«Տերտերի աղջիկը» գիրքը Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի 8ա դասարանի՝ պատմություն առարկայից նախագծային աշխատանքի վերջնարդյունքն է։
Գրքում ներկայացվում է 8ա դասարանի աշակերտուհի Էլեն Մխիթարյանի՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիների պատմությունը։ Նախագծի ղեկավար՝ Վերոնիկա Բադալյան, պատմության ուսուցչուհի։Նախագծի մասին մանրամասն կարող եք կարդալ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ։
ՏԵՐՏԵՐԻ ԱՂՋԻԿԸ
«Մարդիկ, որոնք մոռացել են իրենց անցյալը,
իրավունք չունեն ապագայի»
Պլատոն
Ներածություն
Մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում բազմաթիվ էջեր ներկվել են արյան գույնով։ Աշխարհագրական դիրքի պատճառով հայը բազմիցս կոտորվել ու ենթարկվել է հարստահարումների։
Մենք պինդ ժողովուրդ ենք, մեր երակներում հոսող արյունը վարար գետ է, որն ամեն աղետի ու արհավիրքի ժամանակ հորդացել և ավելի արագ է հոսել, ինքնամաքրվել, սրբագործվել ու նոր ծնունդ տվել։
Այս պատմությունը մի աղջկա մասին է, ով իր կյանքը վտանգեց քրոջը, ընտանիքը, հայ աղջկա պատիվը պահելու համար։
Աննան՝ մեր գրքի հերոսուհին, անասելի քաջություն ուներ, որ նայեց թուրքի աչքերի մեջ, ստացավ շան ձեռքից հարված, բայց այդ ցավը չէր կարող ավելին լինել սեփական արժանապատվությունն ու ընտանիքը կորցնելու ցավից, և նա, առանց վայրկյան երերալու, իր «տգեղ գեղեցկությունն» օգտագործեց փրկելու համար քրոջը ու պատիվը։
Նա ապրեց շուրջ հարյուր տարի՝ իր սերունդներին փոխանցելով իր պատմությունն ու այն վեհ զգացողությունը, որն ամբողջ կյանքում ուղեկցեց նրան։ Նա ապրեց թուրքի անարգանքից՝ երջանիկ․․․
Վերոնիկա Բադայան
Պատմության և ՀԵՊ ուսուցչուհի, նախագծային աշխատանքի ղեկավար
ԻՄ ՏՈՒՆԸ` ՄԵԾ ՔԱՐԱՓԻՆ
Իմ տունը մեծ քարափին էր։ Այն առաջին բնակավայրն էր, ուր 1829-1830-ական թվականներին եկել էին իմ նախնիները։ Իմ ազգը շատ էր դեգերել, բայց երբեք չէինք մոռանում պապիս պատմությունները Արդահանի գավառի Վել գյուղի մասին։ 1828թ․-ի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո այս գյուղից բազմաթիվ ընտանիքներ տողափոխվում են արևելյան Հայաստան ու բնակություն հաստատում իրենց գյուղին ամենամոտ տարածքում՝ Ալեքսանդրապոլի գավառի Տիտոյ խսրաբա կոչվող տեղանքում, որը թարգմանաբար վրացերենից նշանակում է առաջին քարափ։
Տուն-տանիք են հիմնել։ Հային բնորոշ աշխատասիրությամբ՝ ամայի բնակավայրը դարձրեցինք շեն գյուղ, որը տեղացիները կոչեցին Բավրա։ Մեր գյուղը Փարվանա գետի աջ կողմում էր, ծովի մակարդակից բարձր շուրջ 1700 մետր։
Այս տարածքը Ջավախքի բազմադարյա պատմություն ունեցող բնակավայրերից է, որի մասին հիշատակվել է 1595 թվականի թուրքական հարկացուցակում, որտեղ գրված է, որ գյուղն ունեցել է 6 տուն։ Իմ գյուղի բնակիչներին թուրքը չէր խնայել, մահմեդականացրել էր մոտավորապես 1700-ականներին։ Երբ պապերս եկել էին այստեղ, հարազատորեն էին սկսել վերաբերվել տարածքին, նրանք ևս արժանացել էին թուրքի ստորացումներին։ Արդահանի փաշան արգելել էր խոսել հայերեն և երկար ժամանակ թրքախոս էին։ Հիմա, երբ հանգրվան էին գտել քիչ հեռու այդ անօրենությունից, ազատ շունչ քաշելու հնարարավորություն կար։
Ու այսպես մենք ձուլվեցինք տեղացիներին ու ապրեցինք՝ մեր Բավրան դարձնելով դրախտ՝ Փարվանայի հանդարտությամբ ու մեր լեռների վեհությամբ։
ՏԻՐԱՑՈՒ ՀԱՅՐՍ․․․
Եկեղեցին հայկական
Ծննդավայրն է հոգվույս:
Ինչպես քարայր ընդարձակ՝
Ցուրտ ու խավար, մութ ու լույս …
Իմ գյուղի գլխին մի փոքրիկ մատուռ շարեցինք անտաշ քարից։ Հավատավոր ժողովուրդը իր հույսը դրեց բարձրայլի վրա ու ապրեց։ Սուրբ Մարիամ Աստվածածին պիտի կոչվեր սրբատեղին, որ կար դեռևս 16-րդ դարից։ Այս շրջանում ճնշումները շատ էին հայ առաքելական եկեղեցու վրա, ու միայն նրա համար, որ տեղացիները հավատափոխ չլինեին, ընտրեցին այլ ճանապարհ։ Գյուղի տիրացուն նամակ էր գրել Հռոմի պապին ու խնդրել հովանավոր լինել, պաշտպանել արտաքին ճնշումներից։ Հռոմի պապն էլ գթասիրտ ու բարեպաշտ հայերին առաջարկել էր ընդունել կաթոլիկությունն ու ստանալ հովանավորություն։
Տեղի բնակիչները քիչ էին հասկանում տարբերությունը կաթոլիկի ու առաքելականի, ուստի ընդունել էին եվրոպացու դավանանքը՝ խաղաղ ապրելու հույսով։ Մենք էլ ձուլվեցինք իրենց և քանի որ մեր ընտանիքը աստվածավախ էր, որոշեցինք մեր ուսերին վերցնել հոգևոր գործի ղեկավարումը։ Հայյրս՝ Հովհաննես Տեր- Միքայելյանը, հորեղբայրս՝ Պետրոս Տեր-Միքայելյանը, մեծ հեղինակություն էին վայելում գյուղերից մեկում, ուստի դիմեցին գյուղի ավագին, որ իրենց Տիրացու կարգեն։
Ու քանի որ չկար կրոնական թեմ, չկար հոգևորական, երկու եղբայր տեր էին կանգնում գյուղի վանքին, այստեղ հարսանիք ու կնունք անում, Աստվածաշունչ քարոզում, կարդում՝ մոտ պահելով ժողովրդին Աստծուն։
Ամեն բան լավ էր, մինչ մեր ընտանիքին պատուհասած դժբախտությունը։
Մի գարնան օր հորեղբայրս՝ Պետրոսը, սար էր գնացել, հետ իջնելիս՝ հավաքել էր սարի սմբուլ վայրի ծաղիկը․․․ Տարածված ավանդազրույց կա այն մասին, որ այս ծաղիկը դժբախտություն է բերում այն պոկողին։ Ու եթե ժողովուրդն ասում է, ուրեմն այդպես է։ Շատ չանցած Պետրոս հորեղբորս ընտանիքի հետ դժբախտություն եղավ՝ մահացան բոլորը։
Հայրս՝ Հովհաննեսը, ծանր ապրումների մեջ էր, այն կապում էր այդ դժբախտություն բերող ծաղկի հետ։ Նա որոշեց եղբոր հետ կատարվածը հավերժացնելու համար փոխել ազգանունը ու Տեր-Միքայելյաններն այսուհետ գյուղի գրանցամատյանում գրվեցին Սումբուլյաններ, որ ոչ ոք երբևէ չմոռանա իր պատմությունը, որ այդ դժբախտ ծաղիկն այլևս երբեք վտանգ չդառնա, ազգանունը հիշեցնի՝ ձեռք չտալ․․․
Ու այսպես՝ մեր գյուղի տիրացու Հովհաննես Սումբուլյանն ապրեց ավելի, քան մեկ դար, իրեն էլ թաղեցին իր շենացրած վանքի բակում, ուր մինչև հիմա կանգուն է շիրմաքարը։
Բարձր բերդն է հավատքին
Իմ պապերուս, որ հողեն
Զայն քար առ քար հանեցին
Ու թաղվեցան անոր մեջ՝
Հանդարտությամբ, հեզությամբ։
ԹՈՒՐՔԻ ԱՆԱՐԳԱՆՔԻՑ՝ ԵՐՋԱՆԻԿ…
Ես աշխարհի ամենաերջանիկն եմ: Ես ծնվեցի ամենագողտրիկ վայրում՝ Ալեքսանդրապոլի գավառում, ունեցա երջանիկ մանկություն, ապրեցի բնության մեջ, բնությանը մոտ:
Մենք խաղաղ էինք մինչև սև օրերը սկսվեցին:
Պատերազմ էր, հետն էլ լուրեր էին հասնում, որ հայերին կոտորում են, հայրենազրկում: Հեռվում ծուխ էր, ծխի ամպ: Մեր գյուղից Արևմտյան Հայաստանի երկինքն էր՝ սև ամպի մեջ: Օդում մի տեսակ հոտ էր… Մեռելի հոտ… Սարսափելի էր, գիշերը քնում էինք վախով, թե մի օր թուրքը մեր տուն կմտնի:
Հասանք 1918թ., հռչակվեց հանրապետությունը, բայց արհավիրքը սրանից չպակասեց: 1918 թ.-ի հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով Ախալքալաքն ու Փամբակը, Ալեքսանդրապոլի գավառը անցան թուրքերին: Հայ-վրացական հակասությունները խորացնելու նպատակով արևելյան ճակատի թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշան Թիֆլիսում հայտատարում է, որ պարտավորվում է ռազմակալել Փամբակը։ Այս շրջանում ապրում էին շուրջ 105000 հայեր՝ բնակչության 85,81 տոկոսը: Շատ չուշացավ փաշայի հրահանգը սկսվեց այս տարածքի 6-ամսյա օկուպացիան, որն ուղեկցվում էր զանազան հարստահարումներով: Գյուղում այլևս տղամարդ չէր մնացել, բոլորին տարել էին կռիվ, թուրքերն էլ, այս բանը լավ իմանալով, շրջում էին գյուղից գյուղ ու հարձակվում անպաշտպան, անզեն կանանց ու աղջիկների վրա։
Հերթը մեզ էլ հասավ։ Մթնշաղ էր, գյուղամեջում փոշու ամպ ելավ, լսվեց ֆարաշեների լկտի ծիծաղը: Այդ օրը նրանք զվարճանալ էին ուզում ու գյուղ էին մտել՝ մեր գեղեցկադեմ ու առաքինի կանանց տանելու:
Կար ժամանակ, որ ես նեղվում էի, թե ինչու Աստված ինձ այն նույն գեղեցկությունը չի բաշխել, ինչ Արուս քրոջս: Նա սպիտակամաշկ էր, նրբիրան, երկար ծամեր ուներ ու ծովի կապույտ հիշեցնող աչքեր: Թուրքը նրան չէր խնայի, իսկ ես, որ փոքրամարմին էի, սև ու մի քիչ մեծ քթով, դժվար թե դուր գայի հղփացած բորենուն:
Հասկանալով, որ վտանգը շատ մոտ է, մորս ու քրոջս հետ մտանք մեր մառանը։ Մի մեծ քթոց ունեինք, քրոջս ու մորս թաքցրեցինք դրա տակ, ձեռքիս տակ եղած կարպետները լցրեցի վրան ու նստեցի: Ձայները գնալով մոտենում էին, ես խելագարի պես ժպտում էի՝ սպասելով թուրքին: Մեկ էլ կարմրագլուխը երևաց, վայրենուն հատուկ կատաղությամբ՝ բացեց մառանի դուռն ու ինձ տեսավ՝ վախից կապտած: Դե, ես գյոզալ չէի, պատիվ չէի բերում իրեն, ուստի մի երկու լավ ապտակ տվեց, թքեց վրաս ինչքան որ ուժ ուներ ու դուրս եկավ մարագից…
Մինչ հիմա ոսկորներիս մեջ է այն դողը, որ պատեց ինձ, բայց իմ մեջ է նաև այն Աստվածային ուժը, որով ես դիմացա՝ փրկելով քրոջս: Էլ երբեք չէի նեղվում իմ քիչ տգեղ արտաքինից և գիտեի, որ դա դարձավ մեր փրկությունը: Ու եթե ինձ հարցնեն երբևէ՝ ինչ կուզես Աստծուց, ես կուզեմ ծնվել նորից տգեղ ու շնորհակալ կլինեմ իմ տեսակի համար:
Ես ապրեցի շուրջ 100 տարի (1884-1984) ու ապրեցի թուրքի անարգանքից՝ երջանիկ:
Ես հաղթեցի թուրքին՝ ապրելով:
Մեզ էն գլխից են զարկել,
բայց նորեն
Հայերն ապրել են,
ապրում են, կապրեն։
Եղեռնազարկ էլ եղանք,
բայց նորեն
Հայերն ապրել են,
ապրում են, կապրեն։
Հազա˜ր դարեր էլ կանցնեն,
բայց նորեն
Հայերն ապրել են,
ապրում են, կապրեն…
Երկար ու դառն օրերից հետո մենք խաղաղվեցինք։
Ես՝ Աննա Սումբուլյանս, այսուհետ դարձել էի խիզախության ու առաքինության խորհրդանիշ։ Աղջիկներին մեծացնում էին՝ իմ օրինակը բերելով։ Ես ոչ մեկի աչքին այլևս անշուք ու տգեղ չէի։ Ես դարձա ամենացանկալի հարսնացուներից մեկը։ Ընտանիք կազմեցի, զավակներ ունեցա, անգամ ունեցա թոռնուհի, որն իմ անունն է կրում և որը, նա էլ իր հերթին, իր թոռնուհուն է տվել ․․․
Աննա Սումբուլյանն ապրեց մինչև 1984թ․-ը Բավրայում և մահացավ մի դժբախտ պատահարից։ Նա թաղված է Բավրայի եկեղեցու բակում՝ Հովհաննեսի կողքին։
Արուսյակ Սումբուլյանը՝ նրա գեղեցկադեմ քույրը, ապրեց 105 տարի՝ 1886-1991թթ․, և էլի չունենալով ոչ մի առողջական խնդիր՝ մահացավ դժբախտ պատահարից Երևանում։
Այսօր Բավրայում ապրում են Սումբուլյանները՝ պատվով կրելով իրենց տոհմի պատմությունը, իսկ նրանցից սերող Աննա Սումբուլյանը Երևանում է իր գեղեցիկ ընտանիքով և իր թոռնուհիներով՝ Էլեն, Մանե, Անի և Աննա։ Նրանք ապրում են՝ ցույց տալով թուրքին, որ մեր ամենաուժեղ զարկող երակը հայկական է, որ թուրքի երազանքը՝ մեկ հայ տեսնել, այն էլ՝ թանգարանում, այդպես էլ կմնա իր ոճրագործ մտքում։
Եվ քանի ապրում ենք մենք, քանի հիշում և հիշեցնում ենք մեր նախնիների մասին, երբեք չենք կորչի, ու․
Թե աշխարհում արդարություն
Կա վերուստ
Ու թե դաշն են
Աստված, երկինք ու երկիր,
Պիտի փլվի ամեն պատնեշ,
Ամեն սուտ,
Պիտի երթա՛նք, պիտի՛ երթանք մեր էրգիր…
Նախագծի ղեկավար՝
Վերոնիկա Բադալյան / պատմության ուսուցչուհի, դասղեկ
Խմբագրական կազմ՝
Էլեն Իվանյան
Աննա Ղուշյան
Անահիտ Մովսեսյան
Տեխնիկական աջակցություն՝
Գարիկ Պապոյան
Կազմի ձևավորում՝
Էլեն Մխիթարյան
Հատուկ շնորհակալություն 8ա դասարանի ծնողական կազմին գրքի տպագրմանը աջակցելու համար և դպրոցի համակարգչային օպերատոր Զառա Գևորգյանին
© Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց
www.194school.org
ԵՐԵՎԱՆ 2023