Տարրական դասարանների դասվար Հասմիկ Սաֆարյանն ուսումնասիրել և իր այս նյութում ներկայացնում է, թե ինչ է կրտսեր դպրոցականի ինքնուրույն հետազոտությունը և ինչու է այն կարևոր
Սոցիալական կյանքի շարժընթացը պահանջում է նախաձեռնելու, ժամանակի մեջ և իրադրային պայմաններում արագ կողմնորոշվելու, գործունեություն պլանավորելու, անհրաժեշտ տեղեկատվությունն իր համար վերաիմաստավորելու և մշակելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, որոշումներ կայացնելու, գիտելիքների ձեռքբերման ուղուն անդրադարձ կատարելու, կշռադատելու, կատարված աշխատանքը ներկայացնելու, գնահատելու հմտություններ և կարողություններ: Այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն ուսումնառության ընթացքում: Այդ նպատակով հարկավոր է ուսուցումը կազմակերպել այնպես, որ ճանաչողական գործընթացն իրականանա հիմնականում ինքնուրույն կերպով, այսինքն՝ կիրառել անձնակողմնորոշիչ կրթական տեխնոլոգիաներ:
Հոգեբանների վերլուծությունները ցույց են տալիս, որ մտածելու հիմնական գործառույթը անհայտի և նորի բացահայտումն է: Այն ավելի արտահայտված է դրսևորվում, երբ մարդն առաջադրում և լուծում է կենսականորեն անհրաժեշտ զանազան խնդիրներ: Մտածողության գործընթացը ենթադրում է ոչ միայն նորի որոնում, այլև արդեն ձեռք բերած գիտելիքների օգտագործում: Հետևաբար ուսուցման ժամանակ սովորողների ինքնուրույն որոնումների կազմակերպումն ստեղծում է նպաստավոր պայմաններ՝ նոր գիտելիքների յուրացման և մտածողության զարգացման համար: Մտավոր գործունեության զարգացման հիմքում հետազոտական աշխատանքն է: Դրա ակտիվ մասնակիցը պետք է դառնա սովորղը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա օժտված լինի ստեղծագործական, հետազոտական հմտություններով: Այդպիսի հատկությունները ձևավորվում և զարգանում են համապատասխան աշխատանքներ կատարելու ընթացքում:
Հետազոտական գործունեությունը գործողությունների և քայլերի հանրագումար է, որը հնարավորություն է տալիս իրագործելու կոնկրետ նպատակ, լուծելու խնդիր, և արդյունքում այն վերածվում է տեսանելի նյութի: Կիրառվում է որպես ստեղծագործական մտածողություն զարգացնող և ուսուցման դրդապատճառներ առաջացնող միջոց: Հետազոտական գործունեության ընթացքում սովորողներն ընտելանում են՝
- ինքնուրույն հասնել արդյունքի,
- կանխատեսել նպատակին հասնելու ճանապարհին առաջացած խնդիրները և դրանց լուծման ուղիները,
- կկարողանան օգտագործել տեղեկատվական աղբյուրներ,
- գնահատել իրենց և ընկերների աշխատանքի արդյունքները,
- կձևավորեն տեղեկատվություն որոնելուն և ընտրելու հմտություններ, սեփական գործունեության պլանավորման, գործողությունների քայլաշարը մշակելու և վերլուծելու, ցանկացած իրավիճակում կողմնորոշվելու հմտություններ:
Սեփական հետազոտության և փորձերի արդյունքներով նոր գիտելիք յուրացնելը երեխայի համար ավելի հեշտ է, քան ինչ-որ մեկի հայտնագործած գիտելիքները վերցնելը: Հետազոտութոյւնների նկատմամբ հակումը հատուկ է բոլոր երեխաներին, սակայն այն առավել բնորոշ է օժտվածներին: Նոր տպավորությունների անհագ ծարավը, հետաքրքրասիրությունը, փորձ անելու, ճշմարտությունն ինքնուրույն որոնելու մշտական ձգտումը դիտարկվում են որպես մանկան օժտվածության ցուցիչներ: Երեխան իր բնույթով հետազոտող է: Հետազոտական ունակությունները նրա մեջ դրսևորվում են դեռևս վաղ տարիքից: Սակայն երբեմն թերագնահատում ենք մանկական հետազոտությունները և այդ կերպ ինքներս նվազեցնում երեխաների հետազոտական ակտիվությունը: Օրինակ՝ վրդովվում ենք այն բանից, որ հետազոտական աշխատանքի արդյունքը քանդած խաղալիքն է լինում, կամ երեխաների որոնողական ակտիվությունից տուժում են կենցաղային սարքերը, գրքերը և կահույքը: Երեխայի համար բնական վիճակ է, որ թուղթը պատռի և նայի, թե ինչ է ստացվել, պատուհանից հետևի կենդանիների վարքին, տարբեր առարկաներով փորձեր անի, քանդի խաղալիքները՝ դրանց կազմությունը պարզելու համար: Մեզնից շատերը երեսառածություն, չարաճճիություն են համարում և չեն հասկանում, որ ապագա հետազոտողը ծնվում է հենց այդ տարիքում:
Երեխաները երազում են այնպիսի դպրոցի մասին, որտեղ սովորելը հետաքրքիր է և հաճելի: Դրա համար էլ ուսումնական գործընթացը պետք է ենթադրի խնդրահարույց իրավիճակներ, որոնց լուծմանն աշակերտները կհանգեն ինքնուրույն՝ իրենց համար մատչելի հետազոտական աշխատանքի շնորհիվ: Երեխայի ինքնուրույնության աստիճանին համապատասխան առանձնացվում են հետազոտական աշխատանքի իրագործման երեք մակարդակներ:
Առաջին մակարդակում ուսուցիչն է առաջադրում խնդիրը, ինքն էլ ուղենշում դրա լուծման ռազմավարությունը: Այս դեպքում երեխային մնում է ինքնուրույն գտնել լուծումը: Երկրորդ մակարդակում ուսուցիչն է ձևակերպում խնդիրը, սակայն դրա լուծման մեթոդը երեխան որոնում է ինքնուրույն: Երրորդ մակարդակում երեխան ինքնուրույն առաջադրում է խնդիր, որոնում և մշակում դրա հետազոտության մեթոդները:
Հետազոտական գործունեությունը ներառում է հետևյալ հիմնական փուլերը.
- Խնդրի առանձնացում և առաջադրում
- Թեմայի ընտրություն
- Վարկածների առաջքաշում
- Լուծման հնարավոր տարբերակների փնտրում և առաջարկում
- Նյութերի հավաքագրում
- Ստացված տվյալների ընդհանրացում
- Նախագծի նախապատրաստում /հայտարարություն, զեկուցում, մակետ և այլն/
- Նախագծի պաշտպանություն
Ինչպես ընտրել հետազոտության թեմա: Երեխաների հետազոտական աշխատանքի համար նախատեսվող թեմաները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի.
-
երևակայական. գոյություն չունեցող, ֆանտաստիկ առարկաների ու երևույթների մշակմանն ուղղված թեմաներ.
-
էմպիրիկ. սեփական դիտարկումների ու փորձերի անցկացում ենթադրող թեմաներ.
-
տեսական. այս խմբին ուղղված է տարբեր աղբյուրներում պարունակող փաստերի, նյութերի ուսումնասիրությանն ու ընդհանրացմանը նվիրված թեմաներ:
Թեման պիտի լինի այնքան հետաքրքիր, որ խանդավառի երեխային: Հետազոտական գործունեությունն արդյունավետ կարող է լինել միայն կամավորության սկզբունքի պահպանմամբ: Ինչ-որ բան հետազոտելու ցանկություն առաջանում է այն ժամանակ, երբ առարկան գրավիչ է և զարմացնող: Երեխային հետաքրքրող թեմա ընտրելու համար հարկավոր է ճշգրտել նրա հակումները:
Խնդիրը պետք է լինի կատարելի, իսկ դրա լուծումը հետազոտության մասնակիցներին իրական օգուտ բերի: Անհրաժեշտ է, որ թեման ներառի անսպասելիության, անսովորության տարրեր: Իմացությունը զարմանքից է սկսվում, իսկ մարդը զարմանում է անսովոր բաներից: Այս դեպքում ինքնատիպությունն ընկալվում է ոչ միայն որպես ինչ-որ անսովոր բան գտնելու, այլև սովորական իրերին ու երևույթներին ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերելու ունակություն:
Թեման պետք է թելադրի նաև աշխատանքը հնարավորինս արագ կատարելու պահանջ: Բանն այն է, որ կրտսեր դպրոցականի՝ ինչ-որ խնդրի վրա տևականորեն ուշադրությունը կենտրոնացնելու, նույն հարցի շուրջ երկար մտորելու հնարավորությունը սահմանափակ է: Հաճախ է պատահում, որ ոգևորությամբ սկսված և միանգամից ավարտին չհասցված աշխատանքն այդպես էլ անավարտ է մնում: Հետազոտության թեման ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգաանքները.
_Խնդիրը պետք է համապատասխանի երեխաների տարիքային առանձնահատկություններին: Այս դիրքորոշումը սովորաբար ոչ այնքան խնդրի ընտրությանն է վերաբերում, որքան դրա ներկայացման մակարդակին: Նույն խնդիրը տարբեր տարիքի երեխաների կողմից և ուսումնառության տարբեր փուլերում տարբեր կերպ և խորության տարբեր աստիճաններով կարող է լուծվել.
_ Խնդիր ընտրելիս պետք է հաշվի առնել՝ կա՞ն արդյոք դրա լուծման համար անհրաժեշտ միջոցներ ու նյութեր: Գրականության, անհրաժեշտ հետազոտական հիմքի բացակայությունը, անհրաժեշտ տվյալներ հավաքելու անհնարինությունը սովորաբար մակերեսային լուծման են հանգեցնում:
Վարկածների առաջքաշում: Վարկածների, ենթադրությունների և անսովոր գաղափարների առաջադրումը ձևավորում է մտածական կարևոր հմտություններ, որոնք ցանկացած ոլորտում ապահովում են առաջընթաց: Վարկածի առաջքաշումը պահանջում է նախագծի մշակման ընթացքում կիրառվող հետազոտոկոն մեթոդներ և միջոցներ, որոնք օգնում են իրագործել նպատակին: Վարկածները հայտվում են որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակներ, որոնք ստուգվում են հետազոտությունների միջոցով: Վարկածի կառուցումը ստեղծագործական մտածողության գործընթացի հիմքն է: Վարկածները թույլ են տալիս բացահայտել նոր հնարավորություններ, գտնել խնդրի լուծման նոր տարբերակներ և փորձերի միջոցով պարզել դրանց արժանահավատությունը:
Լուծման հնարավոր տարբերակների որոնում և առաջադրում: Հետազոտական աշխատանքը հիմնավոր գործ է, այն չի հանդուրժում շտապողականություն ու իրարանցում: Որոնման ծրագիր մշակելիս պետք է երեխաներին սովորեցնել խորանալ խնդրի մեջ՝ նրանց հետաքրքիր, անսովոր գաղափարներ առաջադրելու, դրանք մշակելու կարողություն ձևավորելու միջոցով: Պետք է օգնել երեխաներին՝ գտնելու նպատակին հասնելու բոլոր ճանապարհները, առանձնացնելու համընդհանուր ընդունելի, հանրաճանաչ և ոչ ստանդարտ եղանակներ, հստակ որակավորել դրանք, այնուհետև գնահատելով յուրաքանչյուր եղանակի արդյունավետությունը՝ ընտրություն կատարել:
Նյութի հավաքում: Սեփական հետազոտությունն անցկացնելու պահանջմունքն առաջացնում է նոր տեղեկատվության աղբյուրների որոնում: Դա հիմք է ստեղծում, որ երեխային նրա սեփական հետազոտական, ճանաչողական պահանջմունքների հիման վրա ոգևորենք տարբեր աղբյուրների հետ աշխատանքով: Թե´ տանը, թե´ դպրոցում կարելի է առանձնացնել անկյուն, որը կարող է ծառայել որպես գրադարան և լաբորատորիա, որոնցում կկուտակվեն հետազոտական աշխատանքին անհրաժեշտ նյութեր: Այնտեղ, բացի գրքերից և մանկական տեղեկատվական գրականությունից, կարող են պահվել նաև կենդանիների, բույսերի կյանքին վերաբերող տեսաժապավեններ, չափման գործիքներ, արժեքավոր իրեր, սարքավորումներ, ավարտուն հետազոտական աշխատանքներ և այլն: Սակայն պետք է նկատի ունենալ, որ գրքով, տեսաֆիլմով, տեղեկատվության աղբյուրներով ձեռքբերվող տեղեկությունները մատուցվում են ինչ-որ մեկի կողմից: Իսկական հետազոտության գլխավոր իմաստը գիտելիքի ինքնուրույն ձեռքբերումն է: Ուստի տեղեկատվության առավել արժեքավոր աղբյուր է բնությունը՝ իր ամենատարբեր դրսևորումներով:
Ստացված տվյալների ընդհանրացում: Հետազոտության թեման ընտրելն ու նյութ հավաքելը հաճելի, իսկ ստացված տվյալների ընդհանրացումը դժվար զբաղմունք է: Անհրաժեշտ է ստացվածը վերլուծել, նյութն ընդհանրացնել, գլխավորն առանձնացնել, երկրորդականը բացառել: Այս խնդիրը պարզեցնում է նախնական որոշումն այն մասին, թե հետազոտության արդյունքներն ինչպես են ներկայացվելու, ինչ տեսքով են իրականացվելու: Հետազոտական աշխատանքի արդյունքը կարող է լինել զեկուցում, հաշվետվություն, գրքույկ, տեսաֆիլմ և այլն:
Նախագծի նախապատրաստում: Տարբեր են նաև հետազոտական աշխատանքի արդյունքների ներկայացման ձևերը՝ բեմականացում, դերային խաղ, բաց դաս, մակետ և այլն: Լավ կլինի արդյունքների ներկայացման հետ մեկտեղ ներկայացնել նաև աշխատանքի ամբողջ ընթացքը, գիտելիքների և հմտությունների ձեռքբերման շարժընթացը:
Նախագծի պաշտպանություն: Պաշտպանությունը հետազոտական աշխատանքի պսակն է և հետազոտողի ուսումնառության կարևորագույն փուլերից մեկը: Պաշտպանության ժամանակ երեխան սովորում է պատմել յուրացրած տեղեկատվությունը, հանդիպում խնդրի վերաբերյալ այլ հայացքների, սովորում ապացուցել իր տեսակետը, պատասխանել առաջադրվող հարցերին:
Արդյունքը: Աշխատանքի բոլոր փուլերում պետք է նկատի ունենալ, որ մեր ակնկալած արրդյունքներից գլխավորը ստեղծագործական կարողությունների զարգացումն է, երեխայի կողմից նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերումը: Այլ կերպ՝ գործ ունենք երկու արդյունքի հետ: Առաջինն այն է, ինչ երեխան ստեղծում է սեփական գլխով ու ձեռքով՝ մակետը, նախագիծը, հաշվետվությունը և այլն: Երկրորդը կարելի է համարել մանկավարժական, այսինքն՝ ինքնուրույն, ստեղծագործական, հետազոտական աշխատանքի դաստիարակչական առումով անգնահատելի փորձ, նոր գիտելիքների ու կարողությունների ձեքբերոմ:
Գնահատման մեթոդի և ձևի ընտրությունն առանձնահատուկ դեր ունի հետազոտական աշխատանքը գնահատելու առումով: Անհրաժեշտ է, որ գնահատման չափանիշները լինեն թափանցիկ, բացատրելի: Աշակերտներն ի սկզբանե պետք է ծանոթ լինեն այդ չափանիշներին, իսկ ավելի լավ կլինի դրանք մշակել աշակերտների անմիջական մասնակցությամբ: Գնահատման տարբեր չափանիշներ են պահանջվում՝ յուրաքանչյուր աշակերտի, աշխատանքային խմբի և արդյունքների ներկայացման համար:
Այսպիսով՝ հետազոտական գործունեությունը նպաստում է անձի ինքնազարգացմանը, համապատասխան կարողություններով և ինքնուրույն աշխատելու փորձով օժտված, մտավոր գործունեության հնարներին տիրապետող և համագործակցելու պատրաստ սովորողների մի նոր տեսակի ձևավորմանը:
Օգտագործված գրականություն