Անգլերենի ուսուցչուհի Մարինե Եղիազարյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի կողմից անցկացված դասընթացին, որի ընթացքում ձեռք բերած գիտելիքները համադրել է իր առարկայի՝ անգլերենի առանձնահատկությունների հետ և ամփոփել է այս նյութում՝ կիսվելով իր կոլեգաների հետ, թե ինչպես մոտիվացնել աշակերտներին օտար լեզվի ուսուցման գործընթացում


Լեզվի ուսուցման գործընթացում մոտիվացիան կարևորագույն գործոններից մեկն է։ Երեխաները, որոնք լավ են վերաբերվում տվյալ օտար լեզվին, ավելի սիրով են աշխատում և ավելի հեշտ են հաղթահարում դժվարությունները, որոնց հանդիպում են։ Ուսուցչի աշխատանքի ամենաշեշտված կետերից պիտի լինեն՝ քայլ առ քայլ աշակերտի մոտ բարձրացնել ինքնավստահությունը սեփական ուժերի հանդեպ, զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց սովորել և աշխատել օտար լեզվով։

Կա մոտիվացիայի երկու հիմնական տեսակ՝


  • Ներքին, երբ աշակերտը սովորում է հետաքրքրությունից դրդված, երբ դասը հաճույք է պատճառում նրան, երբ ավելի շատ գիտելիք է ցանկանում ստանալ։

  • Արտաքին, երբ ներգործում են արատաքին գործոններ՝ ծնողներին գոհացանել, բարձր գնահատական ստանալ, ընդունվել ուսհասատատություն և այլն։

Ուսուցչի գործն ավելի արդյունավետ կլինի, եթե կարողանա արտաքին մոտիվացիա ունեցող աշակերտների մոտ արթնացնել ներքին մոտիվացիա։ Դա, իհարկե, բարդ գործընթաց է, բայց կարելի է հասնել դրան։ Օտար լեզվի ուսուցման դեպքում բավականին հեշտ է սկսելը, բայց մոտիվացված մնալը երկար ժամանակ, որը պահանջում է ուսուցումը՝ դժվար։

Կան նաև ընդհանրապես մոտիվացիա չունեցող աշակերտներ, որոնց մոտ բացակայում է հետաքրքրությունը տվյալ օտար լեզվի հանդեպ կամ ունեն ինքնավստահության պակաս։ Այս աշակերտների հետ ցանկալի է աշխատել խմբային մեթոդով, ներառել խմբում կամ շարքում, բացահայտել՝ ինչ թեմաներ են նրանց հետաքրքում, թույլ տալ նրանց օգտագործել իրենց կարողությունները, պետք է նրանց քաջալերել և ոչ մի դեպքում չկիրառել պատժի մեթոդը, ընդհանրապես պետք է խուսափել պատժից, արդյունավետ չէ։

Կան նաև ապամոտիվացված աշակերտներ, որոնց մոտ արտաքին որոշ գործոններ (առողջական, ընտանեկան և այլ խնդիրներ) առաջացնում են հետաքրքրության և աշխատունակության անկում, այսպիսի երեխաներին պետք է արագ հանել ստեղծված իրավիճակից, բացատրել անհասկանալի թեմաները, աշխատել նորից խմբային տարբերակով։

Սա՝ սովորողների մասով, սակայն դասավանդողը ինքը ևս պետք է մոտիվացված լինի, որպեսզի ստեղծվի այդ կապը սովորեցնողի և սովորողի միջև, և գործընթացն ունենա արդյունք։ Ինչպե՞ս ստեղծել այդ կապը։


Հինգ հիմնական մոտիվացիոն գործոնները՝

  • Ուսուցչի էնտուզիազմ և հստակ նպատակներ՝ կապված սովորողների հետ

  • Ուսուցչի կողմից քաջալերման զգացում աշակերտի մոտ

  • Աշակերտի մոտ զգացում, որ իսկապես ուսուցիչը հավատում է աշակերտի առաջադիմությանը և հաջողություններին

  • Աջակցող մթնոլորտի ստեղծում դասավանդողի և սովորողների միջև, համբերատարություն սովորողի նկատմամբ

  • Ուսուցչի իրական ներգրավվածություն, դասարանային և խմբային լավ հարաբերություններ։


Նաև կարևոր է ունենալ դասն ավելի հետաքրքիր դարձնելու հստակ մշակված ռազմավարություն․

1. Աշակերտի մոտ մոտիվացիա կարող է առաջանալ հստակ պլանավորված դասից, երբ ուսուցիչը ներկայացնում է այդ դասի կոնկրետ անելիքը, այսինքն աշակերտն ունենում է իր առջև դրված խնդիր, որը պետք է հաղթահարի։ Օրինակ՝

1. Listening – My pet
2. Vocabulary – describing pets, their actions, etc.
3. Speaking/discussion – If I had a…, I’d…
4. Reading – model for writing
5. Writing – short text

Հարցրեք՝ արդյո՞ք աշակերտները հարցեր ունեն և պատասխանեք նրանց բոլոր հարցերին։

2. Մյուս ռազմավարությունն առաջարկում է տարբեր թեմաների, նաև առօրյային վերաբերող թեմաների ներառումը դասապրոցեսի մեջ՝ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով։ Խնդրեք աշակերտներին մտաբերել թեմաներ, որոնց մասին վերջերս կարդացել կամ լսել են լուրերով, ապա բաժանեք նրանց փոքր խմբերի, և թող պատմեն իրենց խմբին այն նորությունը, որի մասին լսել կամ կարդացել են։ Քիչ անց դադարեցրեք փոքր խմբային քննարկումը և հարցերի միջոցով պարզեք ՝ինչ թեմաներով պիտի շարունակվի հետագա զրույցը, եթե տվյալ թեման հետաքրքրել է մյուս փոքր խմբերի աշակերներին, ապա նրանք նույնպես կարող են մասնակցել տվյալ խմբի թեմայի քննարկմանը։

Գրատախտակի վրա կարելի է գրել թեմաները, օրինակ՝

  • Սպորտ, ֆուտբոլ, Օլիմպիական խաղեր և այլն
  • Ֆիլմեր
  • Հայտնի մարդիկ, կինոաստղեր և այլն
  • Ճանապարհորդություն, տեսարժան վայրեր

3. Զարգացնել աշակերտի մոտ կարդալու կարողությունը, քանի որ այն աշակերտները, որոնք ունեն խնդիր կարդալու հետ, ունեն նաև խնդիր սովորելու հետ։ Բացի այդ, ընթերցանությունը օգնում է բառապաշարի հարստացմանը, ավելի հեշտ օտար լեզվով խոսք կազմելուն։ Սկզբնական շրջանում ընդհանրապես մոտիվացիա չունեցող աշակերտները ինքնուրույն կարող են ընտրել ընթերցանության նյութը։

4. Դասը զվարճալի դարձնել՝ խաղերի վրա հիմնվելով։ Խաղերն օգտագործելով որպես ուսուցողական գործիք՝ ոչ միայն օգնում է օտար լեզվի ավելի խոր ուսուցմանը, այլև ոչ ճանաչողական հմտությունների զարգացմանը՝ օգնում է մոտիվացվել աշակերտներին, ավելի հեշտ ինտեգրվել դասապրոցեսին։ Խաղերի վրա հիմնված ուսուցումը օգնում է նաև ձևավորել առողջ խմբային մրցակցություն դասարանում։

Ստորև խաղերի հղումներ են․

 

 

Եվ ինչպես ասում էր Սթիվ Ջոբսը՝ <<Մեծ աշխատանք անելու միակ ճանապարհը սիրելն է այն, ինչ դու անում ես>>։