Դուք երբևէ տեսե՞լ եք, որ մեկ միջոցառման շրջանակում բեմ բարձրանա հարյուրից ավել աշակերտ 🙂 Այդպես լինում է, երբ երեք 4-րդ դասարանները որոշում են համագործակցել, միավորվում են և ուսուցիչ-աշակերտ-ծնող կապն ամրապնդելով՝ աշխատում են այնպես արդյունավետորեն, որ թվում է, թե երկար տարիների համագործակցության արդյունք է։ 4բ, 4գ, 4դ դասարանների դասվարներ Ն․ Ստեփանյանը, Հ․ Հովսեփյանն ու Ք․ Քոչարյանը դպրոցում առաջին անգամ նման ֆորմատով միջոցառում նախաձեռնեցին՝ “Աշուն” թեմայով միջդասարանական համագործակցական միջոցառում։
Միջոցառումը ներառում էր 3 մաս` միջառարկայական կապ ստեղծելով տարբեր առարկաների միջև․ – աշնան գովերգում, աշնանը նվիրված երգեր ու պարեր ոչ միայն հայերենով, այլև ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով; – աշնան նշանակալից օրեր, որի համար ընտրվել էին Կոմիտասի ծնուննդն ու Ազնավուրի մահը և ներկայացվեցին երկու մեծ հայերի ստեղծագործությունները; – ձեռնարկատիրություն, որի նախապատրաստական աշխատանքներին կերպարվեստի դասաժամին աշակերտները պատրաստել էին աշնան թեմատիկայով ձեռքի աշխատանքներ և բացիկներ, և միջոցառման ընթացքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ընթացքում հենց իրենք էլ ամենը վաճառեցին 🙂
Իսկ միջոցառման ողջ ընթացքում էկրանին սահիկաշարով ցուցադրվում էր ողջ նախապատրաստական աշխատանքների լուսանկարների քրոնիկան՝ փորձից մինչև բացիկների պատրաստում։ Այս հաճելի իրարանցումից ոգևորված՝ իրենց անակնկալով անմասն չմնացին նաև ծնողները, ովքեր միջոցառման ավարտին իրենց շնորհակալական խոսքն ասացին նման միջոցառում կազմակերպելու մեծ նվիրումի համար և ներս բերեցին աշնանային ավանդական համեղ Ղափաման 🙂
Այսպես գունագեղ տրամադրությամբ էլ հրաժեշտ տվեցին աշնանը՝ աշնան վերջին օրը իրական տոնի վերածելով և իրենց ջերմությամբ մեծ բավականություն պարգևելով բոլոր ներկաներին։ Շնորհավորում ենք կազմակերպիչ բոլոր ուսուցիչներին և մեր դպրոցին նման աննախադեպ և հաջողված առաջին համագործակցային միջոցառման կապակցությամբ։
Միջոցառման բոլոր լուսանկարները կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ ։