Տարրական դասարանների դասվար Աստղիկ Հովսեփյանի այս հոդվածը մեծամասամբ կհետաքրքրի ուսուցիչներին, քանի որ այստեղ մանրամասն նկարագրվում է ուսումնական մեթոդ՝ քարտերի կիրառումը մաթեմատիկա առարկայի տարբերակված ուսուցման գործընթացում, և ներկայացվում է մեթոդի կիրառման քայլերն ու դրա արդյունավետության վերլուծությունը։
Մանկավարժական ստեղծագործությունը ուսուցչի այնպիսի պրոֆեսիոնալ գործունեություն է, որի ընթացքում ստեղծվում են մանկավարժական խնդիրների լուծման տեսական և գործնական նոր միջոցներ, հնարներ, ուղիներ: [1; էջ 94-95], [3; էջ 19-43, 124-132]
Ուսումնական գործընթացում այդպիսի ստեղծագործական միտք ենք համարում տարբերակված, ուսումնական քարտերով առաջադրանքների կիրառումը:
Ի՞նչ նպատակով և ինչպե՞ս ենք ուսուցման գործընթացում օգտագործում քարտային առաջադրանքներ.
Ուսուցման գործընթացում ուսումնական քարտերի օգտագործումը աշակերտների մոտիվացիան բարձրացնող և արդյունավետ ուսումնական միջոց են: Դրանց կիրառությունը հնարավորություն է ընձեռում էլ ավելի արդյունավետ ընդգրկելու սովորողներին ուսումնական ակտիվության մեջ՝ առաջադրելով նրանցից յուրաքանչյուրի կարողություններին համապատասխան աշխատանք:
Ուսուցման գործընթացում ուսումնական քարտերի առաջադրանքները հնարավոր է վերաբերեն ցանկացած ուսումնական հարցի: Կարևոր է, որ քարտերում տեղ գտած հանձնարարությունները համապատասխանեն տվյալ դասարանի մակարդակին, ուսումնական նպատակին և ակտիվությանը:
Այսինքն ուսումնական քարտ կազմելիս պետք է հաշվի առնել այն, թե՝
-ո՞ր մակարդակի հմտություններ ու կարողություններ ունեցող աշակերտի համար է նախատեսված,
-ինչպիսի՞ն պետք է լինի բարդության աստիճանը,
-քանի՞ առաջադրանք պետք է ներառի ուսումնական քարտը,
-ի՞նչ տեսակի պատասխան է պահանջելու նշված առաջադրանքը:
Ուսումնական քարտերը պետք է կազմել պարզ: Դրանցում տեղ գտած առաջադրանքի պահանջը պետք է հասկանալի լինի աշակերտի համար: Քարտերի տեսքն ու կառուցվածքը ևս պետք է գրավիչ լինեն՝ աշակերտներին ոգևորեն դեպի հիմնախնդիրները լուծելու, խորհելու, հարցեր առաջադրելու:
Սովորողներին ներկայացվող նվազագույն պարտադիր պահանջները տրվում են ըստ հանրակրթական դպրոցի երեք փուլերի՝ տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուրի համար երեքական մակարդակով, որոնք արտացոլում են աշակերտների կողմից գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման տարբեր աստիճանները: [2; էջ 19-43, 124-132] Ուսումնական քարտերը հրաշալի միջոց են ուսուցման տարբերակման /դիֆերենցիայի/ համար: Ուսուցիչը կարող է քարտերի օգտագործումն աշակերտների համար դարձնել ուսումնական առօրյայի մաս: Աշակերտները քարտային առաջադրանքները հաճախ գերադասում են դասագրքում եղած առաջադրանքներից, քանի որ քարտի վրա հիմնականում մեկ առաջադրանք է տրված: Ըստ իրենց ցանկության և կարողության նրանք կարող են լուծել ճիշտ այնքան քարտերի առաջադրանքներ, որքան իրենց անհրաժեշտ է որևէ ունակության մեջ հմտանալու համար: Ուսումնական քարտերի առաջադրանքները կարող են նպատակաուղղված լինել թեմայի յուրացմանը, բացթողումների լրացմանը կամ էլ՝ սովորողի առաջընթացին: Քարտերով առաջադրանք կարելի է տալ որպես տնային աշխատանք այն աշակերտներին, ովքեր ունեն տվյալ ուսումնական նյութը կրկնելու և ամրապնդելու, տվյալ թեմայի շրջանակներում ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու կարիք: Ուսուցիչը կարող է կազմել ուսումնական քարտերի այնպիսի հավաքածու, որը նպատակաուղղված է զարգացնելու աշակերտի ստեղծագործական ունակությունը: Այդ առաջադրանքները պետք է այնպիսի հարցեր ընդգրկեն, որ աշակերտը բազմակողմանի ուսումնասիրություն կատարի: Քարտային աշխատանքը պետք է միատարր հարցեր չպարունակի, որպեսզի ժամանակն իզուր չվատնվի:
Կարևոր հանգամանք է, որ ուսուցիչը չմիջամտի քարտի ընտրությանը՝ չտարբերակի աշակերտներին ուժեղների և թույլերի, այլ պետք է թույլ տալ, որ աշակերտն ըստ իր ցանկության ընտրի և կատարի իր կարողությանը համապատասխան կամ իրեն հետաքրքրող առաջադրանք:
Հոդվածն ամբողջությամբ կարդալու համար՝ անցեք ստորև հղումով՝
Աստղիկ Հովսեփյան – Ուսումնական քարտերի կիրառումը տարբերակված ուսուցման գործընթացում