանի գործունեությունը։ Թե՛ Հայաստանի ստեղծման, թե՛ Արամ Մանուկյանի գործունեության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար թեմայում մեծ տեղ է հատկացվել նրա կյանքին և գործունեությանը, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ծավալված ազգային-ազատագրական շարժմանը, ազատագրական շարժման ուժերի կազմից անկախության գաղափարի արծարծմանը, հայ-թուրքական հարաբերություններին, 1915թ.-ի իրադարձություններին, հատկապես Վանի հերոսամարտին և Վանի նահանգապետության ստեղծմանը։
Վերջին հարյուրամյակում երրորդ անգամ պետականության ուղին բռնած մեր ժողովրդի, առանձնապես նրա քաղաքական առաջնորդների համար կենսական է իմանալ ճշմարտությունն այդ պատմական անցքերի, ներքին ծալքերի, դրանցում գործիչների ունեցած իրական դերի մասին։ Անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից, վերցնել ուսանելին՝ հնարավոր սխալներից խուսափելու, երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ու նպատակների իրականացման համար։
ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի առաջին հանրապետության պետական հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ։
Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879թ.-ի մարտի 19-ին Շուշիում՝ աղքատ զինծառայողի ընտանիքում։ Ունեցել է դառը մանկություն։ Սովորել է Շուշիի, ապա Երևանի թեմական դպրոցում: 14 տարեկանում ընդունվել է ՀՅԴ շարքերը և մինչև կյանքի վերջը ծառայել հարազատ կուսակցությանն ու ժողովրդին։ Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` ընդունվել է Շուշիի թեմական դպրոցը։
Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվել է դպրոցից, ապա ընդունվել և ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1907թ.)։
Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ` 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1903թ.-ին Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք նաև կամավորական խմբեր փոխադրելով։ 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ)։ Վանի նահանգապետ եղել է 70 օր։ Դավոյի հայտնի դավաճանության հետևանքով ձերբակալված և 1908թ.-ին երիտթուրքական հեղաշրջման արդյունքում ազատված Արամը միայն կարճ ժամանակ ոգևորվեց երիտթուրքական սահմանադրության հռչակմամբ և այն շատ արագ հասկացավ և ճիշտ ընբռնեց նրա էությունը։
Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումից (1918թ. մայիսի 28) հետո փաստացի ղեկավարել է երկիրը մինչև հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը։ Նոր կառավարության կազմում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Մահացել է 1919թ.-ին բծավոր տիֆից։ Ամուսնացած էր Հայաստանի առաջին խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր-բժշկուհի Կատարինե Գալյան-Մանուկյանի հետ։ Ունեին մեկ դուստր՝ Սեդա։
Հետազոտական աշխատանքն ամբողջույթամբ կարող եք տեսնել` անցնելով այս հղումով։