Գնահատելով աշակերտների՝ ապագա մասնագիտության ընտրության կարևորությունը և կանխատեսելով կրթության ապագա պահանջները՝ 2019թ․-ի փետրվար-մայիս ամիսներին մեր դպրոցն իրականացրեց “Մասնագիտական գաղտնիքներ” նախաձեռնությունը, որն իրենից ենթադրում է զրույց-հանդիպումների շարք, որտեղ աշակերտներն հնարավորություն ունեն անմիջական շփում ունենալ տարբեր բնագավառներում հայտնի, իրենց մասնագիտական ոլորտում նշանակալի ներդրում ունեցած և կարևոր հաջողություններ գրանցած հետաքրքիր անհատների հետ, ովքեր աշակերտներին են ներկայացնում իրենց ոլորտին հատուկ հետաքրքրաշարժ մասնագիտական մանրամասներ և կիսվում են իրենց հաջողության բանաձևով:

Հանդիպումները կազմակերպվեցին դպրոցի դահլիճում և տեղի ունեցան շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ։ Հանդիպումների մուտքն ազատ էր ինչպես մեր դպրոցի բոլոր աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների համար: Իսկ ամենաակտիվ մասնակցությունն ունեցանք մասնավորապես բարձր դասարանների աշակերտների կողմից, քանզի այս զրույց-հանդիպումների նպատակն էր հենց նրանց օգնել՝ կողմնորոշվելու իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Մենք բանախոսներ հրավիրեցինք ամենատարբեր մասնագիտական բնագավառներից, որպեսզի արդյունքում ունենանք բազմազան, անչափ հետաքրքիր և ընդգրկուն հանդիպումներ:

Այսպիսով՝ ստորև կներկայացնենք մեր զրույց-հանդիպումների շարքի բոլոր հյուրերին և այդ հանդիպումների մանրամասները․

Հյուրը՝ ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Թեմա՝ ԹԱՏՐՈՆ ԵՎ ԿԻՆՈ 

“Մասնագիտական գաղտնիքներ” զրույց-հանդիպումների շարքի առաջին հանդիպման հյուրն էր երիտասարդ ու սիրված դերասան և ռեժիսոր Սամվել Թադևոսյանը, ում աշակերտները մեծապես ճանաչում են “Կյանք ու կռիվ” ֆիլմից։

Աշակերտներն անչափ ոգևորված էին, իսկ Սամվելը՝ պատրաստակամ՝ անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում պատասխանելու աշակերտների հարցերին ու ներկայացնելու կյանքի, թատրոնի ու կինոյի մասին ունեցած իր պատկերացումներն ու մոտեցումները: Թվում էր, թե աշակերտների հետաքրքրությունն անչափելի մեծ է, իսկ հարցերի շարանը ևս երկու ժամ էլ կարող էր շարունակվել։ Սամվելն աշակերտների հետ կիսվեց կյանքի ամեն վայրկյանն արժևորելու շատ կարևոր խորհուրդներով, խորհուրդ տվեց անպայման գիրք կարդալ աշխարհն ավելի լայն ու խորը տեսելու համար:

Հյուրը՝ ԷԴՈՒԱՐԴ ՔԱՆՔԱՆՅԱՆ
Թեմա՝ ԴԻԶԱՅՆ և ԲՐԵՆԴԻՆԳ

“Մասնագիտական գաղտնիքներ” զրույց-հանդիպումների մեր հաջորդ հյուրը դիզայներ, “Braind” ընկերության համահիմնադիր և արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանն էր: Էդուրադն աշակերտների հետ կիսվեց իր և՛ մասնագիտական, և կյանքի՛ փորձառությամբ, նշեց հինգ խորհուրդ, որն ինքն իրեն կտար, եթե լիներ ներկա աշակերտների տարիքին, ներկայացրեց դիզայների մասնագիտության կարևոր կետերը, խոսեց բրենդիգի մասին, սիրով պատասխանեց աշակերտների հարցերին:

Հյուրը՝ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Թեմա՝ ԿՈՄԻՏԱՍ և ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

“Մասնագիտական գաղտնիքներ” զրույց-հանդիպումների շարքի այս հանդիպումը նվիրված էր հանճարեղ հային՝ Կոմիտաս Վարդապետին, ում 150 ամյակը տոնում էինք 2019թ․-ին: Այս առիթով մեր դպրոցում հյուրընկալեցինք կոմիտասագետ, կոմպոզիտոր, “Ակունք” ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանին, ով աշակերտներին ներկայացրեց Կոմիտասի կյանքը, նրա կատարած հսկայածավալ աշխատանքի կարևորությունը՝ մասնավորապես հայկական երգի պահպանման և հայի ինքնության կերտման գործում: Պարոն Շահնազարյանը ներկայացրեց նաև երգերի ստեղծման պատմությունը՝ հարսանեկան երգերից մինչև գութաներգեր, ինչպես երգեց, այնպես էլ բացատրեց Կոմիտասի կողմից այդ երգերի համար գրված նվագակցության իմաստը:

Մեր հյուրն էր նաև “Ակունք” ազգագրական համույթի առաջատար մենակատար Աննա Թովմասյանը, ով իր հիասքանչ կատարումներով ունկնդիրների ներկայացրեց հացի արարման երգերի շարան և օրորոցային երգեր:Օրվա խորհուրդն ու պարոն Շահնազարյանի պատգամն էր՝ Կոմիտասին պատվելու և մեծարելու համար պետք է պարզապես լսել և երգել Կոմիտասի կողմից պահպանած ու մեզ հասցրած անգին երգերը, որովհետև աշխարհը կիմանա մեր հարուստ մշակույթի մասին միայն այն ժամանակ, երբ ինքներս լավ իմանանք մեր մշակույթը:

Հյուրը՝ ԷՄԻՆ ՍԱՐՏԱԳԱՐ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Թեման՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

“Մասնագիտական գաղտնիքներ” զրույց-հանդիպումների շրջանակում մեր դպրոցում հյուրընկալեցինք լուսանկարիչ Էմին Արիստակեսյանին, ով աշակերտներին ներկայացրեց լուսանկարչության գունագեղ աշխարհի նյուանսները, խոսեց լուսանկարչի մասնագիտության առանձնահատկությունների մասին, սիրով պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին և նրանց հետ կիսվեց իր հաջողության բանաձևով:

Հյուրը՝ ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ
Թեմա՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ և ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր հաջորդ հանդիպումը լրացված և վիրտուալ տիրույթում էր, մի ոլորտ, որին, թերևս, այսօրվա պատանիների սերունդը շատ ավելի լավ է ծանոթ, քան ավագները:
Մեր հյուրն էր “X-Tech” և “Arloopa” ընկերությունների հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը, ով աշակերտներին ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների անվիճելի կարևոր դերն ու նշանակությունը մեր կյանքի տարբեր ոլորտներում, դրա զարգացումը նախորդ դարի վերջից սկսած և զարգացման հեռանկարները, որն էլ հենց լինելու է լրացված և վիրտուալ իրականությունը: Պատկերացրեք՝ հեռախոսը պահում եք, ասենք, ֆիզիկայի կամ քիմիայի դասագրքի էջի վրա և էկրանին են հայտնվում տվյալ դասի փորձերը, տարրի մոլեկուլային կառուցվածքը, իրար հետևից շարվում են մոլորակները, որոնց կարող ես պտտել և ուսումնասիրել 3D հարթության մեջ:
– Ի՞նչ եք կարծում, եթե էսպես լինի, ավել լավ կսովորե՞ք, – հարցնում է բանախոսը:
– Այո,- պատասխանում են բոլոր ներկա աշակերտները:
– Եվ այս ամենը հենց դուք, ինքներդ եք ստեղծելու, քանի որ սա հենց ձեր սերնդի գիտական ժամանակներում է լինելու,- լրացնում է Արմանը:
Մնում է՝ լավ սովորել, անընդհատ զարգանալ, որպեսզի կարողանաք դառնալ դարի պահանջարկն ունեցող IT ոլորտի առաջատար մասնագետներ:Արմանին էր ուղեկցում նաև “Arloopa” հավելվածի IT մասնագետ Խաժակ Հոբոսյանը, ով ներկա աշակերտներին ցուցադրեց հավելվածի որոշ հնարավորություններ, որոնք մեծ ոգևորություն առաջացրին ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների շրջանում:

Հյուրը՝ ԷՄՄԱ ՏԱՆԱՆՅԱՆ
Թեմա՝ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ և ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր հաջորդ հանդիպման բանախոսն էր Էմմա Տանանյանը՝ տնտեսագետ-մաթեմատիկոս, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս և ամբիոնի վարիչ, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ դրական հոգեբանության մասնագետ, ամերիկահայ գրողների միության անդամ, մտամարզիչ, ով իր գործունեության ընթացքում հրատարակել է կյանքը դրականորեն փոխելու մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք մեծ ճանաչում են վայելում: Տիկին Տանանյանը սիրով կիսվեց մեր աշակերտների հետ այս երկու տարբեր ոլորտների մանրամասներով, օրինակներով բացատրեց կյանքը դրական մտածողությամբ փոխելու կարևորությունը, ինչն անչափ հետաքրքիր էր ոչ միայն աշակերտներին, այլ նաև նրանց ծնողներին։

Հյուրը՝ ԶԱՌԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Թեմա՝ ՌՈՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Իսկ “Մասնագիտական գաղտնիքներ” զրույց հանդիպումների շարքն ամփոփեց
“գաղտնի հյուրը” անակնկալ էր բոլորի համար – դա ոչ այլ ոք էր, քան հենց այս հանդիպումների նախաձեռնության հեղինակ և վարող Զառա Գևորգյանը, ով հանդիսանում է նաև ԴՈԳՄԱ / DOGMA հայկական էթնիկ պրոգրեսիվ ռոք խմբի մեներգչուհին: Զառայի խոսքով. “Ամեն հանդիպման ընթացքում ես աշակերտների մոտ հետաքրքրություն էի նկատում նաև իմ անձի նկատմամբ՝ հասկանալով, որ նրանցից շատերը, գուցե, չգիտեն, թե ես ով եմ, այդ իսկ պատճառով հարկ համարեցի իմ սկսած գործը հենց ինքս էլ ամփոփել»։ Զառան խոսեց ոչ միայն ռոք երաժշտության մասին, այլև ներկայացրեց, որ յուրաքանչյուր աշխատանքում կարելի է հաջողության հասնել, եթե հստակ ուրվագծվում է նպատակը և յուրաքանչյուր քայլն արվում է այդ նպատակին մոտենալու համար։

Նախաձեռնությունը գնահատելու արդյունքները փաստեցին, որ ներկա գտնված աշակերտների մոտ հանդիպումներն անդրադարձել են դրականորեն, մոտիվացրել են շատերին, անգամ՝ կյանքին 180 աստիճանով այլ կերպ նայելու պատճառ են դարձել և շատերը ցանկացել են, որ դրանք շարունակական բնույթ ունենան: