Վերջին ժամանակներում ավելի հաճախ ենք հանդիպում դպրոցահասակ երեխաների, որոնց մոտ նկատվում է գրավոր խոսքի խանգարումներ։ Ինչպե՞ս ծնողը հասկանա և ի՞նչ միջոցներով կանխի գրավոր խոսքում հանդիպող հնարավոր դժվարությունները։ Մեր դպրոցի լոգոպեդ Արուսիկ Մարաբյանը նյութ է պատրաստել և սիրով կիսվում է մեզ հետ իր խորհուրդներով և գործնական առաջադրանքներով։

Նյութը PDF ֆայլով բացելու համար սեղմեք այստեղ՝ ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

(ԳԻՐ ԵՎ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ)

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

 

Գրավոր խոսքի դժվարություններ

Ինչպե՞ս ծնողը հասկանա և ժամանակին կանխի գրավոր խոսքի խանգարումները

Վերջին ժամանակներում ծնողներին շատ է մտահոգում այն հարցը, թե ինչպես ճիշտ կազմակերպել նախադպրոցական տարիքի երեխաների լիարժեք զարգացումը, ինչպես նախապատրաստել դպրոցին։

Հանրակրթական կրթության  1-ին դասարանի ծրագիրը իրենից ներկայացնում է բանավոր և գրավոր խոսքի ուսուցում։

Եթե 6տ. երեխան դպրոց ընդունվելիս արդեն ունենում է նորմայում զարգացած բանավոր խոսք, ապա գրավոր խոսքին ծանոթանում է հենց 1-ին դասարանում։ Իսկ գրավոր խոսքը, ի տարբերություն բանավոր խոսքի, առավել բարդ և ընդգրկուն գործընթաց է. ներառում է 2 կարևոր ոլորտ` գիր և ընթերցանություն։

Գիրն ու ընթերցանությունը խոսքային գործունեության  ձևավորման բարդ ու բազմամակարդակ պրոցեսներ են, որի իրականացմանը մասնակցում են   մի շարք վերլուծիչներ՝ խոսքալսողական, խոսքաշարժողական, տեսողական, տեսողատարածական, ընդհանուր շարժողական: Նրանց միջև գրի ու ընթերցանության պրոցեսում ձևավորվում է սերտ կապ ու փոխկապակցվածություն

Գիրն ու ընթերցանությունը համակարգային ֆունկցիաներ են, ուստի այդ համակարգի որևէ օղակի կամ օղակների ոչ լիարժեք աշխատանքը բերում է ամբողջ համակարգի աշխատանքի թերացմանը։

Իսկ երբ կա թերացում, դա վկայում է խանգարման մասին։

Գրի և ընթերցանության սխալները էականորեն տարբերվում են ուղղագրական ֆիզիոլոգիական սխալներից, և դրանց շտկմամբ զբաղվում է լոգոպեդը։

Դիսլեկսիան կարդալու գործընթացին մասնակից բարձրագույն հոգեկան ֆունկցիայի մասնակի յուրահատուկ խանգարում է` պայմանավորված կայուն բնույթի կրկնվող սխալներով։

Առանձնացնում են հետևյալ հիմնական տեսակները.

  1. Հնչութային /ֆոնեմատիկական/

  2. Իմաստային /սեմանտիկական/

  3. Քերականական /ագրամատիկական/

  4. Հիշողական /մնեստիկական/

  5. Տեսողական /օպտիկական/

  6. Շոշափաղական /տակտիլային/

Դիսգրաֆիան   գրելու  գործընթացին  մասնակից  բարձրագույն հոգեկան  ֆունկցիայի  մասնակի  յուրահատուկ  խանգարում  է պայմանավորված  կայուն  բնույթի  կրկնվող  սխալներով: Առանձնացնում են հետևյալ հիմնական տեսակները.

  1. Հնչարտաբերման դիսգրաֆիա

  2. Հնչույթների տարբերակման  խանգարումների  հիման  վրա  առաջացած  դիսգրաֆիա /ակուստիկական/

  3. Լեզվական վերլուծության  և  համադրության  խանգարումներով  պայմանավորված  դիսգրաֆիա

  4. Քերականական /ագրամատիկական/ դիսգրաֆիա

  5. Տեսողական /օպտիկական/ դիսգրաֆիա

Դիսկակուլիան գլխուղեղի գագաթային բլթի խանգարում է` պայմանավորված թվաբանական գործողություններ կատարելու դժվարություններով։ Նրանք չեն զգում թվերը, մաթեմատիկական նիշերը, խանգարված է ժամանակի ու տարածության զգացողությունը։

Գրի ու ընթերցանության  խանգարումներով մարդկանց թիվն  ամբողջ աշխարհում կազմում է ողջ բնակչության 10-15%-ը: Նյարդահոգեբանական տեսանկյունից գրի ու ընթերցանության խանգարումներով երեխաները կազմում  են ուսումնական պրոցեսում դժվարություններ ունեցող երեխաների մի զգալի մասը:

?Ինչպե՞ս ծնողը և դասվարը հասկանա երեխայի մոտ իրոք կա գրի և ընթերցանության խանգարում, թե պարզապես ժամանակավոր ֆիզիոլոգիական դժվարություններ են։

Ահա այն ցուցիչները, որոնք կարող են վկայել խնդրի առկայությունը և դասվարը կարող է այս ցուցիչներով թեստավորել և հետազոտել երեխային։

Խոսքային ախտանիշները

  • Տառերի գրության աղավաղում

  • Գրաֆիկորեն մոտ տառերի փոխարինումը միմյանցով

  • Հնչարտաբերմամբ մոտ հնչյունների փոխարինումը միմյանցով

  • Բառի հնչունատառային կառույցի աղավաղում( տառերի բացթողումներ, ավելացումներ, վանկերի ավելացումներ ու բացթողումներ)

  • Նախադասության կառույցի աղավաղում( բառերի մասերի առանձին գրում, բառերի միացում իրար)

  • Ագրամատիզմ

  • Հայելային գիր ու ընթերցանություն

  • Ընթերցում են շատ դանդաղ

  • Չեն հասկանում ընթերցածի իմաստը

  • Թռիչք են կատարում տողից տող

  • Խառնում են հոլովական վերջավորությունները

  • Փորձում են առաջին ընթերցած տառերից գուշակել բառը

  • Վանկերն առաջ ու հետ են կարդում, ավելացնում կամ բաց են թողնում

  • Բառը փոխարինում են այլ բառով

  • Մշտապես փոխարինում են հնչողությամբ մոտ տառերը

Ոչ խոսքային ախտանիշներ

  • Ոչ լիաժեք են պատկերացնում ձևերն ու մեծությունները

  • Դժվարանում են  մարմնի աջ ու ձախ մասերը տարբերակել

  • Դժվարանում են հավասարակշռված (կոորդինացիոն) շարժումներ կատարելիս

  • Բնորոշ է ուշադրության դեֆիցիտը, որը երբեմն ուղեկցվում է հիպերակտիվությամբ

  • Ձեռքի բարձր կամ ցածր տոնուսը, որն ուղեկցվում է արագ հոգնածությամբ

Սովորաբար գրավոր խոսքի յուրացման փուլը ոչ բոլոր երեխաներն են կարողանում սահուն ու հեշտ կերպով հաղթահարել։

Որպեսզի կանխենք այն հնարավոր դժվարությունը, որին հանդիպելու է երեխան գրել, կարդալ սովորելիս, պետք է ակտիվ կերպով աշխատել հետևյալ ֆունկցիաների զարգացման ուղղությամբ։

Այսպիսով`

  1. Հնչութային լսողության զարգացում
  2. Հնչունային վերլուծություն և համադրության զարգացում
  3. Տեսատարածական պատկերացումների զարգացում

Շարունակությունն ընթերցելու և վարժանքների վրա աշխատելու համար բացեք PDF ֆայլը, որը կարող եք տպել և աշխատել երեխայի հետ՝ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ։