Տարրական դասարանների դասվար Թամարա Գաբրիելյանը կիսվում է պարտադիր ատեստավորման համար պատրաստած իր հետազոտական աշխատանքով, որում ներկայացնում և ամփոփում է իր փորձառությունը` առաջին դասարանում գրական ունկնդրման մեթոդի վերաբերյալ

 

Գրական ունկնդրման ժամերին ուսուցիչը օգնում է վեցամյա փոքրիկին  ձևավորելու նոր արժեհամակարգ, ինչը  հենվում է սիրո, բարության, ընկերասիրության, միմյանց հանդեպ դրսևորվող հոգատարության վրա: Անձնային որակների զարգացման հետ մեկտեղ արթնանում է կարդալու հանդեպ հետաքրքրությունը: Մշակվում է կարդալու տեխնիկա, ձևավորվում է խոսքի մշակույթ, հարստանում է բառապաշարը: Ձևավորվում և զարգանում են երևակայությունը, տրամաբանական մտածողությունը և կապակցված խոսք կառուցելու կարողությունը: Գրքի և ընթերցանության նկատմամբ սովորողների մշտական հետաքրքրության կայացմանը նպաստում է նաև գրական ունկնդրման ժամերի ճիշտ և նպատակային կազմակերպումը:

Ձեռքին լավ գիրք ունեցող մարդը երբեք չի կարող միայնակ լինել…

Գոլդոն

Այսօր վեց տարեկան երեխան էլ է տիրապետում համակարգչային տարրական գիտելիքների: Աշխարհին նա հաղորդակցվում է նաև համացանցի միջոցով: Նորագույն տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժան մասը, և անհնար է այլևս մեր առօրյան պատկերացնել առանց դրանց: Սա կյանքի առաջընթացն է: Սակայն առկա է նաև տվյալ երևույթի բացասական կողմը. երկրորդ պլան է մղվել գիրքը, նվազել է գրքի նկատմամբ հետաքրքրությունը: Պետք է նկատել, որ վեց տարեկան և դրանից ցածր տարիք ունեցողները գրականությանը հաղորդակցվելու առավել շատ փորձ ունեն (հեքիաթ, ոտանավոր), քանի որ մեծահասակները նախադպրոցական տարիքից երեխաների համար շատ են կարդում հեքիաթներ և  սովորեցնում ոտանավորներ: Երեխայի հետաքրքրությունը չի թուլանում նաև  դպրոց հաճախելու առաջին տարիներին:

Ժամանակն առաջ է շարժվում: Թե’ տանը, թե’  դպրոցում փոխվում է ամեն բան. փոփոխվում են նաև ուսուցման ու դաստիարակության խնդիրները: Ժամանակակից երեխաների մտածողությունը, ցանկություններն ու հետաքրքրությունները չեն համապատասխանում անցյալ ժամանակով ապրող մանկավարժին: Հետևաբար, նրա կողմից գործադրվող ուսուցման մեթոդներն արգասաբեր չեն  լինի: Այսօր մենք խնդիր ունենք, որ ուսուցիչը գիտակցաբար քայլի արդիականության հետ, առաջնորդվի ժամանակի պահանջներով: Երեխաներին պետք է ուսուցանել և դաստիարակել առանց հարկադրանքի և ճնշումի, քանի որ բռնությունն առաջ է բերում հիասթափություն, անտարբերություն և ատելություն: Հարկավոր է դպրոցը դարձնել մանուկների աշխատելու և սովորելու համար առավել հաճելի ու նպաստավոր վայր: Կրթության որակի բարելավումը պահանջում է, որ  ուսուցիչն ունենա մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն և բարոյական բարձր արժանիքներ: Նա պետք է տիրապետի սովորելու և սովորեցնելու ժամանակակից մեթոդներին, զբաղվի ինքնակրթությամբ:

Երեխայի ուսուցումը պետք է կազմակերպել խաղի, հեքիաթի ձևով՝  սովորեցնել այնպես, ինչպես նա ընկալում է աշխարհը՝ գունագեղ, հստակ ու մատչելի:

Գերմանացի մեծ քնարերգու Գյոթեն ասել է. «Մարդը չի կարող յուրացնել այն, ինչ չի հասկանում»:

Ուսուցչի խնդիրն է՝ հենց  նախայբբենական  շրջանից աշակերտի մեջ հետաքրքրություն սերմանել գրքի և ընթերցանության հանդեպ: Վաղ տարիքից մայրիկները երեխաներին քնեցնելիս կամ նրանց հետ խաղալիս պատմում ու կարդում են հեքիաթներ, ցուցադրում այդ գրքերի գունագեղ նկարազարդումները: Առաջին դասարանցին սիրում է ունկնդրել գեղարվեստական ստեղծագործություններ և դրանք նկարազարդել յուրովի:

Գրական ունկնդրման ժամերին հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել լեզվի ճիշտ ու գրագետ գործածությանը: Ունկնդրման միջոցով փոքրիկը կբացահայտի գեղարվեստական խոսքի հմայքն ու կախարդական ուժը:

Հեքիաթները, բանաստեղծությունները, փոքրիկ պատումները հետաքրքիր ու բովանդակալից են դարձնում մայրենիի ժամերը: Երեխաները հաճույքով են ընդգրկվում բեմականացումների նախապատրաստման գործընթացի մեջ, արտասանում են, երգում և նկարում:

Մի քանի տարի առաջ ուսուցիչն ինքն էր փնտրում և ընտրում ունկնդրման համար նյութեր: Այսօր ուսուցիչներին օգնական են բազմապիսի ամսագրեր, ժողովածուներ, էլեկտրոնային շտեմարաններ, գրական ունկնդրման համար նախատեսված գրքեր: Հաղորդակցական կարողությունների զարգացման տեսանկյունից խիստ կարևոր է ունկնդրելու մշակույթի ձևավորումը: Արդյունավետ հաղորդակցությունը  ենթադրում է ոչ միայն ճիշտ, տեղին, հետաքրքիր ու դիպուկ արտահայտվել, այլև  լսել խոսակցին, ունկնդրել, ընկալել, հասկանալ այն, ինչ ասվում է, այսինքն՝  դառնալ ակտիվ ունկնդիրներ: Աշակերտներին անհրաժեշտ է սովորեցնել նաև լսելիս  ուշադիր և ակտիվ լինել, այսինքն՝ իրապես լսել զրուցակցին և պատասխան խոսքը կառուցել նրա ասածի հիմքով:

Նախայբբենական և տառուսուցման ընթացքում ուսուցիչը ցույց է տալիս ընթերցվող գիրքը, կարդում վերնագիրը, հեղինակի անունը: Աշակերտները կրկնում են: Հեքիաթն ընթերցելուց հետո ուսուցիչը գիրքը փոխանցում է աշակերտներին: Նրանք ուսումնասիրում են, թերթում, դիտում կազմը, նկարազարդումները: Դասի  ավարտին ուսուցիչը հանձնարարում է մտապահել ստեղծագործության վերնագիրը, անձնական գրադարանում փնտրել, գտնել և դպրոց բերել նմանատիպ այլ  գրքեր:

Ունկնդրումը ենթադրում է սովորողի կողմից մի շարք հիմնական կարողությունների տիրապետում:

    1. Ընկալել և հասկանալ ունկնդրած տեքստի հիմնական բովանդակությունը:
    2. Վեր հանել անհրաժեշտ տեղեկատվությունը:
    3. Ամբողջապես ըմբռնել ունկնդրվող բնագրի մանրամասները:

Ունկնդրման ունակություններին վերաբերող պահանջները փոխվում են դասարանից դասարան՝ ըստ լեզվական նյութի բարդացման և ընկալման պահանջների:

Ակտիվ ունկնդրման կարողությունների զարգացումը կհանգեցնի մի քանի խնդրի լուծման: Դրանք են.

ա) Ունկնդրումը վերածել խոսքային գործունեության անհրաժեշտ բաղադրամասի և երկկողմանի գործընթացի (ունկնդրման համար կարևոր են դիմախաղը, շարժումները և կեցվածքը):

բ) Ունկնդրման նպատակի բացահայտումը (ունկնդրման ակտիվության ապահովումը, այսինքն՝ ըմբռնումով  ունկնդրումը):

գ) Հասկանալ ունկնդրված տեքստը (որոշել թեման և տեքստի հիմնական գաղափարը):

 դ) Ունկնդրելիս ազատ լինել հարցեր առաջադրելու՝ լավ չհասկացածի կամ չընկալածի շուրջ:

 ե) Ուշադրություն դարձնել խոսքի ընդհանուր բովանդակությանը և ոչ խոսքային միջոցներին (ձայնի հնչերանգը, տեմպը, բարձրությունը, դիմախաղը, շարժումները, կեցվածքը):

զ) Ստուգել բանավոր խոսքն ունկնդրելու, ընկալելու և մտապահելու կարողությունները:

 

Գրական ունկնդրման նպատակը սովորողներին գրական տեքստի ընկալմանը վարժեցնելն է: Դա վերաբերում է գեղարվեստական ընկալմանը, որին մասնակցում են հոգեբանական մի շարք գործընթացներ՝ խոսք, երևակայություն, մտածողություն: Գեղարվեստական ընկալումը ոչ միայն ստեղծագործությունը լսելու  կարողությունն է, այլև ենթատեքստը, գործող անձանց փոխհարաբերությունները հոգու աչքերով և ականջներով լսելու և հասկանալու կարողությունը:

Վեցամյա դպրոցականի համար գրքի հետ նման շփումը դառնում է բարոյականության և բարեկրթության ձևավորման առաջին լուրջ դպրոցը:

Ինքնուրույն ընթերցողական ունակությունների ձևավորումն սկսվում է ուսուցման առաջին օրվանից և իրագործվում է փուլ առ փուլ.

I փուլ (նախապատրաստական). առաջին դասարան, երբ աշակերտը նոր է գրաճանաչ դառնում:

II փուլ (հիմնական). II – IV դասարաններ

Առաջին փուլում անհրաժեշտ է առաջին դասարանցիների մեջ արթնացնել ամեն օր, յուրաքանչյուր ազատ ժամ գիրք, թերթ, կարդալու ցանկություն և ձգտում:

Առաջին դասարանում գրական ունկնդրման դասերը պլանավորելիս պետք է հաշվի առնել՝

    1. սովորողների պատրաստվածության մակարդակը,
    2. միջավայրի առանձնահատկությունները /ծնողների սոցիալական վիճակը, մշակույթի օջախները, դասարանի և դպրոցի գրական ֆոնդը/,
    3. երեխաների հետաքրքրությունների շրջանակը:

Գրական ունկնդրման դասերին աշակերտները լինում են պասիվ և ակտիվ ունկնդրի դերում: Պասիվ ունկնդրման ժամանակ ակտիվ ընթերցանության ձևավորումը հետաձգվում է: Ի՞նչ պետք է անել, որպեսզի չբախվենք նման դժվարությունների:

Գրական ունկնդրման դասերը պլանավորելիս պետք է նկատառել աշխատանքի հետևյալ տեսակները.

  1. Խոսքային վարժություններ. դասն սկսել 2 – 3 րոպե տևողությամμ խոսքային վարժություններով, քանի որ դասամիջոցից հետո աշակերտները դժվարությամբ են անցում կատարում ուսումնական գործունեության: Խոսքային վարժությունները աշակերտներին ներգրավում են ակտիվ մտավոր աշխատանքի մեջ:
  2. Ծանոթություն նոր նյութին. Յուրաքանչյուր գրական ունկնդրման դասի ընթացքում աշակերտները ծանոթանում են նոր ստեղծագործության: Ուսուցիչը նյութը պետք է ներկայացնի հնարավորինս արտահայտիչ:
  3. Գրական ստեղծագործության ընկալման գործընթացը. Վեց տարեկան երեխայի համար առավել հեշտ է յուրացնել և ընկալել այնպիսի դրվագներ, որոնք իրեն ծանոթ են և իր համար ուշագրավ: Մինչդեռ նա դժվարությամբ է ընկալում նոր ներկայացվող ստեղծագործության հերոսի գործողությունները, դրանց դրդապատճառները: Այս դեպքում ուսուցչի խնդիրն է՝ աշակերտներին ճիշտ և հստակ ուղղորդել դեպի անծանոթ իրավիճակներ, որպեսզի նրանք կարողանան ներթափանցել տվյալ հերոսի ներաշխարհը, ընկալել նրա վարքագծի դրդապատճառները:
  4. Ստեղծագործության բովանդակության ընկալմանը միտված աշխատանքներ:

Ստեղծագործության բովանդակության ընկալմանն ուղղված աշխատանքը  պետք է անցկացնել միմիայն երեխաների սկզբնական ընկալումից հետո: Աշակերտներն ուսուցչի օգնությամբ կազմում են ստեղծագործությունը վերարտադրելու պլան–սխեմա՝ պահպանելով գործողությունների զարգացման ընթացքը:

Ստեղծագործության բովանդակության վերարտադրումը դժվար տրվող հմտություններից է, քանի որ այն իր մեջ ներառում է բովանդակային ընկալում, մտքերի  արտահայտում և բնագրին համապատասխան բառերի կիրառում: Վեց տարեկանը  դժվարանում է հաղորդվող նյութը վերարտադրել համառոտ կամ ընտրովի:

Ստորև առանձնացնում ենք մի քանի միջոց, որոնք վեց տարեկան փոքրիկին կօգնեն ճիշտ և մատչելի վերարտադրել տեքստը:

Որպեսզի հեղինակի կողմից օգտագործված բառերը ամրակայվեն աշակերտների հիշողության մեջ և օգտագործվեն իրենց բանավոր խոսքում, կարելի է կատարել հետևյալ աշխատանքները.

  • Անհասկանալի բառերի բացատրություն, բառերի ճիշտ արտասանություն:
  • Ունկնդրած ստեղծագործության այն բառերի արտասանությունը, որոնք մնացել են հիշողության մեջ կամ երեխաներին դուր են եկել:
  • Ստեղծագործության նորածանոթ բառերով բնութագրել կամ նկարագրել հերոսներին (ինչպիսին են նրանք պատկերացնում հերոսների արտաքինը, ինչպես են նրանք խոսում):
  • Երկխոսությունների միջոցով, դերային խաղով, մնջախաղով ներկայացնել ստեղծագործությունը:
  1. Դասի ամփոփումը կատարվում է տարբեր եղանակներով. օրինակ՝ ստեղծել

փոքրիկ գրադարան, կատարել նկարազարդումներ, վերարտադրել ստեղծագործության բովանդակությունը, հաջորդաբար ներկայացնել գործողությունները  և հերոսներին դերային փոքրիկ խաղերի միջոցով:

Գրական ունկնդրումը հետայբբենական շրջանում

Ներկայացված աշխատանքներից մի քանիսը փոխում է իր ձևը հետայբբենական շրջանում, և դրա հետ մեկտեղ ավելանում են նոր պահանջներ: Վեց  տարեկան փոքրիկն արդեն տառաճանաչ է, և առաջանում է մի նոր և առավել  բարդ  խնդիր՝  սովորեցնել ինքնուրույն ընթերցել փոքրիկ տեքստեր:

Այս փուլում, ի տարբերություն գրաճանաչության, աշակերտները յուրաքանչյուր դասի ընթացքում ծանոթանում են ոչ թե մեկ, այլ երկու ոչ ծավալուն գրական ստեղծագործությունների: Դրանցից մեկն ընթերցում է ուսուցիչը, իսկ երկրորդն ինքնուրույն կարդում են երեխաները: Այս դեպքում երկու ստեղծագործությունները պետք է լինեն նույն հեղինակինը կամ նման լինեն բովանդակությամբ ու  ժանրով: Աշակերտի ընթերցանության համար նախատեսված ստեղծագործությունները պետք է լինեն ոչ ծավալուն և հրապուրեն երեխաներին: Մինչ ընթերցանությունն սկսելը հարկավոր է աշակերտներին նախապատրաստել և հետաքրքրություն առաջացնել տվյալ ստեղծագործության հանդեպ:

Ստորև ներկայացնում ենք առաջին դասարանում պարապած գրական ունկնդրման դասի նմուշօրինակ:

Դասի տիպը՝  նոր նյութի հաղորդում

Դասի թեման՝   «Կարմիր  գլխարկը»

Դասի նպատակները

Սովորողը պետք է կարողանա՝

ունկնդրել հաղորդվող բնագիրը, կազմել բառեր, հասկանալ լսածի բովանդակությունը, բնութագրել-նկարագրել հերոսին, վերարտադրել տեքստի բովանդակությունը, արտահայտել կարծիք, վեր հանել ստեղծագործության հիմնական  գաղափարը: Ձևավորել արժեհամակարգ:

Դասի խնդիրները՝

զարգացնել սավորողների բանավոր խոսքը, լսելու, մտածելու կարողությունը, հարստացնել բառապաշարը, ձևավորել հարգանք մեծերի  նկատմամբ, հոգ տանեն մեծերի մասին

Դասի կահավորումը՝  սմարթ  գրատախտակ, պաստառներ, մեծադիր նկարներ, տիկնիկներ, դիմակներ, ծեփակերտած հեքիաթների հերոսներ, զամբյուղ, հրացան, կարկանդակներ, բեմական հագուստ:

Դասի ընթացքը

Դասը  սկսվեց  զրույցով`

  • Ո՞վքեր են  եղել  տիկնիկային  թատրոնում
  • Ի՞նչ ներկայացում են  դիտել
  • Ինչպիսի՞ն էր  թատրոնը, ի՞նչը  հավանեցին
  • Ի՞նչ հեքիաթներ գիտեք

Գուշակել` ի՞նչ  հեքիաթ  է  բեմադրված – պատմել մեծադիր նկարի օգնությամբ:

Դիտել մուլտֆիլմ:

Ընտրեք և  նկարե՛ք այն պահը, որը ձեզ դուր է  գալիս:

  • Ո՞վ էր նվիրել գլխարկը
  • Ո՞ւմ էր նվիրել
  • Որտե՞ղ էր գտնվում տատիկի  տունը
  • Մայրիկը ի՞նչ  էր հանձնարարել:
  • Ի՞նչ էր  խրատում, հորդորում մայրիկը:

Հիմա տեսնենք, թե ինչպիսի  կռահումներ եք կատարել`

  • Գայլին չպիտի  լսեր  աղջիկը:
  • Մայրիկին պետք է  լսեր, որ  ճանապարհին չկանգներ:
  • Ո՞վ հասավ օգնության:

Ֆիզկուլտ-դադար

Այնուհետև դասարանը բաժանվում է հինգ խմբի: Յուրաքանչյուր խմբի հանձնարարվում է նկարել հեքիաթը (10-15 ր.):

«Ով ավելի շատ» խաղը կազմակերպվեց դոմինոյի սկզբունքով: Խմբերը, հերթով վերցնելով վանկային քարտերը, կազմում են բառեր: Հաղթում է այն խումբը, որն ավելի շատ բառ է կազմում:

 

 

 ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Կ. Թորոսյան և ուրիշներ, 50 հարց ու պատասխան, Եր., 2013 թ.:
2. Կրտսեր դպրոցականի գրադարան « Գրական ունկնդրում և խոսք Երևան, «Էդիթ Պրինտ», 2012 թ .
3. Ջուլիետա Գյուլամիրյան «Խոսքի զարգացում», Երևան, «Զանգակ», 2014 թ.: