Լավ գիտակցելով, որ կենցաղային աղբով գյուղական համայնքների, գետերի, անտառների և այլ կենսամիջավայրերի աղտոտվածության խնդիրը ներկայիս կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է, և խնդրի լուծման հիմնական մոտեցումը հիմնված է աղբի քանակի կրճատման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև երկրորդային օգտագործման խրախուսման մոտեցումների վրա՝ 2019թ․-ի մարտին մեր դպրոցը միացավ “Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ” հասարակական կազմակերպության “Recycle It!” աղբի տեսակավորման ծրագրին, որի արդյունքում դպրոցում տեղադրվեցին միայն պլաստիկ շշերի և թղթերի համար նախատեսված թվով 6 հատուկ տարաներ։

Մարտի 22-ին դպրոցի դահլիճում թվով շուրջ 600 աշակերտների համար բաց դաս անցկացրեցին ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության ներկայացուցիչները: Այս հանդիպումով մենք պաշտոնապես միացանք ծրագրին և սկսեցինք դպրոցի աշակերտների և նրանց ընտանիքների շրջանակներում խրախուսել աղբի տեսակավորումը և այն վերամշակման հանձնելը։

Շնորհիվ մի շարք միջոցառումների՝ շուտով մենք կարողացանք հասնել տեսանելի արդյունքների և տարաներում սկսեցին հավաքվել ոչ միայն դպրոցում սպառված թափոնները, այլև աշակերտների և ծնողների կողմից իրնց տներում կուտակած թափոնները։ Այսպիսով մենք նվազեցրինք ընտանիքներում կուտակված թափոնը հանձնելու անհարմարությունը, ինչի արդյունքում դարձանք կազմակերպությանը հանձնվող թափոնների քանակով առաջատար դպրոց։

Մենք ցանկանում ենք կրթել առավել գիտակից, առավել հոգատար, առավել տեղեկացված և առավել պատասխանատու քաղաքացիներ: Իսկ աղբի տեսակավորման մշակույթը մեր կենցաղում կիրառելն ու ամրագրելը դրան հասնելու կարևոր քայլերից մեկն է, ինչն արդեն կենսակերպի սովորական մաս է դարձել բոլոր առաջադեմ, բարձր կենսամակարդակ ունեցող և զարգացած երկրներում:

Մենք սկսել ենք մեզանից՝ անելով մեր քայլը և մայր բնության հանդեպ մեր սերն ու հոգածությունը ցույց տալով ոչ միայն խոսքով, այլև` գործով!

Ստորև կներկայացնենք նաև այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են այս նախագծի շրջանակներում։

Մարտի 22-ին մեր դպրոցում էին ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր երկու դասընթաց անցկացրին բոլոր դասարանների աշակերտների համար, ներկայացրին կենցաղային աղբով գյուղական համայնքների, գետերի, օվկիանոսների, անտառների և այլ կենսամիջավայրերի աղտոտվածության խնդիրը, որը ներկայիս կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է, և բացատրեցին աղբի տեսակավորման և վերամշակման կարևորագույն դերը խնդրի լուծման համար:

Աշակերտներին զարմացրեց ստացած տեղեկությունը, ասենք` այն, որ պլաստիկ շշերը քայքայվում են 400 տարում, իսկ մինչ այդ դրանք կարող են հայտնվել ջրային և ցամաքային կենդանիների ստամոքսում և դառնալ դրանց վերացման պատճառ, և որ անգամ բնակելի տարածքներից 2000կմ հեռավորության վրա օվկիանոսի մեջ գտնվող անբնակելի կղզին կարող է իրական կենցաղային աղբակույտի վերածվել և սպառնալիք դառնալ մի ողջ կենդանական տեսակի համար:

Մեր աշակերտները գիտակցեցին խնդրի կարևորությունը և խոստացան այսուհետ դառնալ բնության պաշտպաններ և իրենց` անկարևոր թվացող, սակայն բնության համար մեծ քայլով պաշտպանել բնությունը և դպրոցում տեսակավորման տարաների մեջ նետել օրվա ընթացքում օգտագործված պլաստիկ շշերն ու անպետք թղթերը, որոնք կազմակերպությունն ամեն ամիս կտեղափոխի վերամշակման գործարաններ:

Մեր դպրոցը մասնակցեց ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության կողմից հայտարարված “Մաքրենք բնությունը պլաստիկից” մրցույթին և որպեսզի էլ ավելի քաջալերեինք աշակերտների ակտիվ մասնակցությունը, դպրոցի տնօրեն տիկին Ն. Մանուկյանն իր կողմից հայտարարեց ներդպրոցական մրցույթ՝ նպաստելու պլաստիկ շշերի տեսակավորմանն ու վերամշակման մշակույթի ձևավորմանն։ Ամփոփելով ներդպրոցական մրցույթի արդյունքները՝ տիկին Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցություն ցուցաբերած դասարանների դասվարներին և դասղեկներին նրանց ակտիվության և դպրոցում յուրաքանչյուր նախաձեռնությանը նվիրումով մասնակցելու համար:

Մեր դպրոցում իրականացվող “Recyce it!” ծրագրի շրջանակներում ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպությունը դպրոցի գրադարանին նվիրեց թափոնների կառավարման մասին ուսուցիչների համար նախատեսված այս օգտակար ձեռնարկը:

Իսկ մեր դպրոցն իր հերթին “Share a Book” ծրագրի շրջանակներում իր գրադարանից կազմակերպությանը նվիրեց մոտ 30 անուն գիրք, որոնք տրամադրվեցին սահմանամերձ դպրոցներին և գրադարաններին:

“Recycle it!” նախաձեռնության շրջանակում մեր դպրոցը մասնակցեց կազմակերպության նախաձեռնած երկու մրցույթներում և գրավեց առաջին տեղըՏեխնոլոգիայի ուսուցիչները և աշակերտները որոշել էին միասին երկրորդ կյանք տալ պլաստիկ շշերին՝ վերօգտագործելով դրանք և վերածելով ամանօրյա գեղեցիկ տոնածառի, որը զարդարում էր դպրոցի բակը։ Ահա այս՝ պլաստիկ շշերից պատրաստված տոնածառի նկարը հաղթեց “Իմ աշխարհն առանց պլաստիկի” ֆոտո-մրցույթում, իսկ “Մաքրենք բնությունը պլաստիկից” մրցույթի շրջանակներում հանձնած պլաստիկ շշերի քանակով բացարձակ արդյունք գրանցեցինք՝ հանձնելով115 կգ պլաստիկ և թուղթ։

Հաղթանակի նվերները ստանալու համար մեր աշակերտներն ու ուսուցիչներն այցելեցին Կոկա Կոլայի գրասենյակ, որտեղ ամփոփվեցին “Recycle it!” նախաձեռնության շրջանակներում հայտարարված մրցույթները։ Եվ դպրոց վերադարձանք ահա այսպիսի գեղեցիկ նվերներով՝ դպրոցում հանգստի ու խաղային անկյուն ստեղծելու համար!
Իսկ հանգստի մեր գունագեղ անկյունը շուտով պատրաստ էր ամենափոքրիկների համար!

Տիկին Մանուկյանի խոստացած անակնկալը՝ թափոնների ամենաշատ քանակ հանձնած դասարանին նույնպես չուշացավ․
3դ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից փոքրիկների համար կազմակերպված “Kids Fair” միջոցառմանը դեսպանատան կանաչ տարածքում!

Աշակերտներն ու ծնողներն իրենց դասղեկ Ք. Քոչարյանի հետ հիանալի ժամանակ անցկացրին, մասնացեցին բազմաթիվ աշխատարանների՝ ծեփեցին կավով, օճառ պատրաստեցին, նկարեցին, պարեցին զումբա, յոգայով զբաղվեցին, ներկայացում ունկնդրեցին, մի խոսքով՝ անմոռանալի օր անցկացրին!

 

Իսկ թափոններին նոր կյանք տալու գաղափարից ոգեշնչված՝ 9ա դասարանն ու աշխարհագրության ուսուցչուհի Ա․ Նիկողոսյանը միասին մտածեցին Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները սովորելու հետաքրքիր միջոց․ նրանք ձեռքի տակ եղած շշերի խցաններով պատրաստեցին Հայաստանի ահա այսպիսի գեղեցիկ քարտեզ՝ խորագրելով՝ արա՛ ինչ կարող ես և ինչով կարող ես։

Ի լրումն՝ ավելացնենք, որ այս նախագծին միանալով՝ դպրոցը որևէ ֆինանսական շահ չի հետապնդում․ թափոններն ամբողջությամբ հանձնվում են կազմակերպությանը, որն էլ իր հերթին կազմակերպում է տեղափոխումը դեպի վերամշական կայաններ։ Այս նախաձեռնության մեջ բոլորիս շահը մեկն է՝ տեսակավորել թափոնները և օգնել բնությանը! 🙂