2021թ․-ի փետրվարի 1-ին մեր դպրոցում իրականացվեց ևս մեկ մասշտաբային նախաձեռնություն, որին մեր դպրոցում տևական ժամանակ պատրաստվում էինք։
Հանդիսավոր կերպով վերաբացվեց ռազմագիտության դասասենյակը` որպես հուշ-դասասենյակ` նվիրված դպրոցի շրջանավարտ հայրենիքի պաշտպաններին։
Վերաբացված դասասենյակում աշակերտներն այսուհետ կրթվելու են բոլոր ժամանակների մեր հերոս տղերքի զգոն հայացքի ներքո` ազգային գաղափարախոսական մտքերը շարունակ իրենց աչքի առաջ, կրելով Վազգեն Սարգսյանի պատգամը` ” Հայրենիքը սկսվում է ինձանից”։
Հյուրերի շարքում էին շրջանավարտների ծնողներ, մի շարք հասարակական կազմակերպություններ, Էրեբունի վարչական շրջանի ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ։
Դասասենյակի բացումը վստահվեց Արմեն Հովհաննիսյանի մայր տիկին Լաուրային։
Բացմանը հաջորդեց Հայոց Բանակի ստեղծման 30 ամյակի կապակցությամբ միջոցառում` “Կյանք արժեցող խաղաղություն” խորագրով` նվիրված դպրոցի հերոսացած շրջանավարտներին։
Մեր դպրոցի աշակերտների, երգչախմբի և “Էրեբունի” պարի խմբի մասնակցությամբ ոգեկոչող և հուզիչ թատերականացված բեմականացումն ունկնդրելուց հետո գոտեպնդող խոսքով ելույթ ունեցավ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարուխանի Սարգսյանը։
“Առաջին գունդ” հկ նախագահ Վաչագան Չիբուխչյանը և տիկին Լիլիթ Չիբուխչյանը հայրենիքին մատուցած ծառայության համար անմահացած շրջանավարտներին պարգևատրեցին “Մարտական խաչ” մեդալով, ինչպես նաև նվիրեցին հեղինակած “194 դպրոցի անմահ հերոսները” գրքույկը` նվիրված մեր տղաներին։
“Վահագն” ռազմա-հայրենասիրական, բարեգործական հկ նախագահ Կարապետ Կարապետյանի կողմից “Դիցամայր Անահիտ” ոսկյա շքանշանով պարգևատրվեց մեր դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը` որպես ազգային գաղափարներով լեցուն, ազնվազարմ հայ կնոջ կերպար։
“Սատար” հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանի կողմից շնորհակալագրերի արժանացան շրջանավարտների ծնողները։ Շնորհակալագրեր տրվեցին քիմիայի ուսուցչուհի, երկու հերոս շրջանավարտների դասղեկ Թագուհի Մուրադյանին, ինչպես նաև` դպրոցի մասնագիտական աջակցությունների գծով տեղակալ Աննա Մինասյանին և պատմության ուսուցչուհի Վերոնիկա Բադալյանին` այս հայրենանվեր միջոցառման կազմակերպման համար, և մեր դպրոցի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանին` միջոցառմանն իր երաժշտական կատարումով մասնակցելու համար։
Այո, յուրաքանչյուրիցս է սկսվում հայրենիքը` միասնական ու մեկ գաղափարի շուրջ համախմբված, որովհետև յուրաքանչյուր նախաձեռնության հաջողության համար այլ ճանապարհ, քան յուրաքանչյուրի ջանքն ու միասնականությունն է, չկա։
Շնորհակալ ենք այս գաղափարի շուրջ համախմբված և դրա իրականացման համար իրենց ջանքը ներդրած բոլոր մարդկանց` բանվորից մինչև տնօրեն, որոնք զօր ու գիշեր նվիրված աշխատել են այս արդյունքը ստանալու համար!