Մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Մուրադյան

Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների

Կ. Գաուս

Մաթեմատիկայի դերը մեր կյանքում հսկայական է: Անհնար է պատկերացնել գիտությունն ու տեխնիկական առաջընթացը, մարդկային գործունեության տարբեր ոլորտներ առանց մաթեմատիկայի:

Շատերը մտածում են՝ մաթեմատիկան <<չոր>> գիտություն է, միայն թվերի հետ կատարվող գործողություններ, բարդ բանաձևեր և դժվար խնդիրներ: Իրականում մաթեմատիկան բացի գիտությունից նաև մտածողություն է: Այն զարգացնում է երեխայի տրամաբանությունը, վերլուծական և կշռադատական միտքը, ճշգրիտ դատողություններ անելու կարողությունը, զարգացնում է ուշադրությունը, սովորեցնում չհանձնվել ու լինել նպատակասլաց:

Ուսումնառության ընթացքում աշակերտները բազմաթիվ թեորեմներ, սահմանումներ են սովորում, սակայն հետագայում ոչ բոլորն են անգիր հիշում: Դրանք սովորելու և հասկանալու արդյունքը պետք է լինի այն, որ կյանքում ցանկացած իրավիճակ կարողանան ճշգրիտ վերլուծության ենթարկել: Ինչպես դասականներից մեկն էր ասում. <<Կրթությունը այն է, ինչ մնում է մարդու մոտ, երբ մարդն ամեն ինչ մոռանում է>>:

Ուսումնական նյութը մատչելի դարձնելու համար պետք է ակադեմիական կրթությունը մոտեցնել կյանքին, ընդգծել մաթեմատիկայի հնարավորությունները, սովորելու, յուրացնելու անհրաժեշտությունը: Այո՛, մաթեմատիկան մի փոքր բարդ ընկալելի առարկա է, բայց եթե ուսոցիչը ոգևորի և թևեր տա իր սաներին, սերմանի վստահություն սեփական ուժերի նկատմամբ, ապա աշակերտը կսովորի իր ընդունակությունների առավելագույն չափով, անգամ կգերազանցի ինքն իրեն: Մեջբերեմ ֆրանսիացի գրող և գրաքննադատ Անատոլ Ֆրանսի խոսքը . <<Կրթության ինը տասերորդ մասը կազմում է խրախուսանքը>>:

Հ.Գ. Խրախուսենք մեր երեխաներին ջանասիրաբար սովորել մաթեմատիկա առարկա:

Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Մ.Վ. Լոմոնոսով