Պատմության և ՀԵՊ-ի ուսուցչուհի Վերոնիկա Բադալյանը Հովհաննես Թումանյանի ծննդյան նախօրեին հանդես է գալիս զեկույցով, որում ներկայացնում է մեծն բանաստեղծի հասարակական-քաղաքական գործունեությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք ԱՅՍՏԵՂ։
Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: 80-ական թվականների կեսից Արևմտյան Հայաստանում հանդես են գալիս առաջին հայդուկները, որոնք իրենց գործունեությունը նվիրում են արևմտահայ ժողովրդի ազատագրության գործին: Առաջանում են քաղաքական գաղտնի խմբակներ և ընկերություններ /1887-ին ստեղծվում է Հնչակյան կուսակցությունը, 1889-ին «Երիտասարդ Հայաստան» խմբակը/: Ազատագրական շարժման գաղափարական դրսևորումները, կենտրոնանալով հատկապես հայաշատ Թիֆլիսում, ընդգրկում են տեղի առաջադիմական երիտասարդությունը, որը տոգորված ազգային-հայրենասիրական գաղափարներով, սպասում էր՝ սատարելու արևմտահայ եղբայրակիցների փրկության գործին: Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: Կնոջ` Օլգա Թումանյանի հավաստմամբ՝ ամուսինը կապված էր հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկի` Ալ. Գոլոշյանի հետ: 1888թ. նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով` ետ էր մնացել: Սրանով չի վերջանում նոր հասարակական կյանք մտնող երիտասարդի կապը ազատագրական շարժումների հետ: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ։