ՄԱՐԻԱՄ ՉԵՐՉԻԿՅԱՆ
9դ դասարան
Ես այսօր էլ արթնացա, բայց դու դեռ քնած ես, զինվո՜ր։
Այսօր օրը ավելի ցուրտ էր, քան երբևէ, այսօր ամեն մեկից հույսի մի կտոր պոկվեց և մահախուճապ վազեց անդունդ։
Այսօր մերթընդմերթ շողացող, փայլող աչքեր չէին երևում շուրջբոլորը․ կարծես քո հոգու պակասը կար քաղաքում, զինվո՛ր։
Քամի կար շուրջս, միայն թե հասկանայի՝ դա քամի՞ն էր, թե՞ որձաքարե հոգիդ էր հովտում պտտվում։ Միայն թե իմանայի՝ որ կողմում ես ապաստան գտել, իմանայի՝ որ կողմ նայեմ ու քեզ կարոտեմ, աչքերս ո՞ր կողմ հառեմ կարոտով, սիրտս ո՞ր կողմ նետեմ սպասումով։
Եվ բոլորիս պես դու էլ արթնանալ էիր ուզում, բոլորիս պես ապրել և սիրել էիր ուզում․․․
Դու վերջին անգամ գրկեցիր մորդ և արտասանեցիր այն հնչյունները, որոնք տարիներ առաջ սովորեցնում էր մայրդ՝ երջանկության արցունքն աչքերին։ Նա ժպտում էր ու ասում՝ «Տղես խոսեց…»։
Իսկ այսօր հիշում է բառերիդ մեղմ ելևէջները ու փորձում մտապահել դրանք քեզանից իր սրտում մի հուշ ավել պահելու համար։
Դու փամփուշտը սրտիդ առար ու ընկար, դու ընկար՝ ինչպես բակում տարիներ առաջ… Բայց ցավն առած տուն չվազեցիր, մայրդ թրջոց չդրեց վերքիդ, չհամբուրեց այտդ ու չերգեց քեզ համար…
Այս անգամ դու միայնակ էիր խրամատում…
Ձեռքդ սրտիդ առած ընկար՝ մորդ ձայնի հնչյունները քո ականջում…
Ընկար, բայց մայրդ դեռ երգում է նկարներիդ առաջ ու մտածում, որ պարզապես քնա՜ծ է․․․ Քնա՜ծ է իր տղեն…