Տարրական դասարանների դասվար Մարիամ Դարբինյանն իր նախատոնական այս նյութում ներկայացնում է, թե տարբեր երկրներում ինչպես են մարդիկ տոնում Նոր տարին

Տարբեր երկրներում մարդիկ տարբեր, բայց ամենուրեք ուրախ ու տոնական են դիմավորում Նոր տարվա գալուստը,որի հետ կապում են ապագայի նկատմամբ իրենց ունեցած երազանքները,հույսերն ու իղձերը։

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ՝ մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին՝ հանկարծ գտնի այս գիշեր։

Նոր տարին ավետում է աշխարհին բարություն, մաքրություն ու լավատեսություն։ Այն նշում է ողջ աշխարհը, բայց՝ տարբեր կերպ։

  ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ   հավատալիք կա, թե ամբողջ տարին կանցնի այնպես, ինչպես նրա առաջին օրը։ Եվ այդ օրը լուսամուտներն ու դռները զարդարում են լամպերով, իսկ շեմքի առջև ծաղիկներ են նկարում՝ ի նշան հյուրասիրության։ Այդ օրը հարկավոր է լինել քաղաքավարի, արգելվում է բարկանալ և անվայել խոսքեր ասել։

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻ   մոտ հնուց ընդունված է, որ Նոր տարվա կեսգիշերին քաղաքների ու գյուղերի եկեղեցիների զանգերը 108 հարված են տալիս։ Զանգի վերջին հարվածից հետո քնում են, որպեսզի լուսաբացին արթնանան, դուրս գան փոողոց և Նոր տարին դիմավորեն ծագող արևի առաջին ճառագայթնրի հետ։ Տոնի առթիվ բոլոր ընտանիքներում ամեն չափի ու ձևի թղթե օձեր են պատրաստում, վառ գույներով ներկում և օդ են թռցնում։

   ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ  Նոր տարվա գիշերը իրենց բնակարաններից բակ կամ ուղղակի փողոց են շպրտում տնային հնացած իրեր, ճեղքված ամանները, ջարդված կահույքը։ Ընդունված է, որ դա այդ ընտանիքին նոր տարում հաջողություն կբերի։ Փոքրիկներին հեքիաթներ են պատմում կախարդ Բեֆանի մասին, որը վառարանի ծխնելույզով մտնում է տուն և երեխաներին կոշիկներ է նվեր բերում։

   ՀԱՅԵՐՍ, աշխարհի շատ ժողովուրդների նման, Նոր տարվա սկիզբ ենք ընդունում հունվարի 1-ը, Աստվածահայտնության, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը՝ հունվարի 6-ը։ Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդ ամսվա Արեգ օրը, որը համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Օգոստոսյան այդ տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է նոր տարի։

նավ  (նոր)  +  ա   (հոդակապ) +  սարդ   (տարի)

Հայկական Նոր տարին 7 անվանումներ ունի․Ամանոր, Նավասարդ, Տարեմուտ,Կաղանդ, Տարեգլուխ, Նոր տարի,  Լոլե։

Ք․ա․2492 թվականի օգոստոսի 11-ին հայ ժողովրդի անվանադիր Հայկ Աղեղնավորը Վանա լճի արևելյան ափին՝ Հայոց ձոր գավառում, սպանեց բռնակալ Բելին և ազատություն պարգևեց իր հետնորդներին։ Հաղթության այդ օրը՝ օգոստոսի 11-ը կամ հայկական հին տոմարով՝ Նավասարդ ամսվա Արեգ օրը, դարձավ հայերի Տարեմուտի՝ Նոր տարվա սկիզբը։

Բայց Հայկ աղեղնավորից գրեթե մի հազարամյակ առաջ՝ հայոց առաջին ապուպապ Հաբեթի ժամանակ, մեր հներն Ամանորը նշել են գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին։ Հաբեթը Նոյ նահապետի կրտսեր որդին է։ Հաբեթը տարվա սկիզբ է ընդունել գարնան առաջին օրը՝ Արեգ ամսվա Արեգ օրը։ Դրանով Հաբեթը ցանկացել է նմանվել բնությանը․չէ՞ որ բնությունը զարթոնք է ապրում գարնան սկզբին։

18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ։

Պանամայում պատուհաններից ալյուր ու ջուր է թափվում։

Պորտուգալիայում սեղանին դնում են խաղող, ժամը 12-ին պոկում են 12 հատիկ և գալիք ամիսների համար ցանկություններ մտածում։

Կրետե կղզում տուն մտնող առաջին մարդն իր հետ բերում է քար, նստում վրան և բարեմաղթում․»Թող այս քարի մեծությամբ ոսկի մտնի այս տունը»։

Բուլղարիայում ավանդույթի համաձայն՝ Նոր տարին դիմավորում են տանը։ Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ և երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում։ Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է ժամը 00։00-ին հնչող ղողանջներից հետո, երբ տանտիրուհին սկսում է կտրատել ամանորյա անակնկալ–կարկանդակը։ Եթե մեկին կարկանդակի միջից բաժին է հասնում մետաղադրամ, դա նշանակում է, որ այն կբերի հարստություն, իսկ չամուսնացածներին բաժին ընկած վարդի ճյուղը՝ սեր։

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի։

Մեծ Բրիտանիայում  նվերները պատվիրում են “Father Christmas”-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր)։ Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում։ Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը։

Անգլիայի  բնակիչները կեսգիշերին՝ ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները՝ հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը՝ նոր տարին ներս թողնելու համար։Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ՝ նրա ավանակի համար։

Ֆրանսիայում  Ձմեռ Պապը՝  Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը և նվերները թողնում մանկական  ոտնամանների մեջ։

 Հունաստանում  տան մեծը դուրս է գալիս և նռով հարվածում տան դռանը։ Եթե նռան հատիկները ցրիվ են գալիս բակում, ուրեմն, այդ տարին բարեբեր է լինելու։

Ավստրալիայում  ձմեռ պապն ու ձյունանուշը լողազգեստով են գալիս երեխաների մոտ և նվերներ բաժանում։

Արգենտինացիներն  այդ գիշեր ազատվում են իրենց ոչ պիտանի թղթերից ու օրացույցներից։

Գվինեացիները  փղերով մինչև լույս շրջում են փողոցներում։

Բիրմացիները միմյանց տեսնելիս շնորհավորելու փոխարեն ջրում են։

 

Զանգակներ զրնգացնելը մեզ է հասել հեթանոսական ժամանակներից։ Երբ ցուրտ էր լինում համարվում էր, որ արևը մահացել է, իսկ չար ոգիները շատ զորեղ են։ Եվ, որպեսզի այդ ոգիները հեռանային աղմուկ էր պետք։ Դրա համար մարդիկ զանգակներ էին զրնգացնում, բարձր նվագում ու երգում էին։ Բայց հիմա եկեղեցիներում զանգերը ղողանջում են ոչ թե չար ոգիներին վանելու, այլ Քրիստոսի հարությունը ողջունելու համար։ Սկանդինավյան երկրներում զանգակների ղողանջը նշանակում է աշխատանքի ավարտ և տոների սկիզբ։

Սուրբ ծննդյան առաջին տոնածառը զարդարված էր մրգերով ու ծաղիկներով։ Հետագայում դրանց ավելացվեցին նաև քաղցրեղեն, կաղիններ և այլ մթեքներ, իսկ հետո Սուրբ ծննդյան մոմերը։ Այդպիսի ծանրությունը, բնականաբար, շատ ծանր էր ծառի համար և վարպետները սկսեցին արտադրել ապակուց թեթև խաղալիքներ, որպեսզի փոխարինեն մրգերն ու մյուս ծանր զարդարանքները։

 

       ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ