2021թ․-ի հոկտեմբերի 30-ին մեր դպրոցի բակում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի հերոսացած շրջանավարտներին նվիրված “Հավերժ փառք” հուշաքարի և ցայտաղբյուրի բացումը։
Մեկ ամիս առաջ ողջ դպրոցի անձնակազմը միահամուռ արձագանքեց տնօրեն Նունե Մանուկյանի՝ դպրոցի բակում տղաներին նվիրված հուշաքար տեղադրելու առաջարկին, և սեփական միջոցներով ու միասնական ջանքերով ձեռնամուխ եղան գաղափարի իրականացմանը։
Միջոցառմանը ներկա էին զոհված տղաների ծնողները, դասընկերները, զորահավաքային կայանի սպաներ, ազատամարտիկներ, դպրոցի՝ պատերազմին մասնակցած շրջանավարտներ։
Հուշաքարի բացումը վստահվեց հերոսացած տղաների քույր և եղբայրներին։ Իսկ ցայտաղբյուրը բացեցին Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Լաուրա մայրիկը, և դպրոցի տնօրեն տիկին Մանուկյանը։
Հուշաքարի օրհնության կարգը կատարեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Առնակ քահանա Հարությունյանը։
Ներկաներին իր խոսքն ուղղեց “Սատար” հաշմանդամների հկ միության նախագահ Հունան Հունանյանը։ Իսկ “Հաղթանակ ազատամարտիկների բանակի” հրամանատարի տեղակալ Հովհաննես Ուստյանը հերոս տղաների անունով նրանց ծնողներին հանձնեց պատվոգրեր՝ 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչելու և կյանքը հայրենիքին նվիրաբերելու համար։
Արարողակարգից հետո տեղի ունեցավ հուշ-միջոցառում, ելույթ ունեցան դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, դպրոցի երգչախումբը։
Մեր դպրոցի կայքում ստեղծվել է հատուկ էջ տղաների ինքնակենսագրականներով, և հուշաքարի վրա ամրացված հատուկ QR կոդով հնարավոր է անցնել կայքէջ։
Այս հուշաքարի տեղադրումը մեր տուրքն է հերոս շրջանավարտներին՝ անմար պահելու նրանց անունը և զգալու նրանց հավերժ ներկայությունը հարազատ դպրոցում։
Ձեզ բացակա չենք դնում!!!
Ձեզ հավերժ փառք և խոնարհում!!!