Loading...
Մեր դպրոցը2020-08-03T15:04:16+00:00

ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1959թ.-ին։ Գտնվում է Էրեբունի վարչական շրջանում։ Նախկինում այն եղել է Սիմակ Սահակյանի անվան հ․ 73 միջնակարգ դպրոց։ Այն եղել է 10 ամյա ուսուցմամբ։ Դպրոցն ունեցել է եռահարկ մեկ մասնաշենք՝ 250 աշակերտական տեղով։

1969թ-ին ընդլայնվել է դպրոցի տարածքը և կառուցվել են 2-րդ և 3-րդ մասնաշենքերը։ 2-րդ ուսումնական մասնաշենքը եղել է եռահարկ, իսկ 3-րդը՝ միահարկ, որը կապող օղակ էր 1-ին և 2-րդ մասնաշենքերի և միաժամանակ իր մեջ ներառում էր հանդիսությունների դահլիճը, բուֆետը և մարզադահլիճը։

1973-ին դպրոցը դարձել է տիպային և կոչվել է Երևանի հ․1-ին երկարօրյա։ Այն գործել է մինչև 1983 թ․-ը։

1983թ․-ին երկարօրյա դպրոցի տիպային ձևը դարձել է հանրակրթական և վերանվանվել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոց՝ 900 աշակերտական տեղով։

1999թ.-ին դպրոցն անվանակոչվել է հերոս-ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի անունով:

Դպրոցի առաջին մասնաշենքն արդեն իրեն ամբողջապես սպառել էր և վթարային էր։
Համառ ջանքերի շնորհիվ՝ 2006թ.-
ին դպրոցն ընդգրկվեց Լինսի հիմնադրամի դպրոցաշինության ծրագրում: 2007թ.-ին համակողմանի ուսումնասիրություններից հետո սկսվեցին վերանորոգման աշխատանքները: Դպրոցը ժամանակավորապես իր գործունեությունը շարունակեց Էրեբունի համայնքի հ․ 68 դպրոցում։

ՄԵՐ ԴՊՐՈՑՆ ԱՅՍՕՐ

2008թ.-ի սեպտեմբերին դպրոցը պաշտոնապես վերաբացվեց՝ ամբողջությամբ վերանորոգված և նոր գույքով։ 3-րդ մասնաշենքի վրա ավելացավ ևս մեկ հարկ, որը ներառում է վարչական մասը։ Այդպիսով հնարավորություն ստեղծվեց՝ առավել շատ քանակի դասասենյակներ և աշակերտներ ընդգրկելու։ Այժմ դպրոցում սովորում է շուրջ 1600 աշակերտ՝ համաձայն դպրոցին տրված հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիայի։

Վերանորոգումից ի վեր դպրոցում խնամքով պահպանվում է ոչ միայն վերանորոգումից հետո նորացված գույքը, այլև յուրաքանչյուր տարի դպրոցի դրամական տնտեսումներն ուղղվում են նոր գույք և անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա ձեռք բերելուն, ինչպես նաև՝ դպրոցում ընթացիկ վերանորոգումներ իրականացնելուն։

Դպրոցն ունի շուրջ 100 ուսուցչից բաղկացած կուռ կոլեկտիվ, ովքեր նվիրումով են կատարում իրենց աշխատանքը և կրթում այնպիսի աշակերտների, որոնք դառնում են հասարակությանը պիտանի անհատներ։ Իսկ դպրոցի շրջանավարտներից ոմանք էլ դարձել են նույն դպրոցի ուսուցիչներ՝ շարունակելով իրենց վստահված նվիրական գործը։

ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Դպրոցը հիմնական է՝ 1-9-րդ դասարանների համար։ Հնգօրյա է, երկհերթ:
Ուսուցանվում է 3 օտար լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու՝ խորացված:

Դպրոցն ունի տարիքային առանձնահատկություններին համապատասխան դպրոցական գույքով կահավորված դասարաններ և մեթոդական դասասենյակ, որտեղ անցկացվում են մանկավարժական ընթերցումներ, սեմինարներ, քննարկումներ և այլն։

Ունի երկարօրյա խմբեր՝ 1-2 և 3-4 դասարանների այն աշակերտների համար, որոնց ծնողներն աշխատանքի են լինում, իսկ աշակերտներն այդ ընթացքում երկարօրյա խմբերում դասապատրաստում են անում և խաղում են միմյանց հետ։

Դպրոցն ունի արտադասարանական խմբակներ՝ պարի, երգչախմբի և նետաձգության, որոնք մրցունակ են արհեստավարժ խմբերի հետ և փայլուն արդյունքներ և հաղթանակներ են գրանցում բոլոր մրցույթներում։

Դպրոցում գործում է համակարգչային դասարան, որը համալրված է նոր 30 համակարգիչներով: Իսկ թվով 7 դասասենյակներում կան պրոյեկտորներ և Smart գրատախտակներ, ինչն առավել ինտերակտիվ և ընդգրկուն է դարձնում ուսուցումը։

Դպրոցի ողջ տարածքում 2019թ․-ին տեղադրվել է ինտերնետային ցանց, ինչն առավել հեշտ է դարձնում ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներով ուսուցումը։

Դպրոցն ունի ակտիվ գործող՝ թարմեցված գրքային ֆոնդով գրադարան՝ շուրջ 8500 անուն գեղարվեստական գիրք, որոնց թիվը տարեցտարի ավելանում է դպրոցում գեղեցիկ ավանդույթ դարձած Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շնորհիվ։

Հիմնավերանորոգված են 2 մարզադահլիճները, որոնց գույքը պարբերաբար թարմեցվում է անհրաժեշտ սպորտային պարագաներով։ Իսկ դահլիճներում սիրով հյուրընկալվում են համայնքային գրեթե բոլոր սպորտային հանդիպումներն ու միջոցառումները։

Դպրոցի հանդիսությունների սրահն ունի 300 նստատեղ, 2019թ․-ին համալրվել է նոր բարձրակարգ պրոյեկտորով, լուսային սարքավորումներով և ունի անհրաժեշտ ձայնային տեխնիկա բոլոր միջոցառումները բարձր մակարդակում անցկացնելու համար։

Դպրոցն ունի թանգարան, որի մի մասում՝ հիշատակի և փառքի սրահում, ներկայացվում են դպրոցի շրջանավարտ հերոս-ազատամարտիկները, իսկ մյուս բաժնում՝ հին ու նոր Երևանը: Թանգարանը տարեցտարի համալրվում է դպրոցի հիշողության մաս կազմող նոր նմուշներով։

Դպրոցի մուտքի աջ անկյունում տեղադրված է հերոս-ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին, իսկ նրա կողքին է խոյանում Հայաստանի ու Արցախի սահմանների համար զոհված դպրոցի շրջանավարտների անունները կրող հուշաքարը։

 

 

Դպրոցի խաղահրապարակը 2018թ․-ին նույնպես թարմեցվել է և համալրվել նոր մարզական գույքով, որտեղ արևոտ օրերին մարզվում են ոչ միայն մեր աշակերտները, այլ նաև հարող համայնքի բնակիչները։

Իսկ դպրոցի բակն այս տարիների ընթացքում կանաչապատվել է և վերածվել ծաղիկներով ու մրգատու ծառերով գեղեցիկ պարտեզի, որը խնամքով պահվում է և աչք է շոյում՝ իր տարածքում համախմբելով ոչ միայն աշակերտներին և ծնողներին, այլև՝ համայնքի բնակիչներին՝ զբոսնելու կամ նստարաններին նստոտած զրուցելու։

Նորություններ

Ծանոթացեք դպրոցի անցուդարձին

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրա առարկայի (22 դասաժամ) եւ մաթեմատիկա առարկայի 10 դասաժամ) թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու [Կարդալ ավելին․․․]

Հայտարարություն

          Հայտարարվում  է  մրցույթ  Երևանի Ա. Հովհաննիսյանի  անվան  հմ.  194  հիմնական  դպրոց  ՊՈԱԿ-ի   ֆիզկուլտուրա առարկայի (22 դասաժամ) թափուր  տեղի  համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: [Կարդալ ավելին․․․]

Մեր դպրոցը՝ Ձմեռ Պապ Ներքին Խնձորեսկի դպրոցի համար

Լավագույն ավանդույթները շարունակվում են․․․ 2023թ-ին ևս մենք շարունակեցինք դեռևս 2019թ.-ին աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված նախաձեռնությունը` «Մեր դպրոցը` Ձմեռ Պապ», որի ժամանակ նվերների տուփեր ենք պատրաստում սահմանային գյուղի [Կարդալ ավելին․․․]