Իսկ դուք գիտե՞ք, որ կա լոգոպեդների միջազգային օր՝ նոյեմբերի 14-ը։ Մեր դպրոցի լոգոպեդ Արմինե Քիրազյանը մասնագիտական օրվա առթիվ ներկայացնում է, թե որոնք են լոգոպեդի հիմնախնդիրները, և թե ինչ խանգարումների հետ են աշխատում լոգոպեդները։


Նոյեմբերի 14-ը լոգոպեդների միջազգային օրն է: Այն նշվում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 2004 թվականից։

Լոգոպեդը մասնագետ է, որը բացահայտում է խոսքային խնդիրները, կանխարգելում և շտկում դրանք։ Նա օգնում է և ընձեռնում լիարժեք հաղորդակցվելու հնարավորություն, այն երեխաներին և մեծահասկներին, ովքեր ունենում են խոսքային խանգարումներ և հաղորդակցման դժվարություններ։ Ցավոք, վիճակագրական տվյալներով տարեցտարի աճում է խոսքային խանգարումների թիվը։

Խոսքային խանգարումները կարելի է բաժանել 2 մեծ խմբի` գրավոր և բանավոր:

Առանձնացնում են բանավոր ձևի խոսքային խանգարման հետևյալ տեսակները.

1. Դիսֆոնիա, աֆոնիա – ձայնի բացակայություն կամ խանգարում՝ պայմանավորված ձայնային ապարատի պաթոլոգիկ փոփոխություններով:

2. Բրադիլալիա – խոսքի տեմպի պաթոլոգիկ դանդաղեցումն է:

3. Տախիլալիա – խոսքի տեմպի պաթոլոգիկ արագացված տեմպն է:

4. Կակազություն – խոսքի տեմպի և ռիթմի պաթոլոգիկ խանգարումն է՝ պայմանավորված խոսքային մկանունքի ջղաձգումներով, որը կարող է արտահայտվել շնչառական, ձայնային և արտաբերական մկանունքում:

5. Դիսլալիա — հնչարտաբերման խանգարում է՝ պահպանված կենսաբանական լսողության և իներվացիայի (նյարդավորման) պայմաններում:

6. Դիզարտրիա – խոսքի հոդաբաշխ պրոսոդիկ կողմի խանգարում է՝ պայմանավորված խոսքի ապարատի կենտրոնական բաժնից ծայրամասային բաժին իջնող անբավարար իներվացիայով:

7. Ալալիա –խոսքի բացակայությունն է՝ պայմանավորված գլխուղեղի կեղևի խոսքային գոտիների օրգանական ախտահարումներով, որի ժամանակ տուժում է խոսքի ծագումը և վերարտադրումը` այն է խոսքի էքսպրեսիվ կողմը, կամ խոսքի ընկալումը և ըմբռնումը` այն է խոսքի իմպրեսիվ կողմը: Կարող է լինել նաև զուգակցված խնդիր, երբ միաժամանակ տուժած է և՛ իմպրեսիվ, և՛ էքսպրեսիվ կողմը:

8. Ռինոլալիա (ռինոս-քիթ) – այն հնչարտաբերման և ձայնի տեմբրի խանգարումն է՝ պայմանավորված արտաբերական ապարատում առկա անատոմոֆիզիոլոգիական փոփոխություններով:

9. Աֆազիա– ձևավորված խոսքի կորուստն է՝ պայմանավորված խոսքային ապարատի կենտրոնական բաժնի օրգանական ծանր ախտահարումներով:

Այսպիսով, առանձնացնում են հաղորդակցման բանավոր ձևի 9 խանգարում և 2 գրավոր հաղորդակցման ձևի խանգարում` դիսգրաֆիա և դիսլեքսիա:

Դիսգրաֆիա – գրի գործընթացի մասնակի խանգարում է, պայմանավորված գրի գործընթացի մասնակից բարձրագույն հոգեկան ֆունկցիաների մինիմալ դիսֆունկցիայով, որի ժամանակ սխալները կրում են կայուն և կրկնվող բնույթ:

Դիսլեքսիա – ընթերցանության գործընթացի խանգարում է, պայմանավորված ընթերցանության գործընթացի մասնակից բարձրագույն հոգեկան ֆունկցիաների մինիմալ դիսֆունկցիայով, որի ժամանակ սխալները կրում են կայուն և կրկնվող բնույթ:

Այսպիսով, շնորհավորում եմ բոլոր լոգոպեդներին՝ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում հաջողություններ իրենց մարդասիրական գործում։