2020թ․-ի Արցախյան երկրորդ պատերազմը փոխեց մեր իրականությունն ու ընկալումները։ Ցավոք՝ հազարավոր հայորդիներ զոհվեցին, նրանց թվում էին նաև մեր դպրոցի շրջանավարտները՝

 

Տիգրան Համբարձումյան – 2017թ․-ի շրջանավարտ

Հովհաննես Հովհաննեսյան – 2016թ․-ի շրջանավարտ

Գևորգ Խաչատրյան – 2016թ․-ի շրջանավարտ

Դավիթ Խաչատրյան – 2016թ․-ի շրջանավարտ

Արմեն Արշակյան – 2008թ․-ի շրջանավարտ

Բնականաբար՝ այս իրողությունը չէր կարող իր հետքն ու ազդեցությունը չթողնել նաև դպրոցի, աշակերտների և ուսուցիչների վրա, ովքեր ճանաչել ու կրթել են այդ հերոսներին։ Դպրոցի գլխավոր մուտքից ներս ստեղծվեց հերոսներին նվիրված հիշատակի ու խոնարհման անկյուն՝ “Հավերժ փառք և խոնարհում” անվամբ, որն այնուհետ վերաճեց մասշտաբային մի նախագծի։

2021թ․-ի հունվարին դպրոցի աշակերտական խորհրդի անդամները և աշակերտների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Նարա Կիրակոսյանը միասին առաջարկեցին նախագիծ՝ սեփական ուժերով նկարահանել տղաների մասին պատմող տեսաֆիլմ։ Այս առաջարկին անմիջապես աջակցեց դպրոցի տնօրեն տիկին Նունե Մանուկյանը և մի քանի օր հետո ֆիլմի նկարահանումները սկսվեցին։

Ֆիլմն ամբողջապես նկարահանվեց դպրոցի տեխնիկական միջոցներով և մեծագույն նվիրումով պատրաստվեց մեր դպրոցի աշակերտների ու անձնակազմի կողմից՝ Նարա Կիրակոսյանը և 9դ դասարանի աշակերտ Տաթև Մկրտչյանը համակարգեցին ողջ կազմակերպչական աշխատանքը, 9ե դասարանի աշակերտներ Արամե Թոսունյանը և Արամ Սահակյանն աշխատեցին որպես օպերատորներ, համակարգչային օպերատոր Զարուհի Գևորգյանը ղեկավարեց նկարահանման պրոցեսը, մոնտաժեց և ամբողջականացրեց ֆիլմը։

Արդյունքում՝ մեկ և կես ամիս տևած նկարահանման և մոնտաժային աշխատանքներից հետո փետրվարի 23-ին՝ այս խորհրդանշական օրը, մեր դպրոցի դահլիճում տեղի ունեցավ “Հավերժ փառք և խոնարհում” փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան` նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում դպրոցի նահատակված շրջանավարտներին` Տիգրանին, Գևորգին, Հովհաննեսին, Դավիթին, Արմենին։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև տղաների ընտանիքները և ընկերները, ինչպես նաև՝ Արցախի հերոս Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ մեր դպրոցի հավատարիմ բարեկամ Լաուրա մայրիկը։
Ֆիլմի ավարտին բոլորը ծաղիկներ խոնարհեցին տղաներին նվիրված հուշանկյան մոտ և այցելեցին նաև դպրոցի թանգարան, որտեղ տղաներին նվիրված մնայուն անկյուն է պատրաստվել, և ներկայացված են տղաների դպրոցական գործերը և դպրոցի հետ կապող հուշեր։
90 րոպե տևողությամբ այս ֆիլմում ներկայիս աշակերտները զրուցում են զոհված հինգ տղաների ուսուցիչների, դասընկերների և ընտանիքների հետ` այդպիսով փորձելով իրենց ավագ հերոս ընկերներին ներկայացնել և ճանաչել տալ բոլոր նրանց, ովքեր նրանց չեն ճանաչել։
Այս ֆիլմի մեջ մենք մեծ սեր և ապրում ենք ներդրել` ի դեմս մեր դպրոցի զոհված շրջանավարտների` ֆիլմը նվիրելով այս պատերազմի բոլոր նահատակների անմար հիշատակին։
Ճանաչե՛ք մեր հերոսներին։